«Մարդկանց մի մասին ավտոբուսներով են բերում եռյակի հանրահավաքներին». Տիգրան Կարապետյան

«Ի՞նչ տարբերություն, թե ես որտեղ կլինեմ: Ներքևում ժողովուրդն էր, իսկ ես նրա կողքին էի: Լիդերները չէին եկել, քանի որ դա այն հանրահավաքը չէր, որը ելույթներ էր պարունակելու. հատուկ երթ էր կազմակերպված, իսկ վերջում միայն մեկ ազատամարտիկ հանպատրաստից ելույթ ունեցավ, քանի որ այդպես էր պետք: Ես հարթակում եռյակի կողքին կկանգնեմ այն ժամանակ, երբ ժողովուրդն ինքնաբուխ հավաքվի, իսկ ժողովուրդը չի հավատում. մարդկանց մի մասին ավտոբուսներով են բերում եռյակի հանրահավաքներին: Այնպես որ, իմ ելույթն այդ օրը տեղին չէր»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տ. Կարապետյանն ասել էր, որ դեկտեմբերի 10-ի հանրահավաքին ինքը ևս ներկա էր լինելու և ելույթ էր ունենալու հարթակից, սակայն այդ օրն այդպես էլ նրան չտեսանք ելույթ ունենալիս:

Թեև կուսակցության առաջնորդն այդ օրը ելույթ չունեցավ, սակայն նա դեռ եռյակի կողքին է և շարունակում է հավատալ հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Եռյակից կառանձնացնեմ Գագիկ Ծառուկյանին. այս տխուր երկրում, որտեղ բոլորը մտածում են սեփական հարստության մասին, գոնե կա մեկը, ով հարստությունը կիսում է ժողովրդի հետ: Չեմ հավատում, որ նա այդ ամենն անում է հենց այնպես, նա դա անում է իր անձի համար»,- ասաց Տ. Կարապետյանը` հավելելով, որ ինքն էլ էր ժամանակին բարեգործություն անում:

Տ. Կարապետյանը ողջունում է ձևավորված համաժողովրդական շարժումը` այն գնահատելով որպես աննախադեմ երևույթ: Նրա կարծիքով` այս շարժումը տարբերվում է նրանով, որ խորհրդարանական ուժերին միացել են նաև արտախորհրդարանական ուժերը` այդպիսով միավորելով ամբողջ դաշտը. «Մեկը մյուսին ձեռք են մեկնել ու հզորացրել են դաշտը: Նման երևույթ դեռևս չէր եղել: Մնացածն արդեն գալիս է վճռական լինելուց, հզոր խոսք ասելուց, հզոր գործողություն անելուց, իսկ ես համոզված եմ, որ դա կլինի: Եթե չհավատայի, չէի միանա շարժմանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս