Բաժիններ՝

Արմեն Մարտիրոսյան. «Մի՛ եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի՛ խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս»

«Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը դժգոհ է անցնող՝ 2014 թվականից: Թեև այս տարի մեծածավալ գրքեր են հրապարակվել, կարևորագույն նախագծեր են ձեռնարկվել, գիրքն ու ընթերցանությունն այս տարի ավելի շատ է քարոզվել, այնուամենայնիվ, տարին այնքան էլ հաջող չէր:

«Վաճառքները, ցավոք, նվազման տենդենց ունեն…»,- ասել է նա 168.am-ի թղթակցի հետ զրույցում: Այնուամենայնիվ, Ա. Մարտիրոսյանը մեծ սպասելիքներ ունի 2015-ից. «Ես շատ խոստումնալից տարի եմ սպասում` հատկապես քաղաքական առումով: Ու հենց հիմա ընթերցողներից մի քանիսը կասեն` ա՜, էլի քաղաքականացրեց: Այո, պարոնայք, քաղաքականացրեցի, քանի որ քաղաքականացնելու հականիշը գեղականացնելն է: Երկրորդ` պարոնայք, մի՛ ծուլացեք ու հենց հիմա փնտրեք ապուշ (идиот) բառի առաջացումը և նշանակությունը, կգտնեք իդիոտիսը (idiṓtēs), ու կտեսնեք` գրված է, որ դրանք այն մարդիկ են, որոնք քաղաքական-հասարակական կյանքով ակտիվ չեն զբաղվում, հին հունարենում առաջին նշանակությունը դա է: Մի՛ եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի՛ խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս, քանի դեռ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը շատ վատ ձևով զբաղվում է մեզնով: Այդ առումով` ես շատ-շատ լուսավոր ու մեծ փոփոխությունների տարի եմ սպասում»:

Գրահրատարակիչը նաև խորհուրդ է տվել երեխաների ծնողներին.

«Ժողովո՛ւրդ, գիրք չկարդացողների դարը շատ արագ անցնելու է: Հայաստանը մեծ պոտենցիալով, գիտելիքամետ ու գիտելիքահեն տնտեսություն ունեցող պետություն է: Եվ ես չեմ ուզում, որ աշխարհն ընկալի մեզ՝ որպես խորովածի երկիր, կենաց ասելու երկիր… Ես ուզում եմ, որ աշխարհը մեզ տեսնի` որպես Բյուրականի աստղադիտարանի երկիր, տիեզերքի ինստիտուտի երկիր, ատոմակայան ունեցող երկիր, Մատենադարանը` որպես գիտական հիմնարկ… Բայց այս ամեն ինչն առանց կարդալ հնարավոր չէ, նոր տարվա արձակուրդներին ձեր երեխաները պետք է 2 գիրք կարդան, ու մինչև ձեր երեխան չտեսնի ձեզ՝ գիրք կարդալիս, ինքը չի կարդալու: Ու այսօր շատերի ինքնաբավ վիճակը գալիս է նրանից, որ մինչ այդ քիչ են կարդացել, խնդրում եմ ձեզ, կարդացեք. ոչ մեր գրքերը, ուզում եք՝ մեր գրքերը մի գնեք, ուրիշ գրքեր, միայն կարդացեք, ուզում եք՝ վիդեո, աուդիո կամ ինտելեկտուալ խաղեր խաղացեք, առաջ շարժեք էս պետությունը, առանց ձեր գիտելիքի՝ շանս չունենք վաղվա Հայաստանը կառուցելու համար, խնդրում եմ, կարդացեք»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «168 Ժամում»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս