Բաժիններ՝

«Մենք շատ քիչ ներքին ռեսուրս ունենք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ». Վահագն Խաչատրյան

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ արժութային վարկանիշը «BBB-/A-3»-ից իջեցրել է մինչև «BB+/B», որը փորձագետներն անվանում են թափոնային կամ աղբարկղային վարկանիշ: Վերլուծաբանները գտնում են, որ սա խիստ բացասաբար կազդի Ռուսաստանի՝ առանց այդ էլ ծանր դրության մեջ գտնվող տնտեսության վրա:

Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմա ավելի շատ հետաքրքիր են ռուսական կողմի պաշտոնական արձագանքները, քանի որ դա ավելի շատ քաղաքական գնահատական է, քան տնտեսական: Ըստ նրա՝ պատճառաբանությունն այն է, որ մեծ քսանյակի կազմում ֆինանսական ավելի վատ վիճակում գտնվող երկրներ կան, հիմնականում՝ արտաքին պարտքի հետ կապված, իսկ ՌԴ արտաքին պարտքը վտանգավոր սահմանին չի հասնում, բայց քանի որ ՌԴ տնտեսության հետ կապված ռիսկերը մեծ են, այդ պատճառով իջեցվել է վարկանիշը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ՌԴ-ում ներդրումներ անելը ռիսկային է համարվում, և ռուսական ընկերությունները ստիպված կլինեն իրենց գործունեության համար ավելի բարձր տոկոսներով վարկեր վերցնել, դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ տնտեսության զարգացման հնարավորությունները սահմանափակվում են.

«Եթե մինչ այդ որևէ խնդիր չկար ավելի մատչելի տոկոսադրույքով վարկեր վերցնելու, այժմ այդ հնարավորությունները պակասում են: Մի ուրիշ խնդիր էլ կա՝ եթե մյուս վարկանիշային կազմակերպություններն էլ իրենց գնահատականն իջեցնեն, ՌԴ-ն ընդհանրապես ավելի ծանր վիճակի մեջ կհայտնվի: Այսպիսի վարկանիշ ՌԴ-ն ունեցել է 2004-ին: Այս ընթացքում այն բարձրացել, իջել է, բայց հիմա նշանակում է, որ ՌԴ-ում տնտեսական գործունություն անելը դժվարացել և շատ ռիսկային է դարձել»:

Հարցին՝ թեև ՌԴ-ն հարուստ երկիր է, բայց կկարողանա՞ այս ճգնաժամը հաղթահարել, Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Ռուսաստանը կկարողանա հաղթահարել, բայց հարց է, թե ե՞րբ կհաղթահարի, քանի՞ տարի կպահանջվի: Այսօր ՌԴ կառավարությունում քննարկվում է ճգնաժամային ծրագիրը և նախատեսվում է, որ 2017-ին նոր իրավիճակի փոփոխություն կլինի: Այսինքն՝ նվազագույնը 2-3 տարի կպահանջվի, ոչ ավելի շուտ: Եվ այնտեղ շատ ռեալ են նայում իրավիճակին, և այն խմբում, որը կազմել է այդ ծրագիրը, ընդգրկված են ոչ միայն գործող իշխանության ներկայացուցիչները, այլև հայտնի մասնագետներ, այդ թվում՝ նաև կառավարության նախկին ներկայացուցիչներ՝ հանձինս ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի, ՌԴ Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆի, նաև հայտնի գործարարներ, որոնց խոսքն այնտեղ հարգվում և ասելիքն ընդունվում է: Այսինքն՝ սա ընդունվում է ոչ թե՝ որպես ՌԴ կառավարության ծրագիր, այլ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հակաճգնաժամային ծրագիր: Բացի դա, կազմվել է 4 սցենար՝ տարբեր խնդիրներ լուծող, բայց, ամենակարևորը՝ իրենք շատ լուրջ են գնահատոմ իրավիճակը, այլևս այն մոտեցումները, թե բոլոր պատժամիջոցներին կդիմանան, երկրի ռեսուրսները բավարար են և այլն, նման խոսակցություններ այլևս չկան: Կա սթափ գնահատական, որ իրավիճակը շատ ծանր է, որ ՌԴ-ն ժամանակին չի օգտագործել այն հնարավորությունները, որ ստեղծվել էին նավթի գների բարձր լինելու պատճառով: Դրա մասին շատ խոսեց և հատկապես դա ընդգծեց Շուվալովը՝ Դավոսի համաժողովի ժամանակ: Այսինքն՝ իրենք էլ ընդունում են, որ նավթը վատ սովորեցրեց, թույլ չտվեց բարեփոխումներ իրականացնել, ու հայտնվել են կոտրած տաշտակի առջև, բայց պետք է կարողանան արագ բարեփոխումներ անել, որոնք ցավոտ ու դժվար կլինեն, բայց դրանցից հետո այլևս նավթի գնից կախվածություն չեն ունենա»:

Կարդացեք նաև

Վ.Խաչատրյանը մի հանգամանք էլ ընդգծեց՝ տարիներ շարունակ նշվում էր, որ տնտեսական նման մոդելի պայմաններում չի կարելի նման սոցիալական բեռ վերցնել, հատկապես Կուդրինը նման խնդիր ուներ և այդ պատճառով հրաժարական տվեց. «Նրան չէին լսում և հիմա ստիպված են բյուջետային կրճատումներ անել, բայց ոչ, իհարկե, սոցիալական բնագավառի: Դա քաղաքական ենթատեքստ ունի, որ չի կարելի անել: Մեծ ներդրումային ծախսերն են կրճատելու, Մոսկվան շրջանցող ճանապարհի կառուցման ծրագիրը կդադարեցվի: Ընդհանուր 10 %-ով  կրճատում են բյուջետային ծախսերը, որովհետև հասկանում են, որ այդ պայմաններում չեն կարողանալու այդ իրավիճակից դուրս գալ»:

Հարցին, թե Հայաստանն այս ընթացքում դատապարտվա՞ծ է լինելու տառապել՝ մինչև Ռուսաստանը ոտքի կանգնի, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ դատապարտվածությունը ոչ թե կախված է Ռուսաստանի, այլ ՀՀ իշխանություններից, որոնք տարիներ շարունակ ոչինչ չարեցին. «Վերջին 5 տարում ականատես էինք, թե ինչ արեցին՝ 3 անգամ պետական պարտքը մեծացրին, բայց որևէ հաջողության տնտեսության մեջ չհասան: Միայն խոսքեր, կոչեր, մի տարի ֆինանսական երկիր ենք դառնում, մի տարի՝ տուրիստական, մի տարի՝ այլ բան, բայց իրական տնտեսության մեջ ոչ մի փոփոխություն չեղավ: Այսինքն՝ մեր զարգացման տրամաբանությունը չներկայացվեց, ոչ էլ տնտեսության կառավարման մոդելը փոխվեց: Մինչդեռ մեզ մոտ շատ ավելի հեշտ էր արդյունքի հասնել ու կախվածությունը թուլացնել: Բայց նման ցանկություն չի եղել, հակառակը՝ գործող իշխանությունը մենաշնորհային տնտեսական ու մենաշնորհային քաղաքական մոդելով երկիր ունենալու խնդիրը երբ լուծեց, մնացածը դարձավ երկրորդային: Բայց պարզվում է, որ նման երկիր ունենալու համար պետք է շատ ռեսուրսներ ունենալ: ՌԴ-ն կարող է իրեն թույլ տալ, Ադրբեջանն էլ կարող է, բայց Հայաստանը՝ ոչ: Հայաստանը նման ռեսուրս չուներ»:

Ըստ Վ.Խաչատրյանի՝ այն ռեսուրսը, որը գնահատվում էր, որի մասին շատ խոսվում էր, մարդկային ռեսուրսն էր, բայց պարզվեց, որ այդ ռեսուրսն ինքը շատ ավելի հեշտ է իր հարցը լուծում՝ երկրում անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում արտագաղթում է ու գտնում է իր տեղը. «Մենք հիմա այդ ռեսուրսից էլ ենք զրկվել: Միջազգային զեկույցներում 5-10 տարի առաջ մեր մարդկային ռեսուրսի գնահատականը բավականին բարձր էր, և դա հնարավորություն էր տալիս ՀՀ-ին այդ զեկույցներում բարձր տեղեր գրավել: Հիմա դրա դերը փոքրացել է: Հիմա ես չգիտեմ՝ ո՞ր կողմ են նայում՝ Հյուսի՞ս, Արևե՞լք, Արևմո՞ւտք, Հարա՞վ, թե՞ ով մի 2 կոպեկ փող կտա, որ այս իրավիճակից դուրս գանք: Չեմ կարծում, որ այդպիսիք կգտնվեն: Այսօր անհանգստացնող է ներքին ռեսուրսների սակավությունը: Մենք շատ քիչ ներքին ռեսուրս ունենք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Թեև էլի հնարավոր է՝ մոդելը փոխելու ճանապարհով: Ներքին փոփոխություններ իշխանությունը չի անի ու դրանով հաջողության չի էլ հասնի, որովհետև պատրաստ չի դրան: Քաղաքական կամքը չկա»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս