Բաժիններ՝

Ներդրողներն էլ հասկանում են, որ օրենքի և իրականության միջև մեզ մոտ բավականին խզվածք կա

Հայաստանն այս տարի դիրքերը զիջել է տնտեսական ազատության ցուցանիշով: Սա է փաստում ամերիկյան հեղինակավոր «Հերիթեյջ ֆաունդեյշըն» (The Heritage Foundation) կազմակերպության հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2015» հետազոտությունը: Վարկանիշային աղյուսակում ՀՀ-ն 67.1 միավորով զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ այն դեպքում, երբ անցած տարի 41-րդ տեղում էր: Կազմակերպությունը ՀՀ-ի տնտեսական ազատության անկում է գրանցել 10 կետերից հիմնական 6-ում, մասնավորապես՝ սեփականության իրավունքների պաշտպանության, աշխատանքի ազատության և արժութային ազատության ոլորտներում զգալի վատթարացում է եղել: Այս անկումը 2015-ի ինդեքսում ամենամեծերից մեկն է:

Ուշագրավ է, որ հետազոտությունում նշվում է, որ 2014-ին ՀՀ նախագահն ազատվել է մի քանի հայտնի բարեփոխիչներից, և ձևավորվել է կառավարության նոր կաբինետ, որում ներառել է պաշտոնյաների, ովքեր հարստացել են իշխանական կապերի շնորհիվ: Դատական համակարգում առկա կոռուպցիայի պատճառով խոչընդոտվում է օրենքի գերակայությունը: Հետազոտությունում նշվում է նաև կառավարության ծախսերի, հարկային դրույքաչափերի, երկարաժամկետ վարկերի հետ կապված և այլ խնդիրների մասին: «Տնտեսական ազատության ինդեքս 2015»-ի շուրջ է մեր զրույցը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:

– Պարոն Հոկտանյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 11 կետով նահանջ է գրանցել այս տարի:

– Նախ՝ երկրի կատեգորիան չի փոխվել, Հայաստանը մնում է նույն կատեգորիայում՝ համարվում է չափավոր ազատ տնտեսական ազատություն ունեցող երկիր: Այսինքն, որակապես ինչ-որ կտրուկ վատացում չի եղել՝ բայց նահանջ բավականին կա: Տնտեսական ազատության ինդեքսն ունի 10 ենթացուցանիշ, որից 6-ով նահանջ է եղել` սեփականության իրավունքով, ֆիսկալ ազատության, բիզնեսի ազատության, աշխատանքային շուկայի, մոնետար և առևտրի ազատությունը: 3 ցուցանիշներով լավացում է եղել, որից մեկը՝ կոռուպցիայի մասով, թեթև լավացում կա, նաև պետական ծախսերի ու ներդրումների ազատության:

Ընդհանրապես, 2011-ից եթե նայենք, միտումը նահանջն է, հատկապես վերջին երկու տարիներին՝ 2014-15թթ., հստակ նահանջ է եղել:

– Բայց 2 տարի առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հատուկ հայտարարեց, որ առաջընթաց կա, տնտեսական ազատության ցուցանիշները լավացել են:

– Այո, 2 տարի առաջ լավացավ, բայց դա միակ տարին էր, որ դրական տեղաշարժ եղավ, որովհետև և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո վատացում էր արձանագրվում: Այդ տարին չգիտեմ, թե ինչպես եղավ, որ մի թեթև լավացում եղավ, ընդ որում՝ աննշան լավացում: Իսկ այս տարի բավականին կտրուկ նահանջ ապրեց: Պետք է նայել, թե ինչի հետ են դա կապում: Մի բացատրությունն այն է, որ սեփականության իրավունքների ենթացուցիչի անկումը հիմնավորվում է, որ քանի որ 2014-ին ՀՀ նախագահը մի քանի բարեփոխիչ նախարարների հանեց և նոր կառավարությունում բերեց մարդիկ, ովքեր հարստացել էին շնորհիվ իշխանություններում իրենց կապերի, և որպես օրինակ բերվում է ֆինանսների նախարարին:

Դրա համար սեփականության իրավունքների ենթացուցանիշը բավականին նահանջ է ապրել: Ի դեպ, դա ամենավատ ցուցանիշն է կոռուպցիայից հետո: Մյուսները ֆորմալ ցուցանիշներ են, որոնք ավելի շատ բնորոշում են օրենսդրական դաշտը: Այսինքն՝ թղթի վրա բավականին լավ է այդ ամենը գրված, և պետության ծախսերը, ֆիսկալ ազատությունը՝ որպես կանոն, 70-80-ի սահմաններում են գտնվում (սանդղակը 0-100 է, 100-ը լավագույնն է), այն դեպքում, երբ սեփականության ազատությունը՝ 20 է, իսկ կոռուպցիան՝ 36:

Մասնավորապես՝ պետական ծախսերը մոտ 83 է, ֆիսկալ ազատությունը՝ 84, թեև վերջինը մի քիչ վատացել է: Սա, իհարկե, պետք է խորը վերլուծել, և տնտեսագետները պետք է ավելի շատ զբաղվեն դրանով, որովհետև հիմնական նահանջը եղել է ռեգուլյատոր էֆեկտիվության հետ կապված ցուցանիշների մասով, օրինակ՝ բիզնեսի ազատությունն է վատացել, աշխատաշուկայում ազատությունն է վատացել, որոնք տնտեսագետները կհիմնավորեն, թե ինչու: Որպես հակակոռուպցիոն գծով փորձագետ՝ ես խնդիր եմ տեսնում ավելի շատ կառավարությունում ոչ ռեֆորմատորական, քաղաքական ու բիզնես էլիտաների սերտաճած լինելու հետ կապված, որն ավելի է ուժեղացել և ավելի ազդել է սեփականության իրավունքի պաշտպանության անկման տեսանկյունից:

– Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է արտացոլում երկրի իրական պատկերը՝ կոռուպցիայի տեսակետից:

– Իրենց մեթոդաբանությունը, երբ ժամանակին ուսումնասիրում էի, հենց մեր՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կոռուպցիայի համաթիվն են վերցնում, որը վերջին տարիներին վիճակագրական սխալի սահմաններում անփոփոխ է մնացել: Իսկ թիվը 34-ից դարձել էր 36, այսինքն՝ աննշան լավացում կա, բայց վիճակագրական սխալի սահմաններում է գտնվում: Այսինքն՝ որակական որևէ լուրջ առաջընթաց չկա: «Հերիթեյջ ֆաունդեյշընն» օգտագործում է մեր տվյալները: Կոռուպցիայի թիվը, երբ համեմատում ենք մյուս ցուցանիշների հետ, բավականին ցածր է, բայց վերջին տարիներին աննշան դրական փոփոխություններ ընկալման հաշվով գրանցվել են: Թեև շատ այլ հարցեր կան, որ մասնագիտական են, թե ինչ ձևով է չափվել, որքանով է ճիշտ, և այլն: Հիմնականում վերցվում են գործարարների ու փորձագետների ընկալումները: Իհարկե, 36.6-ը գլոբալ առումով բավականին ցածր թիվ է, Դանիան 91 է, որն ամենաառաջատարն է, ամենամաքուրը: Բայց ինչ-որ թույլ միտում նկատվում է: Տեսնենք՝ առաջիկա տարիներին ի՞նչ կլինի, ու հնարավոր կլինի՞ պատկերացում կազմել, թե որ ուղղությամբ է շարժվում:

– Այս վարկանիշի ազդեցությունը տնտեսության զարգացման, ընդհանուր երկրի վարկանիշի վրա ինչպե՞ս եք գնահատում:

– Որոշակի ազդեցություն կա, բայց ավելի շատ Doing business, World economic freedom-ի ցուցանիշներին են ուշադրություն դարձնում: Կոռուպցիայի առումով, եթե ներդրողները փորձում են հասկանալ, թե որքանով կոռուպցիան կարող է վնասել իրենց ներդրումներին, կամ այն օգնությունը, որ ցույց է տրվում տվյալ երկրին, որքանով կարող է թալանվել, վերցվում է ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթիվը: Իհարկե, ներդրողները որոշ չափով ուշադրություն դարձնում են, թե բյուջետային, ֆիսկալ կամ աշխատաշուկայում առկա քաղաքականությունն ինչպիսին է:

Չնայած, եթե այս ցուցանիշները հաշվի առնեին, վիճակն այսքան վատ չէր լինի: Միգուցե նայում են միայն կոռուպցիան ու սեփականության ցուցանիշները, որոնք համաշխարհային միջին ցուցանիշների համեմատ՝ մեզ մոտ շատ ցածր են: Այլապես ՀՀ օրենքները վատ չեն կարգավորվում: Սակայն ներդրողներն էլ հավանաբար հասկանում են, որ օրենքի և իրականության միջև մեզ մոտ բավականին խզվածք կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս