Բաժիններ՝

Չինարիի գյուղապետ. Մեր համայնքը, հաշվեք, ռազմական գումարտակ է. Panorama.am

«Չինարիում երբեք էլ խաղաղություն չի եղել, այստեղ միշտ էլ կրակոցներ եղել են: Մեր համայնքը, հաշվեք, ռազմական գումարտակ է, կրակոցների, հնարավոր հարձակման դեպքում բոլորն էլ գիտեն իրենց անելիքները, այնպես որ մենք պատրաստված ժողովուրդ ենք, առանց խուճապի կարող ենք արձագանքել ցանկացած իրավիճակի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Գյուղապետն ասում է, որ գյուղի երեխաների ու մեծահասակների համար հաճախ են դասընթացներ կազմակերպվում թե Արտակարգ իրավիճակների նախարարության, թե ձևավորված հանձնաժողովների կողմից: Պաշտպանության նախարարության մասնագետներն էլ բնակիչներին ցույց են տվել ապաստարանների պատրաստման ձևերը:

«Թե մանկապարտեզում, թե դպրոցում մենք ունենք ապաստարաններ, մարդիկ պատրաստ են: Այնպես որ մենք մարտականորեն տրամադրված ենք»,-ասել է գյուղապետը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Panorama.am-ի հետ զրույցում շատ զգուշավոր է՝ հնարավոր է, թշնամի հարևանը լսի ու գյուղի գաղտնիքներն իմանա:

«Մենք մեր բնակչության հետ համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում: Յուրաքանչյուրը տեղյակ է: Հեռախոսով չեմ կարող խոսալ, դա մեր գյուղի գաղտնիքն է, անվտանգության հարցերը չեմ կարող հրապարակել, էդ հարցերը բոլորը կարգավորված են, 100 տոկսով չէ, բայց ինչքան հնարավոր է»,-ասաց գյուղապետը:

Սահմանին վերջին օրերի լարվածությունից հետո այստեղ եղել են նաև արտակարգ իրավիճակների մասնագետները, բնակիչների հետ հանդիպել, խորհուրդներ տվել:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց «Բնակչության պաշտպանության մասին» և «Քաղպաշտպանության մասին» օրենքները:

«Քաղպաշտպանական խնդիրները միշտ էլ եղել են մեր ուշադրության կենտրոնում, բոլոր մարզերում, մասնավորապես վերջին կրակոցներից հետո, բոլոր համայնքներում վերանայվեցին և մարդկանց հիշեցրեցին այդ խնդիրների մասին»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը, ավելացնելով, որ կատարված աշխատանքների մասին շատ բան բարձրաձայնել չեն կարող:

«Երբ կրակում են գյուղի վրա, կամ գյուղը ենթարկվում է ռմբակոծության, բնակիչների լավագույն խորհրդատուն ընդհանրապես փորձն է, և ցավոք այդ փորձառնությունը մենք ունենք»,-ասել է Ն. Գրիգորյանը, ավելացնելով, որ գոյություն ունի ազդանշանային երկու համակարգ, օդային տագնապ և ուշադրություն բոլորին, երբ խոսքը կարող է վերաբերյալ թունավորումների, քիմիական նյութերի կիրառման ու մնացած այլ խնդիրներին:

«Ժողովուրդը երբեք էլ չի կարող լիովին պատրաստ լինել աղետին: Նույնիսկ զարգացած երկրներն ունեն հարցեր այդ խնդիրների կարգավորման առումով: Մենք էլ դեռ ունենք անելիքներ քաղպաշտպանության խնդիրների կարգավորման առումով: Եթե ասեմ, ամեն ինչ արել ենք, ավարտել ենք, կոռեկտ չի լինի, բայց շատ բան է արվել, շատ բան է արվում»,-ասել է ծառայության փոխտնօրենը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս