«Հայաստանի արդարադատության համակարգը երկու ոտքից կաղ է»

Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

– Ո՞րն է Գյումրիում ռուսական 102 ռազմակայանի գործառույթը, որքանո՞վ է ռազմակայանի ներկայությունը Հայաստանում երաշխավորում մեր երկրի անվտանգությունը:

– Ռուսական ռազմակայանը Գյումրիում հայտնվեց 90-ականներին և մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես իշխող վերնախավի կողմից: Այդպիսով՝ Ռուսաստանն իր դիրքերն էր ամրացնում տարածաշրջանում՝ պարտավորվելով պաշտպանել նաև Հայաստանն արտաքին թշնամուց, նախևառաջ՝ Թուրքիայից, քանի որ Ադրբեջանի դեմ պատերազմը հայկական երկու պետությունները հաջողությամբ վարում էին, և լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն չի եղել: Այդ պահի համար ռուսական 102 ռազմակայանի ներկայությունը Հայաստանում միանգամայն արդարացված որոշում էր:

Այլ խնդիր է, որ իրավական կարգի հարցերը մինչ այժմ հավուր պատշաճի չեն լուծվել, և այսօր մենք շատ նուրբ իրավիճակում ենք միջպետական հարաբերությունների առումով:

Իշխանությունների կոչերը՝ չքաղաքականացնել գյումրեցի ընտանիքի սպանությունը, հիմնավոր կլինեին, եթե ոճրագործությունը կատարած լիներ , դիցուք, ռուս մի զբոսաշրջիկ: Տվյալ դեպքում գործ ունենք հանցագործության հետ, որը կատարել է իր պաշտոնական դիրքում գտնվող ռուս զինվորականը, և այս ոճրագործության հետ կապված հանգամանքները տարակուսելի են:

Ռազմակայանի վերաբերյալ կնքված հայ-ռուսական պայմանագրի նորմերն այնպիսին են, որ մարդասպան զինծառայողին հայկական կողմին հանձնելու հարցը կարող է լուծվել և՛ դրական, և՛ բացասական կերպով. իրավական նորմերի մեկնաբանության խնդիր է: Այս իրավիճակում ռուսական կողմը պետք է ճիշտ կողմնորոշվի:

– Նկատեցիք, որ 90-ականներին այդ ռազմակայանի քաղաքական անհրաժեշտությունը բացատրել հնարավոր էր: Իսկ այսօ՞ր…

– Այդ մասին իմաստ կունենա խոսել, երբ ՀՀ իշխանությունները կունենան համապատասխան անհրաժեշտ որակ… Խնդիրը մենք ենք, մե՛նք պիտի փոխվենք, և այդ ժամանակ հնարավոր կլինի ասել՝ այո՛, այդ ռազմակայանը մեզ անհրաժեշտ է կամ՝ ոչ: Այսօր մենք չգիտենք այս ոճրագործության բոլոր հանգամանքները, չգիտենք, թե ռուսական ռազմակայան ծառայության ուղարկվող զորակոչիկները նախնական ստուգում անցնո՞ւմ են: Ի վերջո, չի բացառվում, որ մեր հակառակորդները վարձելով կամ ահաբեկելով կոնկրետ այս մարդուն՝ պարտադրել են մտնել ցանկացած տուն և հնարավորինս շատ մարդ սպանել՝ ինչ-որ բանի դիմաց: Սա վարկած է, որը որևէ մեկն այսօր իսպառ բացառել չի կարող: Նման դեպքեր կանխարգելող որևէ քայլ հայկական կողմն անո՞ւմ է, թե՞ ոչ: Չգիտենք:

Ռուսական կողմն ինքն է հավաքագրում իր զինծառայողներին, բայց թե ի՞նչ հիմունքներով, Հայաստանում, կասկածում եմ, թե որևէ մեկը գիտի: Սրան պետք է արագ լուծում տրվի: ՀՀ իշխանությունը կունենա՞ անհրաժեշտ արժանապատվություն՝ այս խնդիրը լուծել, թե՞ կկոծկի իրականությունը ռուսական կողմի ճնշմամբ, ժամանակը ցույց կտա: Եթե այս հարցը արդարացի, թափանցիկ լուծում չգտնի, ապա անկախ չքաղաքականացնելու կոչերից՝ խնդիրը քաղաքականացվելու է և հայ-ռուսական հարաբերությունների վրա լուրջ և ծանր հետք կթողնի: Ինչը միանգամայն մերժելի է:

Ռուս պաշտոնյաները պետք է ավելի մարդկային դեմքով հանդես գան: Տափակ, քարե դեմքերով նրանք միայն անվստահություն են սփռում:

– Ռուսաստանի չափազանց մեծ ներկայությունը մեր տնտեսական, քաղաքական, ռազմական կյանքում հիմնավորում ենք մեր անվտանգության երաշխիքով: Հայ-ադրբեջանական սահմաններին վաղուց արդեն շատ անհանգիստ է: Հունվարի 13-ին անգամ, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվեց Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին: Ադրբեջանը դիվերսիոն գործողություններն իրականացնում է ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի տարածքում: Կազմակերպությունը, անտեսելով փոխօգնության բազմաթիվ կետեր, այդպես էլ չի արձագանքում:

– Այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական շփման գծում, Հայաստանի վարած քաղաքականության ուղղակի արձագանքն է: Հակամարտության կարգավորման համատեքստում վարած Հայաստանի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանն այսօր անպատիժ կարող է իրականացնել ցանկացած դիվերսիա:

Անպատիժ՝ ոչ թե հայկական բանակի պատասխանների առումով, այլ՝ միջազգային արձագանքի: Դիվերսիաները պարզապես թշնամական գործողություններ չեն, այլ Ադրբեջանի՝ կոնկրետ, քաղաքական նպատակներ հետապնդող գործողություններ՝ Արցախի խնդրի կարգավորման համատեքստում: Մենք այդ քայլերին քաղաքական հակազդեցություն ցույց տալու ունակ չենք, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր մոտեցումը:

– Որքան հասկացա, նկատի ունեք Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Հայաստանը չի շտապում այդ քայլին գնալ՝ այն հիմնավորմամբ, թե այդ դեպքում միջազգային հանրության կողմից կորակվի՝ իբրև ագրեսոր: Դրանից բխող հետևանքներով:

– Մադրիդյան սկզբունքների շրջանակում Հայաստանին արդեն ագրեսոր հռչակել են: Եվ Հայաստանը, ըստ էության, ընդունել է ագրեսոր լինելու մեղադրանքը: Երբ Հայաստանը որոշեց մոռացության մատնել ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը և հակամարտության սկիզբը 1988-ից տեղափոխել 1992 թվական, այդտեղից սկսվեց Հայաստանին ագրեսորի պիտակ փակցնելու գործընթացը: Համանախագահները, միջազգային հանրությունը հակամարտության սկիզբը սկսեցին հաշվարկել Շուշիի գրավումից և Խոջալուի դեպքերից սկսած: Իսկ կես միլիոն հայ փախստականների խնդիրը մոռացության մատնեցին մեր իշխանությունները:

– Կարծում եք՝ Հայաստանն այն անվստահելի և ոչ արժանապատիվ երկիրն է, որ անգամ ՀԱՊԿ անդամ պետություննե՞րը չեն արձագանքում կառույցի անդամ երկրի դեմ կատարվող ռազմական գործողություններին:

– Այո, Հայաստանն ինքն իրեն դրեց այդ վիճակում: Հետևողական և սկզբունքային լինելու պարագայում այս կարգավիճակից խուսափելը դժվար չէր լինի: Դա քաղաքական ու դիվանագիտական թերհասության խնդիր է՝ սկիզբ առած 90-ականների սկզբից: Սա մի գործընթաց էր, որը նախագահից՝ նախագահ, արտգործնախարարից՝ արտգործնախարար, խորանում է:

– Ամերիկյան «Սթրաթֆոր» հետազոտական կենտրոնի վերլուծության համաձայն՝ 2015 թ. Ադրբեջանը կփորձի փոխել ԼՂՀ ստատուս-քվոն՝ առաջնագծում ավելի ակտիվ լինելով:

– Պատերազմի վերսկսման մասին կանխատեսումներն ամեն տարի կրկնվում են: Այսօր պատերազմի հավանականությունն էապես աճել է, սակայն դա կախված չէ Ադրբեջանի ցանկությունից: Իրավիճակը տարածաշրջանում փոխվում է, աշխարհաքաղաքական գործընթացների ուղղվածությունն այնպիսին է, որ կոնֆլիկտայնության աճ է զգացվում ողջ տարածաշրջանում: Այս համատեքստում բացառել, որ ինչ-որ պատահականության արդյունքում պայթյուն տեղի չի ունենա, անհնար է:

– Նույն աղբյուրի համաձայն՝ հայ-ադրբեջանական հնարավոր բախման ժամանակ Ռուսաստանն էլ չի միջամտի՝ զբաղված իր ներքին ու արտաքին խնդիրներով:

– Ռուսաստանը չի միջամտի հայ-ադրբեջանական հնարավոր բախմանը, եթե Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերի իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում վերահաստատելու մասով: Նման պայմանավորվածություն ունենալու դեպքում Արցախ-Ադրբեջան բախման ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրք կգրավի: Խնդիրն այն է, թե քաղաքական ի՞նչ շահեր է հետապնդում Ռուսաստանը տարածաշրջանում, երբ Հայաստանում ունենալով այսպիսի ռազմակայան, հռչակելով հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն, Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ գնալ նման գործարքների: Սա Հայաստանի իշխանություններին պա՞րզ է, ես չգիտեմ:

– Այդ դեպքում՝ երիցս հրատապ է հարցը՝ Գյումրիի 102 ռուսական ռազմակայանի դերը մինչև վերջ հաշվարկվա՞ծ է, և Ձեր նշած պարագայում, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը նման պայմանավորվածություն ձեռք բերեն, ո՞րն է լինելու Գյումրիում տեղակայված 102 ռազմակայանի դերը:

– Սա Հայաստանի իշխանությունների խնդիրն է. մի դեպքում՝ այդ ռազմակայանը կարող է օգտակար լինել, այլ դեպքում՝ չափազանց վտանգավոր: Նայած, թե ինչ պահվածք ունեն Հայաստանի իշխանությունները:

Պետք է հիշենք՝ որքանով այդ ռազմակայանն է կոչված երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, այդքանով Հայաստանն ինքն է կոչված ապահովել Ռուսաստանի անվտանգությունը կովկասյան ուղղությամբ: Եվ եթե Ռուսաստանը փորձ է անելու իրավիճակ փոխել, մենք պետք է դրա համարժեք պատասխանն ունենանք: Մե՛ր որակի խնդիրն է: Մենք պիտի կարողանանք արժանապատիվ հարաբերություններ հաստատել թե՛ դաշնակիցների, թե՛ հակառակորդների հետ:

– Գյումրիում, Երևանում բանը հասավ հայ ցուցարարների և հայ ոստիկանների միջև բախման: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ռուսական կողմի տարօրինակ համառությունը՝ առաջնային համարել ռուս մարդասպանին հայ իրավապահներին չհանձնելը՝ պատճառ դառնալով հակառուսական տրամադրություններին և, խոշոր հաշվով, հնարավոր անկանխատեսելի զարգացումների:

– Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունները վստահ չեն, որ կկարողանան ապահովել հանցագործի անվտանգությունը հայկական բանտում, ուստի նախընտրելի են համարում, որ մարդասպանի անձնական անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնի ռուսական զինվորական հրամանատարությունը՝ պայմանով, որ Պերմյակովը մնա Հայաստանի տարածքում:

Թերևս այդ մտավախությունը հիմնավոր է. Հայաստանի արդարադատության և իրավապահ համակարգը երկու ոտքից կաղ է ու չի վայելում քաղաքացիների վստահությունը, իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ հայկական արդարադատությանը կգերադասեն սովորական հաշվեհարդարը՝ վրեժխնդրությունը շփոթելով օրենքով սահմանված պատժի հետ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս