ՀՀ-ԵՄ ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել բանակցված Ասոցացման համաձայնագրից, բայց դա կլինի նոր համաձայնագիր. Յոհանես Հան

ՀՀ-ԵՄ ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել բանակցված Ասոցացման համաձայնագրից, բայց դա կլինի նոր համաձայնագիր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում  ասաց Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհանես Հանը` անդրադառնալով Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրելու հնարավորությանը: Հանձնակատարը նշեց, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, որը բանակցվել էր 2013 թվականին, այլևս սեղանին չէ: Ավելին, նրա խոսքով՝ այն բանակցվել է՝ որպես մեկ միասնական փաթեթ:

«Ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել նրանից, ինչ նախկինում բանակցվել է, բայց դա կլինի նոր համաձայնագիր», – նշեց հանձնակատարը:

Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելում կայացավ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստը, որի ընթացքում, ըստ հաղորդագրությունների, քննարկվել էին Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, Հայաստանին ԵՄ աջակցության հարցերը։

Ամփոփելով նիստի արդյունքները` «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակիցը հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո  Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորհրդի առաջին նիստի ընթացքում պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի, նիստից հետո ասել է Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատարը՝ ընդգծելով, որ կողմերն այժմ հենց այդ հարցի շուրջ են բանակցում:

Յոհանես Հանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս