«Գյուղացիները զենք են ուզում». Ռուբեն Գևորգյան

Հարցազրույց «Երդվյալ ազատամարտիկներ» հ/կ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի հետ

Հայ-ադրբեջանական սահմանագծին հերթական լարվածությունից հետո Ռուբեն Գևորգյանը հայտարարեց, որ իր կազմակերպության անդամների հետ մեկնում է սահման՝ աջակցելու հայկական բանակին և տեղի բնակչությանը: Այդ հայտարարությունից անցել է գրեթե 10 օր, Ռուբեն Գևորգյանը շարունակում է մնալ Տավուշի մարզում՝ շրջելով սահմանամերձ տարբեր  բնակավայրերում:

 – Ի՞նչ խնդիր լուծեց Ձեր այցը, և որքանո՞վ այն անդրադարձավ սահմանի պաշտպանունակության բարձրացման վրա:

– Մենք Երևանից գնացել ենք 80 հոգանոց խմբով, որի կազմում հիմանականում «Երդվյալ ազատամարտիկներ» կազմակերպության հրամանատարական խորհուրդն է: Ես սկզբում ուզում էի միայնակ գնալ, սակայն կազմակերպության անդամներն ասացին, որ չեն կարող ինձ միայնակ թողնել, և իրենք էլ են պատրաստվում գալ սահման, այդպես ձևավորվեց մեր խումբը: Բայց միայն Շամշադինի շրջանում մեր կազմակերպությունն ունի 850 անդամ, առանց բացառության՝ բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք կառույցներ, կռված տղաներ: Հանդիպում ենք նրանց հետ, գյուղացիների հետ, նրանց ոգևորում ենք, ցույց ենք տալիս, որ իրենք միայնակ չեն, որ ամբողջ Հայաստանը, մեր կազմակերպությունն իրենց հետ է, որ անհրաժեշտության դեպքում բոլորս էլ լինելու ենք սահմանում: Իրենք էլ են ոգևորվում, երբ տեսնում են, որ Երևանից մարդիկ են եկել, ապրում են իրենց հետ, իրենց կողքին, որ իրենք մենակ չեն: Երբ մենք գնացինք, մեր կողմում երկու ցավալի կորուստ էր եղել, որը շատ վատ էր ազդել մարդկանց տրամադրության վրա, մի տեսակ ընկճված էին, բայց հիմա այդ վիճակը հաղթահարված է:

Կարդացեք նաև

– Առաջին գիծ այցելե՞լ եք, հանդիպե՞լ եք զինվորների հետ:

– Չէ, առաջին գիծ գնալու կարիք չկա, բայց զինվորների հետ հանդիպել ենք, նաև եղել ենք հոսպիտալում, խոսել ենք բժիշկների հետ, մեր օգնությունն ենք առաջարկել: Մեր կազմակերպության անդամներն անզեն են, և դրա համար իմաստ էլ չունի, որ մենք գնանք խրամատներ, չնայած լավ կլինի, որ պետական մակարդակով մեր տղաներին զինեն:

– Դուք ուզում եք, որ հասարակական կազմակերպությանը պետական մակարդակով զինե՞ն:

– Խոսքը հասարակական կազմակերպության մասին չէ, խոսքը սահմանամերձ բնակավայրերի տղամարդ բնակչության մասին է, որոնց մի մասը մեր կազմակերպության անդամներ են: Մարդիկ ինձ ասում են, որ իրենք ամեն օր կանգնած են թշնամու դիմաց, ցանկացած պահի հայկական սահմանամերձ գյուղերը կարող են ենթարկվել հարձակման, ինչո՞վ մարդը պետք է պաշտպանի իր գյուղը, տունը, ընտանիքի անդամներին: Ճիշտ է, կա բանակ, բանակն իր գործը կատարում է, և շատ բարձր մակարդակով: Բայց ինչքանո՞վ վատ կլինի, որ գյուղացիները ևս մասնակցեն իրենց տան պաշտպանությանը, ո՞վ կարող է իր տունն ավելի լավ պաշտպանել, քան տանտերը, մանավանդ որ, գյուղացիների մի մասը մասնակցել է գյուղերի ինքնապաշտպանությանը և որոշակի փորձ ունի: Մենք առաջարկում ենք, որ հայկական սահմանամերձ գյուղերը վերածվեն պաշտպանական կառույցների, դառնան մեր սահմանի պաշտպանության օղակներից մեկը, և դա կլինի ամենահուսալի օղակներից մեկը:

– Այդ առաջարկը ներկայացրե՞լ եք Պաշտպանության նախարարությանը:

– Ներկայացրել ենք, իրենք էլ առաջարկում են, որ այն գյուղացիները, որոնք տարիքի հետ կապված սահմանափակում չունեն, կարող են դառնալ պայմանագրային զիծառայողներ և մասնակցել իրենց գյուղերի պաշտպանությանը: Բայց տղաներն այդ տարբերակին դեմ են, ասում են, որ  չեն ուզում ծառայության մտնել, ծառայող դառնալ, չեն ուզում փողով իրենց գյուղը պաշտպանել:

– Բայց մյուս կողմից էլ, դա կնշանակի՝ զինել քաղաքացիական բնակչությանը, և այդ զենքը կարող է դառնալ անվերահսկելի:

– Մենք չենք ասում՝ անվերահսկելի, մենք ասում ենք, որ էլի բանակի հսկողության տակ լինեն, բայց ոչ թե՝ պետական ծառայության մեջ, այլ՝ երբ անհրաժեշտություն կլինի: Ամեն օր չի, որ սահմանի վրա նման լարված իրավիճակ է, և միշտ չէ, որ պետք է, որ ամբողջ գյուղով ոտքի կանգնեն գյուղը պաշտպանելու համար, բայց երբ դրա կարիքը լինի, գյուղացիները պատրաստ լինեն, եղանով ու գերանդիով չեն կարող թշնամու դեմ կռվել: Ինձ թվում է, որ կառավարությունը կարող է մի ձև մտածել, որ և՛ գյուղացիների պահանջը բավարարվի, և՛ այնպես չլինի, որ ում ասես՝ զենք տան, տանի, ինչ ուզում է՝ անի:

– Որքա՞ն եք մտադիր մնալ սահմանամերձ բնակավայրերում:

– Երևի այսօր երեկոյան գանք Երևան, մի քանի հարցեր կա լուծելու, բայց փետրվարի 1-ին նորից վերադառնալու ենք:

 

– Սահմանին հիմա լարված վիճակ է, Դուք սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ եք, իսկ Ձեր որոշ կուսակցական ընկերներ խոսում են արտահերթ ընտրությունների և իշխանափոխության անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հիմա նպատակահարմար բարձրացնել արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության հարցը:

– Թող դրանով զբաղվեն քաղաքական գործիչները, ես հիմա սահմանում եմ ու քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ մեր սահմանների պաշտպանությամբ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս