2015-ը` կարևոր տարի ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար. ինչ համաձայնագրի շուրջ և երբ կսկսեն պաշտոնական բանակցությունները. պարզաբանում է Յոհանես Հանը

Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունից շուրջ մեկ տարի անց Հայաստանն ու Եվրոպական միությունը վերսկսեցին հարաբերությունների ապագան հստակեցնելու շուրջ աշխատանքները: Այդ աշխատանքների առաջին փուլը կայացավ 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ երկրորդ փուլը մեկնարկեց օրերս, երբ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է:

Հունվարի 20-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորող ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի մասնակցությամբ: Հայաստանի պատվիրակության կազմում էին ոչ միայն ՀՀ ԱԳ նախարարն, այլև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին հանգամանալից քննակվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, Հայաստանին ԵՄ աջակցության հարցերը։ Ամփոփելով նիստի արդյունքները և ԵՄ ներկայացուցիչների ելույթներն ու դիտարկումները` նիստը տեղում լուսաբանող որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չի բացառել առաջիկայում Երևանի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի ստորագրելու հնարավորությունը:
Այնինչ մեր զրույցը Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհանես Հանի հետ այլ բան է բացահայտում:

168.am-ի հետ զրույցում ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը նշեց, որ 2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, ընդգծված միասնական հանձնառությամբ և ջանքերով, որոնք միտված են հարաբերությունների իրավական հիմքն ու շրջանակը որոշակիացնելուն: «ԵՄ-ն ակնկալում է հաջողակ արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի հստակեցնել, թե ԵՄ-ի հետ համագործակցության որ պոտենցիալ ոլորտներն են համահունչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր պարտավորություններին: Կա ԵՄ-ի հստակ հանձնառությունը՝ ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ այնտեղ, որտեղ համագործակցությունը համատեղելի է Հայաստանի ներկայիս միջազգային պարտավորությունների հետ: Երկու կողմերն էլ վճռական են հետագա համագործակցության համար դրական օրակարգ կառուցելու հարցում»,- ընդգծել է հանձնակատարը:

Հարցին, թե ե՞րբ կավարտվի շրջանակավորման վարժությունը և կսկսվի աշխատանքը համաձայնագրի մշակման ուղղությամբ, արդյո՞ք մինչև Ռիգայում կայանալիք գագաթաժողովը, նա պատասխանեց, որ նոր բազմակողմ համաձայնագրի համար շրջանակավորման վարժությունը շարունակական է: «Կախված արագությունից և արդյունքից, պաշտոնական բանակցությունների մեկնարկը կարող է հայտարարվել Ռիգայում, թեև սա մնում է հավակնոտ թիրախ: Ռիգայում այլ հնարավոր թիրախներ կարող են լինել որոշակի ոլորտների հետ կապված, ինչպիսին տեխնոլոգիան է, ավիացիան ու հետազոտությունը, համագործակցությանը վերաբերող համաձայնագրեր»,- մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է ապագա համաձայնագրի՝ դեռևս չհստակեցված բովանդակությանը` ԵՄ հանձնակատարն ասաց, որ երկու կողմերի նպատակն է՝ ապագա հարաբերությունների համար բազմակողմ համաձայնագիր ունենալը: Ըստ նրա` հնարավոր նոր համաձայնագրում պետք է ընդգրկվի քաղաքական, ոլորտային, տնտեսական և առևտրային համագործակցությունը` հաշվի առնելով նոր իրողությունները: Բնականաբար, հանձնակատարի խոսքով, կոնկրետ բնույթն ու համաձայնագրի բովանդակությունն ավելի հստակ կլինի շարունակական շրջանակավորման վարժությունն ավարտին հասցնելուց հետո:

Հարցին՝ կարելի՞ է հուսալ, որ հնարավոր կլինի ստորագրել Ասոցացման համաձայնագիրն առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի, որն անհամատեղելի է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հետ, Յոհանես Հանը պատասխանեց. «ԱՀ/ԽՀԱԱԳ-ն, որը բանակցվել է 2013 թվականին, այլևս սեղանին չէ. այն բանակցվել էր՝ որպես մեկ փաթեթ: Ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել նրանից, ինչ նախկինում բանակցվել է, բայց դա լինելու է նոր համաձայնագիր»:

Տեսանյութեր

Լրահոս