Բաժիններ՝

Ակտիվիստ. ԵՏՄ-ին միանալուց հետո մի շարք ապրանքատեսակներ կթանկանան, և դա կլինի շատ շոշափելի

Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին լինելու է շատ իրական՝ այն իմաստով, որ Հայաստանում կսկսեն գործել ԵՏՄ-ի` ավելի բարձր մաքսային դրույքաչափերը, և մի շարք ապրանքատեսակներ կթանկանան: 168.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:

Նշենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրով Հայաստանի համար բացառություն է արվել գրեթե 800 ապրանքատեսակների մասով, որոնց գինը որոշ ժամկետով չի բարձրանալու: Սակայն այդ պայմանագիրը մանրամասն ուսումնասիրած ակտիվիստը նշում է, որ այդ բացառությունները չեն ծածկում ապրանքատեսակների ամբողջ դաշտը: Իոաննիսյանի խոսքով` թանկանալու են, օրինակ, կահույքը, հագուստը, բջջային հեռախոսները, սննդամթերքի մի մասը, կենցաղային իրերը, տեխնիկան և այլն:

«Հունվարի 1-ից այդ ամենը ռեալ թանկանալու է, և դա թղթի վրա չի լինելու, լինելու է շոշափելի: Ցանկացած հայաստանցի, որ կայցելի խանութ, կտեսնի դա և կզգա: Այս մասով դա լինելու է ավելի, քան շոշափելի: Իսկ թե ընդհանուր առմամբ որքանով կիրականացվի այդ միության գաղափարը, որ, օրինակ, մարդիկ ավելի լավ կապրեն, ընդհանուր բարեկեցություն կլինի, և այլն, և այլն, իհարկե, մնալու է թղթի վրա: Այդ միության ձևակերպած գաղափարը նույնն է, ինչ Եվրամիության գաղափարը` սահմանները հանենք, որպեսզի բիզնեսի համար ավելի լավ պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն. իհարկե, դա տեղի չի ունենալու: Հունվարի 1-ից մենք ականատեսը կլինենք ճիշտ հակառակին»,- նշեց մեր զրուցակիցը:

Դանիել Իոաննիսյանը նաև կարծիք հայտնեց, որ ԵՏՄ-ն, որպես քաղաքական միավոր, ըստ էության, արդեն իսկ չի գործում, որովհետև Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն կիրառվում Բելառուսի ու Ղազախստանի նկատմամբ, իսկ վերջիններս էլ հրաժարվում են աջակցել Ռուսաստանին՝ Արևմուտքի դեմ պատասխան պատժամիջոցների հարցում. «Ղազախստանն ու Բելառուսը հասկացել են, որ այս միությունը մահացած է առնվազն քաղաքական տեսանկյունից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս