Բաժիններ՝

Երկու անգամ երկու հավասար է հինգի

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո բոլոր այն իրավապահները, կարծեմ՝ նաև մեկ պատգամավոր, որոնք սպանությունների մեղադրանքով ձերբակալված Պերմյակովին ի պաշտոնե հանդիպել են, պարտավորված են զգում վերջինիս մասին արտահայտվել այսպես. «Այդ տականքը, ստահակը, ոչնչությունը, վիժվածքը»:

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն էլ իր ասոիլիսում դեմքին զզվանքի արտահայտություն տված՝ Պերմյակովին անվանեց «ստահակ, տականք, ոչնչություն, վիժվածք»: Նրա այս գնահատականները, անշուշտ, անկեղծ էին, քանի որ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կասկածյալին տեսել է ոչ թե դռան անցքից, այլ անձամբ:

Դեմքի նման արտահայտություն՝ զզվանքի, կատարվածի հանդեպ՝ սարսափի, մենք առիթ ունեցանք տեսնել մի քանի օր առաջ, արտիստ Վարդան Պետրոսյանի ֆրանսուհի փաստաբան Մարի Դոզեի դեմքին, երբ նա խոսում էր հայաստանյան արդարադատության մասին: «Արդարադատություն» բառը տիկին փաստաբանը գործածեց այն կոնտեքստում, որ Հայաստանում այն չկա:

Ամեն դեպքում, ինքը չէր հանդիպել գոնե մեկ մարդու, որը վստահեր ՀՀ արդարադատությանը:

Մեզնից որևէ մեկը ևս, վստահ եմ, չի ճանաչում ՀՀ արդարադատությանը վստահող մեկին:

Փաստաբանը զարմացած էր, թե ինչո՞ւ է մեր դատարանն ամեն կերպ, առանց անգամ նեղություն կրելու՝ պատասխանել փաստաբանների բարձրացրած հարցերին և ցանկանում է Վարդան Պետրոսյանին անպայման մեկուսացնել հասարակությունից: Այն դեպքում, երբ բանտը հասարակության համար վտանգ ներկայացնող հանցագործներից հասարակությանը պաշտպանելու նպատակ ունի միայն:

Օպերատորները պարբերաբար տեսախցիկներն ուղղում էին նաև դատավորի ուղղությամբ: Մռայլ, խոժոռ, իրականությունը ոչ մի կերպ ընկալել չկամեցող այդ մարդո՛ւն հանձնեց իր պաշտպանյալ Վարդան Պետրոսյանին ֆրանսուհի փաստաբանը: Ավելի ստույգ, հանձնեց մեկ այլ մարդու՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Ի վերջո, այս երկրում ֆինանսական բոլոր հոսքերը՝ մանր ու մեծ, նրա հետաքրքրությունների շրջանակում են, դատական բոլոր գործարքները, եթե հավատանք Մարդու իրավունքների պաշտպանի աղմկահարույց զեկույցին, Բաղրամյան 26-ում են կնքվում: Գործարքները, ըստ օմբուդսմենի, ֆիքսված գներով են իրականացվում:

Ֆրանսուհուն թվում էր, թե ինքը տարրական, չափազանց հասկանալի բաներ է ասում, որ օրենքն ընտրովի չպետք է իրականացվի, որ եթե մարդը հանցանք է գործում ոչ կանխամտածված, ապա նրա հանդեպ պատիժն անողոք չպետք է լինի: Նա ուղղակի ասում էր՝ հարգելի՛ դատավոր, 2 անգամ 2 հավասար է 4-ի, հասկանո՞ւմ եք, և ոչ մի դեպքում՝ ավելի կամ պակաս:

Դատավորը (դատավորները՝ առհասարակ) այնպիսի վիճակում են, որ ուսումնասիրել հարցը մինչև վերջ, հասկանալ քննվող հարցի էությունն ուղղակի իրենց թույլ տալ չեն կարող, հակառակ դեպքում ստիպված կլինեն արդարացման որոշում կայացնել: Առանց պատվերի կամ կաշառքի: Նման պրակտիկա Հայաստանում կարծես չկա:

Վարդան Պետրոսյանի հյուծված, դալուկ դեմքը, փոս ընկած աչքերը, ինչ խոսք, դատարանին ոչինչ չեն ասում:

Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում: Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել: Ինչո՞ւ:

Ժամանակակից Հայաստանում ինչպիսի՞ հեղինակություն պիտի ունենաս, որպեսզի ասվածդ խոսքերն իրենց իմաստին համարժեք ընկալվեն: Որպեսզի դիրքորոշում կամ քաղաքացիական կեցվածք դրսևորելը ոչ ոք հաշվենկատության ու փառասիրության չվերագրի:

Կա՞ն այդպիսի մարդիկ: Դեռ կան: Ու նրանցից մեկն արտիստ Վարդան Պետրոսյանն է: Այն առումով, որ Ազատության հրապարակում կամ իր ներկայացումներում ասվածի մոտիվացիան ոչ թե իր ինտելեկտն ու սրամտությունը ցուցադրելն է, կամ թե՝ տեսեք, որքան քաջ եմ: Նրա ասածի բնույթը հասարակական է և ոչ թե՝ անձնական:

Եվ հիմա դատարանում նա՝ ամբողջովին ու միայնակ հանձնված Հայաստանի իրավապահներին, որոնց արդարադատությանը գեթ մեկը չի հավատում, ասում է՝ վերցրեք կյանքս, եթե դա եք ցանկանում, պատրաստ եմ տալ, միայն թե հավատացեք խոսքերիս՝ զոհված տղաներն իմ սեփական տղաներն են նաև…

Հունվարի 29-ին դատարանը կհրապարակի Վարդան Պետրոսյանի գործով վճիռը: Հասարակական արձագանքի՞ց, գուցե, ձգվեն իրավապահները՝ մտավախություն ունենալով, թե ապօրինի վճիռն արտիստի հանդեպ հասարակական բողոքի ալիք կբարձրացնի: Հասարակական կարծիքը, եթե անգամ կա էլ, ապա մեր երկրում վաղուց որևէ արժեք չունի, քանի որ նույն այդ հասարակական կարծիքն ընտրությունների ժամանակ ոչինչ չի որոշում:

Հայաստանի արդարադատությունը գործում է մեր պետության դեմ: Թե քանի ճակատագիր է խեղել իրավապահ մսաղացը Հայաստանում, ինչ խոշտանգումների ու նվաստացումների է ենթարկել իր քաղաքացիներին, գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանվում է մամուլում: Իսկ պետության նյութական վնասնե՞րը:

Միայն նախորդ տարվա տվյալներով՝ «Ընդդեմ Հայաստանի Հանրապետության» Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է ՀՀ իշխանություններին իր դատավորների ապօրինի, անգրագետ որոշումների համար ՀՀ քաղաքացիներին վճարել ավելի քան 570 000 եվրո: Փոքրիկ նկատառում՝ այս գումարը դատավորներն իրենց գրպանից կամ վերցրած կաշառքից չեն տալիս: Նրանք շարունակում են բարձր աշխատավարձ ստանալ, իսկ այդ հարյուր-հազարավոր եվրոները վճարում ենք բոլորս:
«Սրիկա, տականք, ոչնչություն, վիժվածք»: Այսպիսի կարծիքի են Պերմյակովի մասին հայ իրավապահները:

Իսկ թե ինչ է մտածում Ֆրանսիայից ժամանած փաստաբան Մարի Դոզեն մեր դատավորների, դատախազների ու, առհասարակ, իրավապահ համակարգի մասին, ոչ ոք այդպես էլ չիմացավ: Նա չափազանց դաստիարակված է:

Հ.Գ. Վերնագիրը Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիայից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս