Բաժիններ՝

Հայաստանի արտահանողների միության նախագահ. «Կան որոշ հարցեր, որոնք հասկանալի չեն»

Հարցազրույց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի հետ

– Պարոն Մխչյան, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝ արտահանման կամ ներկրման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան:

– Այժմ խնդիրներ չկան, այժմ կան որոշակի հարցեր, որ հասկանալի չեն, թեորետիկ մենք գիտենք՝ ինչպես է, բայց պետք է պահը գա, որ պրակտիկ իմանանք: Այսօր ես կոնկրետ ինչ-որ խնդիր չեմ լսել: Պետք է ուղղակի կատարվեն այդ գործողությունները: Պարզապես այսօր մարդիկ ամեն օր արտահանում-ներմուծում չեն կատարում:

– Այսինքն՝ տարվա սկզբից չի՞ եղել ընդհանրապես:

Կարդացեք նաև

– Չէ, եղել է, ինչպե՞ս չի եղել, եղել է, բայց խնդիրներ չեն եղել: Ով ունեցել է արտահանելու ապրանք, արտահանել է: Չնայած ԵՏՄ տարածքում այս պահին այսպիսի մեծ աշխուժություն չկա՝ ելնելով Ռուսաստանի իրավիճակից, բայց այդպիսի առանձին խնդիրներ չեն գրանցվել:

– Այսինքն, առայժմ առևտուրը հիմնականում երրորդ երկրների հետ է, ոչ ԵՏՄ անդամների:

– Հիմնականում երրորդ երկրների հետ սովորական ձևով գնացել է առևտուրը, ընդամենը դրույքաչափերն են փոխվել: Որոշակի՝ 700-800 անուն ապրանքներ կան, որ Հայաստանի համար բացառության կարգով մաքսային դրույքաչափերը նույնն են մնացել, իսկ մնացածը փոխվել է: Ընդհանուր առմամբ պետք է լինի այդ գործողությունը, որ իմանանք՝ ինչ խնդիր եղավ, ինչ չեղավ:

– Մաքսային դրույքաչափերը հստա՞կ են, այսինքն՝ արտահանող-ներկրողները խնդիր չունե՞ն ապրանքը սառեցնելու, սպասելու` մինչև որոշվի, թե որքան են վճարելու:

– Ոչ, ես տեղյակ չեմ այդպիսի խնդրի մասին, ես դեռ չեմ լսել, որ նման խնդիր լինի: Ես անձամբ ներմուծել եմ երրորդ երկրից, և ներկրվող ապրանքի դրույքաչափն էլ փոխված է եղել, առաջ մաքսատուրքը տվյալ ապրանքի համար 10% էր, հիմա դարձել է 10.3%, բայց ոչ մի արտառոց դեպք չի եղել: Ներկրման ընթացքը սահուն գնացել է:

– Դժգոհություն կա, որ, օրինակ, ծխախոտ ներկրելու դեպքում խնդիր են ունեցել գործարարները, դրույքաչափը հստակ չի եղել, և սպասում են՝ մինչև պարզվի, թե որքան են վճարելու:

– Ես չեմ կարող ասել, թե ծխախոտի հետ կապված ինչ խնդիր կա: Բայց բոլոր դրույքաչափերը հստակ են, նույնիսկ ծրագիր կա, որ համակարգչով կարելի է ներբեռնել ու տեղեկանալ դրույքաչափերի մասին, և՛ ԵՏՄ տարածքում ոնց է իրավիճակը, և՛ երրորդ երկրների հետ ոնց է վիճակը: Շատ կազմակերպված ձևով արդեն բոլորս տեղեկացված ենք դրա մասին:

– Ռուսաստանի կամ ԵՏՄ մյուս երկրների հետ առևտրային հարաբերություններում ի՞նչ վիճակ է: Մեր արտահանողները սառեցրե՞լ են հարաբերությունները, սպասում են այնտեղ իրավիճակի փոփոխմա՞նը:

– Ոչ թե մեր արտահանողներն են սառեցրել, այլ սա մի քանի ամսվա խնդիր է, կապված է ռուբլու արժեզրկման հետ: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանն ունի հատուկ քաղաքականություն՝ չի թողնում, որ գնաճ տեղի ունենա: Սկզբնական շրջանում արգելել էին, որ գների փոփոխություն տեղի ունենա իրենց խանութներում, բայց մի երկու օր առաջ Ռուսաստանից գործարար էր եկել, որ ասում էր, որ արդեն գները փոփոխվում են: Եթե այնտեղ գները գնան փոփոխման, մեր նախկին պայմանագրերը նորից կսկսեն աշխատել:

Ուղղակի վստահություն չկա ռուբլու հանդեպ: Իսկ արդյոք ռուս ներմուծողը պատրա՞ստ է Հայաստանից ներմուծված ապրանքի համար դոլար վճարել: Սա է խնդիրը, քանի որ տեսնում եք՝ իրենց մոտ էլ անկայուն վիճակ է, 2 օր առաջ ռուբլին կրկին 5-6 % արժեզրկվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս