Ֆիլմ՝ Երևան-Սոչի անավարտ թռիչքի վերաբերյալ. «Ինքնաթիռի տեսարանների հետ կապված ամեն հարցում փորձել ենք շատ զգույշ լինել, որ ավելորդ անգամ չցավեցնենք զոհերի հարազատներին» (լուսանկարներ)

Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը դեռևս էկրաններ չբարձրացած՝ արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն վայելել հանրության կողմից: Ինչպես հայտնի է՝ այն նվիրված է 2006թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի անավարտ թռիչք կատարած ինքնաթիռի զոհերի հիշատակին:

Թերևս, ֆիլմի հանդեպ մեծ հետաքրքրությունը թաքնված է նրանում, որ ֆիլմը նկարահանված է իրական սիրո պատմության հիման վրա, որը, սակայն, ողբերգական ավարտ է ունենում, քանի որ գլխավոր հերոսների սերն անավարտ թռիչքի պես ընդհատվում է 2006թ. մայիսին տեղի ունեցած ողբերգական իրադարձության հետ:

Այդ օրն անավարտ են մնում Երևան-Սոչի ինքնաթիռի զոհերի և նրանց հարազատների բոլոր հույսերը, երազանքները, իսկ փոխարենը՝ միայն մեծ ցավ և չսպիացող վերք՝ ամբողջ կյանքի համար:

Մեզ հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ե. Արշակյանը նշեց, որ փորձել են ամենայն զգուշությամբ և ամենակարևորը՝ սահմանը պահպանելով անդրադառնալ այդ ողբերգությանը, որպեսզի ավելորդ անգամ չցավեցնեն զոհերի հարազատների չսպիացող վերքը:

Կարդացեք նաև

Anavart trichq8

– Կպատմե՞ք «Անավարտ թռիչքի» մտահղացման մասին:

– Երբ մտածում էինք այդ ֆիլմը նկարահանելու մասին, մի քիչ վախ կար մեր մեջ: Մենք ծանոթ էինք մեր ապագա ֆիլմի հերոսուհու հետ և որոշեցինք խնդրել նրան՝ օգնել մեզ գրել ֆիլմի սցենարը: Մենք գրեցինք սցենարը՝ այդ ամենին գեղարվեստական մոտեցում տալով, իհարկե:

– Երևի թե ֆիլմի թեման արդեն իսկ հուշե՞լ էր ֆիմի անունը:

– Քրիստինե Պեպելյանը երգ ուներ, որը կոչվում էր «Անավարտ թռիչք»: Թե՛ ես, թե՛ սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը, շատ էինք սիրում այդ երգը, և քանի որ լավագույնս ներկայացնում էր մեր հերոսների ապրումները, ինքնաբերաբար սցենարն անվանեցինք Քրիստինեի երգից ներշնչված՝ «Անավարտ թռիչք»: Ֆիլմը պատմում է ոչ միայն՝ բառիս բուն իմաստով, այլև փոխաբերական իմաստով անավարտ մնացած թռիչքի մասին, որը տեղի ունեցավ՝ 2006թ. մայիսի 3-ին՝ Երևան-Սոչի ինքնաթիռի զոհերի և նրանց հարազատների հետ: «Անավարտ թռիչքը» ֆիլմը նվիրվում է այդ ողբերգության զոհերի հիշատակին:

Anavart trichq5

– Ֆիլմում կա՞ն ինքնաթիռի տեսարաններ, թե՞ այն պարզապես սյուժետային գիծ է, հրեշ, որը կործանում է իր ուղևորներին:

– Իհա՛րկե կան: Սակայն ուզում եմ նշել, որ ֆիլմ-աղետ չենք նկարել: Այսինքն՝ ինքնաթիռի տեսարանների հետ կապված ամեն հարցում մենք փորձել ենք շատ զգույշ լինել, որ ավելորդ անգամ չցավեցնենք զոհերի հարազատներին: Բայց միևնույն ժամանակ՝ պետք է նշեմ, որ մենք աշխատել ենք տվյալ ողբերգության գործը քննող քննիչների, մասնագետների հետ… Ամեն ինչ արված է, որ մասնագիտորեն ճիշտ լինի, որ հանկարծ մենք որևէ տեղ չսայթաքենք:

Anavart trichq6

Anavart trichq4

Anavart trichq1

– Ըստ Ձեզ՝ ավելորդ անգամ հիշեցումն այդ դեպքերի մասին և այն դարձնելով ֆիլմի սյուժե, չկա՞ մտավախություն, որ արդեն իսկ հնարավոր է՝ ցավ պատճառեք ինքնաթիռի զոհերի հարազատներին:

– Ընդամենը 9 տարի է անցել: Սակայն, եթե անցներ անգամ 29 կամ 39 տարի, չեմ կարծում, որ այդ վերքերը երբևէ կլավանան: Ես չէ, որ կլինեմ հիշեցնողը նրանց այդ ողբերգության մասին. վստահ եմ, որ նրանք ամեն օր արթնանում են՝ այդ ողբերգությունն իրենց սրտերում: Ինչ վերաբերում է ցավեցնել- չցավեցնելուն՝ ասեմ, որ այս ֆիլմն առաջին հերթին՝ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին:

– Չկա՞ր մտավախություն, որ ինքնաթիռի զոհերի հարազատները, հնարավոր է, համամիտ չլինեն Ձեր ֆիլմում ներկայացված իրականության հետ:

– Այդ ողբերգության «գործը» փակված է շատ վաղուց: Բայց, բնականաբար, հայերիս մեջ շրջանառվում են տարբեր լուրեր, վարկածներ՝ այս դեպքի շուրջ… Երբ հանդիսատեսը տեսնի ֆիլմը՝ կհասկանա, որ ես աշխատել եմ չանցնել այդ սահմանը… Ես պատմել եմ սիրո պատմություն: Կարող է կոպիտ հնչել, բայց ես հայկական «Տիտանիկ» եմ նկարել… Չեմ համեմատվում, իհարկե: Չեն համապատասխանում ֆիլմիս թե՛ մասշտաբները, թե՛ նկարահանման տեխնիկան և թե՛ միջոցները, բայց ողբերգությունը մնում է ողբերգություն: 113 մարդ, որ եղել է այդ օրն ինքնաթիռում՝ յուրաքանչյուրն իր անավարտ թռիչքն է ունեցել այդ օրը, իր անավարտ պատմությունն է թողել երկրի վրա…

Anavart trichq3

Anavart trichq9

– Ողբերգությունը ո՛չ ազգություն է ճանաչում, ո՛չ ժամանակ, ո՛չ մարդաքանակ… Ինչո՞ւ եք սիրո պատություն նկարելու համար նման՝ առաջին հերթին Ձեզ համար՝ որպես ռեժիսորի, դաժան ճանապարհ ընտրել:

– Ասեմ: 2006թ. այդ օրն այդ ինքնաթիռով չեն թռել մի քանի ուղևոր: Մոտավորապես 5 կամ 6 հոգի: Նրանցից մեկը մեր ֆիլմի հերոսուհին է, ով ևս պետք է լիներ այդ ինքնաթիռում: Առհասարակ մեր շուրջը շատ են սիրո պատմություններ, սակայն այնպես ստացվեց, որ մեր շատ մտերիմ ընկերուհին ծանոթացրեց մեզ այդ աղջկա հետ: Երբ մենք լսեցինք նրա սիրո պատմությունը և հետագայում ցանկություն հայտնեցինք ֆիլմ նկարահանել այդ ամենի մասին՝ նա չմերժեց: Եվս մեկ անգամ պարտադիր ուզում եմ նշել, որ մենք գեղարվեստական բնույթ ենք տվել ֆիլմին:

– Ֆիլմի իրական հերոսուհին տեսե՞լ է ֆիլմը:

– Դեռևս՝ ոչ: Նա տեսել է ֆիլմի տեսահոլովակն ու ասել, որ շատ շոյված է: Փետրվարի 14-ին մեզ մոտ ֆիլմի փակ դիտում է լինելու, որտեղ էլ նա առաջին անգամ կտեսնի իր սիրո պատմությունը: Եթերում տեսահոլովակի հայտնվելուց հետո շատ են խոսում ֆիլմի գլխավոր դերակատարուհու՝ Տաթևիկ Հովակիմյանի մասին: Նա այս տարի կավարտի Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ 3-րդ թե 4-րդ կուրսում է սովորում: Շատ խոստումնալից դերասանուհի է:

Anavart trichq11

Anavart trichq12

– Դերակատարուհին և իրական հերոսուհին նմա՞ն են իրար:

– Երբ ընտրում էինք դերասանական կազմը, և՛ ինձ, և՛ մեր իրական հերոսուհու համար շատ կարևոր էր, որ արտաքնապես նման լինեն իրար: Դա առաջին հերթին՝ եղել է իրական հերոսուհու միակ խնդրանքը, որը ես, բնականաբար, չեմ մերժել:

– Հետաքրքիր է՝ Ձեր ֆիլմում կան հայտնի դերասաններ, սակայն նրանք երկրորդական պլանում են, իսկ գլխավոր՝ սիրահար զույգն այդքան էլ հայտնի չէ հանրությանը: Դիտավորյա՞լ արված քայլ էր:

Anavart trichq10

Anavart trichq

– Ես չէի ուզում, որ ֆիլմում նկարահանվեն շատ հայտնի դերասաններ՝ խոսքը գլխավոր դերակատարների մասին է՝ Տաթևիկ Հովակիմյան, Տիգրան Մակարյան: Ֆիլմում խաղացել են նաև Լուիզա Ղամբարյանը, Սերժ Ավետիքյանը: Սերժ Ավետիքյանի հետ աշխատելը մի այլ հաճույք էր, հիացած եմ և շատ ուրախ, որ ընձեռվեց հնարավորություն աշխատելու նման դերասանի հետ: Ֆիլմի երկրորդական, երրորդական և անգամ էպիզոդիկ դերերում խաղացել են հանդիսատեսի կողմից շատ սիրված դերասաններ, որոնք անմիջապես համաձայնել են մասնակցել ֆիլմի նկարահանումներին, երբ իմացել են, թե ինչի մասին է լինելու ֆիլմը, և, որ այն նվիրված է 2006թ. Երևան-Սոչի ինքնաթիռի ուղևորների հիշատակին: Գայանե Ասլամազյան, Անի Երանյան, Խորեն Աբրահամյան, Վարդան Հովսեփյան, Արփինե Իսրայելյան…

– Ելենա, Ձեր «Մեր գյուղը» ֆիլմը 2014թ. վերջին Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Pomegrante» կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի: Սակայն, եթե չեմ սխալվում՝ այն սկզբում նկարահանվել էր՝ որպես սերիալ:

– Հանրային հեռուստաընկերության պատվերով գրվեց «Մեր գյուղը» հեռուստասերիալի սցենարն ու այնուհետև նկարահանվեց 16 մասից բաղկացած սերիալը: Ֆիլմը ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ 2013 թվականին: Ֆիլմը շատ սիրվեց հեռուստադիտողների կողմից, և ես որոշեցի, որ այն կարելի է դարձնել մեկ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Ֆիլմը մասնակցեց Հայաստանում մի քանի փառատոների, ինչպես նաև՝ «Ոսկե ծիրանին»: Հետագայում ֆիլմը հրավեր ստացավ մասնակցելու Կանադայում՝ Տորոնտո քաղաքում անցկացվող ամենամյա «Pomegrante» կինոփառատոնին:

Ես անձամբ չկարողացա մեկնել Տորոնտո, քանի որ այստեղ արդեն սկսել էի «Անավարտ թռիչքի» նկարահանումները: Բնականաբար, չէի կարող կիսատ թողնել նկարահանումներն ու մասնակցել այդ փառատոնին: Ֆիլմս գնաց  «ինքնուրույն»՝ առանց ինձ: Որքան մեծ էր զարմանքս, երբ որոշ ժամանակ անց իմացա, որ այն արժանացել է գլխավոր մրցանակի, և, ինչն առավել կարևոր է ինձ համար, նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Դրանից հետո ֆիլմը ստացավ տարբեր երկրներում անցկացվող փառատոներին մասնակցության հրավերներ: Հուսամ՝ այդ փառատոներից ևս դատարկաձեռն չենք վերադառնա:

– Ինչպե՞ս եք բացատրում ֆիլմի հաջողությունը՝ որպես ռեժիսոր: Հնարավո՞ր է, որ մեծ դեր խաղաց ֆիլմում առկա հայկական կոլորիտը՝ սկսած միջավայրից, հերոսների հագուկապից և զուտ հայկական խնդիրներից:

– Սկզբում հենց այդպես էլ մտածեցի, երբ Կանադայում մրցանակ ստացանք: Կարծում եմ՝ ֆիլմը հուզել էր առաջնահերթ իր վեր բարձրացրած խնդրի պատճառով, այն է՝ արտագաղթը: Բայց, արի ու տես, որ մենք տարբեր երկրներից ենք մրցանակներ ստացել: Փառատոներին մասնակցության առաջարկներ մենք ստանում ենք ոչ միայն հայերից: Պարզապես ֆիլմի ասելիքը որքան էլ հայի սրտին հարազատ լինի, ընդհանուր առմամբ՝ համամարդկային է:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են հենց Ձեզ վստահում նման մեծ նախագծեր: Փորձե՞լ եք վերլուծել պատճառը:

– Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ 17 տարեկանից: Ես ընդունվել եմ ինստիտուտ, սովորել եմ ռեժիսորական կուրսում, այսինքն՝ ես պատահական մարդ չեմ, ով հանկարծ մի օր որոշեց ֆիլմ նկարել… Աշխատել եմ շատ՝ գիշեր-ցերեկ… Իմ կարգախոսն այդ գործում հետևյալն է. «Ուզում ես՝ գլուխդ տուր պատով, թե պատը՝ գլխովդ, բայց արա այդ գործը»… Հասկանում եմ, կոշտ է հնչում, բայց ուրիշ տարբերակ ուղղակի չի լինում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս