Բաժիններ՝

Արևիկ Ուդումյանը՝ հետաքրքրիր ճամփորդության, սպասվող անակնկալների ու անձնականի մասին

Մարդկանց կյանքում իրական հեքիաթներ, ամեն օր չի, որ պատահում են: Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի համար 2014 թվականը հեքիաթային տարի էր. անձնական, գործնական հաջողություններ, ձեռքբերումներ ու նորամուծություններ: Եվ, որ ամենահետաքրքիրն է, տարին ամփոփվեց իրական հեքիաթում: Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմեց հետաքրքրիր ճամփորդության, սպասվող անակնկալների ու անձնական հարաբերությունների մասին:

-Արևիկ, վերջերս մեկնել էիք Հայաստանից: Գործնակա՞ն, թե՞ անձնական ուղևորություն էր:

-Մեկնել էի Լապլանդիա՝ Ռովանիեմի քաղաք, որտեղ նկարահանեցինք ամանորյա ֆիլմ, որը Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի Նոր տարվա գիշերը: Ֆիլմը կոչվում է «Հեքիաթի հետևից»: Այնտեղ մնացել ենք չորս օր: Անմոռանալի, հեքիաթային օրեր ենք ապրել, որին հեռուստադիտողը ևս ականատես կլինի: Եղել ենք Սանտա կլաուսի նստավայրում, ամառանոցում, տանը, աշխատավայրում: Շատ խիտ ու հագեցած օրակարգ ունեինք. արթնանում էինք առավոտյան ժամը 6-7-ին, ամբողջ օրը նկարահանման մեջ էինք ու երեկոյան քայլելն անգամ դժվարանում էր: Սակայն հոգնածություն չէինք զգում, քանի որ վայելել ենք ամեն վայրկյանը:

-Իսկապե՞ս քաղաքը հեքիաթային էր:

-Դեռ վերևից՝ օդանավից, երբ տեսնում ես տեսարանը, հասկանում ես, որ հասել ես հեքիաթային երկիր: Կարծես բոլորովին այլ մոլորակում լինես: Տեղանքը գտնվում է հյուսիսային բևեռային շրջագծի վրա, որտեղ կես տարի ցերեկ է, կես տարի գիշեր: Երբ այնտեղ էինք, բևեռային գիշերներն էին, օրվա մեջ ցերեկային լույս լինում էր 2-3 ժամ, ինչն ավելի տպավորիչ էր դարձնում մեր հեքիաթը: Ասեմ, ո ր առաջին պահերին մեզ զարմանալի էր թվում, որ տեղացիները Սանտա կլաուսի մասին խոսում էին հավատալով: Հետո հասկացանք, որ ինքներս էլ այդ ամենին հավատում ենք:

-Հեքիաթային քաղաքում ժամանցի վայրեր կայի՞ն:

-Ասեմ, որ քաղաքը տնտեսապես բավական լավ վիճակում է գտնվում: Տեղաբնակներն ասացին, որ մի քանի փաբ ունեն: Իրենց ամենասիրելի վայրը շոգեբաղնիքն է, գրեթե բոլոր բնակարաններում կան շոգեբաղնիքներ: Հավանաբար, դա իրենց տաքանալու միջոցն է: Շատ փոքրիկ ու գեղեցիկ քաղաք է, որի բնակիչներից շատերն աշխատում էին Սանտա կլաուսի «մոտ»:

-Շա՞տ էին այնտեղ «Սանտաները»:

-Այնպես չէ, որ այստեղի պես ամեն քայլափոխի կհանդիպես: Այնտեղ հարցին շատ լուրջ են մոտենում, նաև ամեն մեկը չի կարող այդ պարտականությունը ստանձնել: Լապլանդիայում մի քանի Սանտա կլաուս կա, որոնցից մեկն ապրում է Սանտայի այգում՝ ժայռերի մեջ: Իսկ հիմնական, «ամենաիսկական» Սանտան ապրում է «Սանտայի գյուղում», որտեղ իրական հեքիաթ է: Նրան հանդիպելը բարդ է, մարդիկ հերթ են կանգնում, որպեսզի մի քանի րոպեով նրան տեսնեն: Մենք եղանք նրա նստավայրում, հետաքրքիր նկարահանում արեցինք, ինչը եթերում կտեսնեք: Ասեմ, որ ես հիմա առավել շատ եմ հավատում Ձմեռ պապիին, քան փոքր հասակում:

-Հայերեն խոսո՞ւմ է:

-Թզուկները մեզ դիմավորեցին հայերեն խոսելով, Սանտան հայերենով ողջունեց, նաև ուղերձներ հղեց:

-Հավանաբար ավելորդ է հարցնել՝ Հայաստանում կլինե՞ք Ամանորին:

-Այո, Հայաստանում եմ լինելու՝ ընտանեկան միջավայրում, ու, հուսով եմ, տանը:

-Սիրո՞ւմ եք տոնը:

-Սիրում եմ, քանի որ շուրջբոլորը գեղեցիկ է, լուսավոր: Առիթ է, որ մարդիկ միմյանց տեսնեն, շփվեն: Իհարկե, չեմ սիրում ստիպողաբար անընդհատ գնալ հյուր: Շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ արդեն բավական տարիներ ստիպված չենք բոլորին այցելել: Ամանորը հանգստանալու լավ առիթ է ու մի քիչ երկար քնելու հնարավորություն (ժպտում է): Ասեմ, որ Նոր տարվա սպասումներս ու սերս տասնապատկվեց այս ուղևորությունից հետո, այլ կերպ սկսեցի ընկալել տոնը: Ինձ թվում է, որ այնտեղ մի Նոր տարի ապրել եմ, եկող Ամանորը «բոնուս» է:

-Արևիկ, ինչպե՞ս եք ամփոփում 2014 թվականը, գո՞հ եք անցնող տարուց:

-2014 թվականը կարևորում եմ նրանով, որ շատ լուրջ ու պատասխանատու քայլ կատարեցինք Արամի հետ: Ինձ համար նաև ստեղծագործական բուռն տարի էր:

IMG_9066 (1)

-Կարծում եմ, ոչ պակաս կարևոր ու նշանակալից տարի է լինելու 2015 թվականը:

-Չեմ սիրում իրադարձություններից առաջ ընկնել, բայց, հավանաբար, անձնական ամենակարևոր քայլը կկատարենք:

-Արդեն իսկ որոշե՞լ եք օրը:

-Օրը՝ ոչ: Երևի, տարվա միջնամասում կլինի, քանի որ դրսից շատ հյուրեր ունենք և ցանկանում ենք, որ բոլորն էլ ներկա լինեն: Պետք է իրենց էլ հարմար լինի:

-Կյանքում նոր կարգավիճակ է Ձեզ սպասվում: Փոփոխություններից չե՞ք «վախենում»:

-Նշանվելուց հետո ևս նոր կարգավիճակ է, ինչը մի փոքր անսովոր է, սակայն՝ հաճելի: Գիտեմ, որ հետագայում առավել անսովոր կլինի, սակայն հույսս դնում եմ այն բանին, որ ստանձնածս գործը միշտ լավ եմ անում: Կարծում եմ, որպես տնային տնտեսուհի ևս թերի չեմ լինի, ամեն ինչ պետք է որ լավ ստացվի, տեսնենք:

-Ասացիք, որ նշանադրվելուց հետո մի փոքր անսովոր էր ամեն ինչ: Ի՞նչ փոխվեց: Գուցե ժամանակի, ազատությա՞ն սահմանափակումներ եղան:

-Ոչ, մեր հարաբերությունների մեջ ոչ մի փոփոխություն չի եղել: Մենք շատ շուտ հասկացանք, որ միմյանց ենք ընտրում և դա պետք է լինի ընդմիշտ: Այնպես չէ, որ մեր հարաբերությունները լրջացան միայն նշանադրությունից հետո, ամեն ինչ ի սկզբանե այդպես էր: Պարզապես, ինքնազգացողությանս մեջ հաճելի մի բան է ավելացել, որը բացատրել չեմ կարող…

IMG_9726

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս