Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն տրվեցին դեկտեմբերի 23-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին։

Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը, անդրադարձ արվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Նիստի ընթացքում Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունները։

Նիստի մասնակիցները համաձայնեցրին Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Տեսանյութեր

Լրահոս