Բաժիններ՝

«Փորձեք ներել նրան՝ առանց սպասելու դատարանի վճռին»

Արձակագիր, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը դեռևս անցյալ տարի անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությանը՝  վթարից մահացած երիտասարդների ծնողներին կոչ էր արել  ներել նրան: 168.am-ի հետ զրույցում արձակագիրը կրկին դիմել է նրանց.

«Այսօր ոչ մի բառ չունեմ ավելացնելու նրան, ինչ ասել եմ մեկ տարի առաջ՝  որդիներ կորցրած  ծնողների  մեծ, անդառնալի ողբերգության դիմաց անհնար է որևէ բառ արտասանել, անհնար է նրանց մխիթարել, առավելևս՝ անհնար է պաշտպանական որևէ խոսք ասել Վարդան Պետրոսյանի հասցեին՝ զգուշանալով, որ այդկերպ կխոցոտվեն առանց այն էլ որդեկորույս  մայրերի  խոցոտված սրտերը: Բայց, հարգելի ծնողներ,  մի պահ, մի պահ, խնդրում եմ, զսպեք Ձեր ցավը և սթափ հայացքով նայեք իրողությանը. Ձեր դիմաց հանցագործ չէ կանգնած. թերևս մեղավոր է նա, բայց մեղսագործ չէ:

Նրա իրավիճակում, ակամա, կարող ենք հայտնվել մենք բոլորս, բայց ոչ բոլորը մեզանից կարող են ինքնադատապարտման այն աստիճանին հասնել, ինչին հասել է Վարդան Պետրոսյանը:

Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել կամ կարդալ նրա խոսքը դատարանում. այս խոսքը բեմից հմուտ արտասանված մենախոսություն չէ, սա  նույնիսկ Ձեզ ուղղված խնդրանք չէ, սա իր պատառոտված ներսի ճիչն է, իր մեծ ցավի ճիչը… Ձեր առջև ակամա զոհ է կանգնած: Ոչ մի դատավճիռ այլևս ավելի խիստ չի կարող լինել, քան իր իսկ կայացրածը: Բավարարվեք այսքանով: Ներումն ամենամեծ շնորհն է, որ տվել է մեզ քրիստոնեական մեր դաստիարակությունը: Նույնիսկ հանցագործներին ենք հաճախ ներում, իսկ Վարդան Պետրոսյանը հանցագործ չէ: Փորձեք ներել նրան՝ առանց սպասելու դատարանի վճռին: Միևնույն է՝ դատարանի ոչ մի վճիռ Ձեզ չի գոհացնելու: Ներումը, համոզված եմ, կգոհացնի»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս