Բաժիններ՝

Աշխարհի բոլոր քաղաքները՝ Եվրոպայում հաղթական հայկական նախագծի թիրախ

Ավստրիայի Գրաց քաղաքում նոյեմբերի 19-21-ն անցկացված Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությանը (European Youth Award) ներկայացվեցին 11 երկրներից հաղթող նախագծեր: Նախագծերից մեկը հայկական CityBugs-ն է, որը 130 նախագծերից 11 լավագույնների մեջ է ներառվել «Թվային ստեղծագործական միտքը հանուն հասարակական օգուտի» (Digital Creativity for Social Good) մրցույթում: «168 Ժամը» զրուցեց CityBugs նախագծի մենեջեր և համահեղինակ Հովհաննես Աղաջանյանի հետ:

– Հովհաննե՛ս, տեղյակ եմ, որ երկու տարի աշխատել եք CityBugs նախագծի և citybugs.am կոմունալ խնդիրներին վերաբերող կայքի վրա: Ինչի՞ն է ուղղված կայքը, ո՞րն է նախագծի նպատակը:

– Citybugs-ը սոցիալական հարթակ է, որի նպատակը տարբեր քաղաքներում առկա խնդիրները բարձրաձայնելն է: Համակարգի օգտատերերը կայքի կամ մոբայլ հավելվածների միջոցով կարող են հայտնել, թե ինչ է կատարվում իրենց քաղաքի այս կամ այն մասում: Կայքը կապված է Google Maps ծրագրի հետ, ինչն ապահովում է կայքի ինտերակտիվություն և հնարավորություն է տալիս քարտեզի վրա ցույց տալ խնդրի վայրն ու համեմատել քաղաքի տարբեր համայնքներում լուծված և չլուծված խնդիրների առկայությունը: Նախագիծը սկսել ենք Երևան քաղաքից, հետո փորձել ենք այն տարածել տարբեր քաղաքներում` թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Ներկա պահին մեր հիմնական դժվարությունն է մարդկանց շրջանում կայքի տարածումը:

Citybig (3)

Կարդացեք նաև

Մեր վերջնական նպատակն աշխարհի բոլոր քաղաքները CityBugs համակարգում ինտեգրելն է: Դրա համար մեզ հարկավոր է 2 կարևոր գործոն` ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է բարձրաձայնել իր քաղաքում առկա խնդիրների մասին, և հետևողականություն տվյալ քաղաքի կամ երկրի պետական մարմիններից: Հայաստանում առաջին գործոնը համեմատաբար նոր է զարգանում, և մեր իրականության մեջ արդեն ունենք մի քանի հաջող պատմություններ` կապված քաղաքացիական ակցիաների հետ, իսկ պետական մարմիններից ներկա պահին համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ: Հաշվի առնելով այս կարևոր գործոնները` կարող եմ վստահ ասել, որ մեր նախագիծն օգտակար է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետական մարմիններին:

Citybig (8)

– Դուք նշել եք, որ CityBugs-ի նպատակն է` կայքի շնորհիվ ձևավորել քաղաքացիական ակտիվ հասարակություն և քաղաքը բարելավել: Որքանո՞վ են իրականանալի այդ նպատակները, ի՞նչ առաջընթաց կա` թեկուզ հենց Երևանի օրինակով:

– Մենք համակարգը նախագծել ենք` որպես գործիք, որը տալիս է հնարավորություն բարձրաձայնելու տարբեր խնդիրների մասին` կոնկրետ նշելով դրանց տեղը: Կայքի կառավարման համակարգում խնդիրները հնարավոր է հավաքագրել մեկ վայրում: Կայքը տվյալ ոլորտի խնդիրների համար մշտադիտարկման և գնահատման կարևոր աղբյուր է: Իհարկե, համակարգում ամեն ինչի հիմքը քրաուդսորսինգն (Crouwdsourcing) է: Որպես մեր հիմնական առաջընթաց` կարող եմ նշել կայքի օգտագործողների մասնակցությունը քաղաքային խնդիրների լուծման մեջ, կայքի օգտատերերի թիվը և լուծված կամ չլուծված խնդիրների ու առաջարկությունների քանակը: Ի դեպ, վերջին տեղեկությունը կայքում հասանելի է բոլորին, ամեն ոք կարող է գրանցվել կայքում և իմանալ, թե ինչն է մտահոգում հասարակությանը:

– Կայքում գրանցվելու համար ի՞նչ է պահանջվում:

– Մենք կայքի գրանցումը հեշտացրել ենք այն աստիճան, որ ցանկության դեպքում հնարավոր է գրանցվել` օգտագործելով միայն Facebook-ի անձնական հաշիվը: Ասեմ, որ կայքի օգտագործողների հիմնական հոսքը հենց Facebook-ից է, հնարավորություն կա նաև մեկնաբանություն գրել` օգտագործելով Facebook-ի անձնական հաշիվը: Facebook-ը մեզ համար, առաջին հերթին, ինֆորմացիայի տարածման միջոց է: Ամբողջ աշխարհում ընդունված է սոցիալական ցանցերի հետ ինտեգրացիա ապահովել, որպեսզի նորաթուխ կայքը դառնա ավելի հարմար և ինտերակտիվ օգտագործողների համար: Եվ մենք որդեգրել ենք այդ սկզբունքը:

Citybig (7)

– Ովքե՞ր են աշխատել CityBugs-ի վրա:

– Իմ խորին համոզմամբ` նման նախագծերում կայացման և հաջողության գրավականն ամուր թիմն է: Տարիների ընթացքում մեր թիմն աշխատել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, սակայն հենց այս պահին մեր թիմը, բացի ինձանից, բաղկացած է նախագծի համահիմնադիր և X-TECH ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանից և Citybugs նախագծի զարգացման պատասխանատու Տաթևիկ Մարկոսյանից: Սա մեր թիմի առաջին խոշոր նախագիծն է, բայց եթե փորձենք գնահատել մեր փորձը, ապա անհատապես բոլորս էլ ունենք թե՛ հասարակական, թե՛ բիզնես ոլորտներում աշխատանքային փորձ: Մեր թիմում նախագծի բիզնես մոդելը նման է սոցիալական ձեռներեցության մոդելի, այսինքն` բոլոր տեսակի ֆինանսական հոսքերը ներդրվում են նախագծի սոցիալական տարածման համար:

– Խոսենք Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությունում ձեր թիմի հաղթանակից: Որքա՞ն կարևոր էր այդ հաղթանակը, ի՞նչ եք ձեռնարկելու հաղթելուց հետո:

– Մեր թիմի առանձնահատկություններից մեկը, երևի, հաղթողի հոգեբանությունն է: Ավստրիայի հաղթանակը մեր նախագծի համար առաջինը չէր. բացի Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացված European Youth Awards-ից, հաղթել ենք նաև «The World Summit Youth Award»-ում, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա գարնանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Դրանից առաջ CityBugs-ը Հայաստանում հաղթել էր ArmNet մրցանակաբաշխությունում և Վրաստանում GITI կոնֆերանսում: Ամեն հաղթանակից հետո սկսում ենք ավելի շատ աշխատել նախագծի զարգացման վրա: Սկսնակ նախագծերի համար անգամ փոքր հաղթանակները շատ ոգևորիչ են: Բոլոր հաղթանակները կիսում ենք կայքի օգտատերերի հետ, քանի որ սա նախ և առաջ` իրենց քաղաքացիական կամքի հաղթանակն է:

Citybig (10)

– Նշեցիք, որ համագործակցում եք Երևանի քաղաքապետարանի հետ, ի՞նչ հիմունքների վրա է համագործակցությունը:

– Մեր համագործակցությունը սկսվել էր նախագծի մեկնարկից մեկ ամիս անց: Կարծում եմ` համագործակցությունը տեղի ունեցավ, քանի որ մենք քաղաքապետարանի համար փորձել ենք ստեղծել մի գործիք, որը կօգնի բարելավել քաղաքը: Մենք երբեք ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքներով չենք դիմել քաղաքապետարանին, համագործակցությունն իրենց հետ ենթադրում է կայքում ավելացրած խնդիրների մասին համապատասխան պատասխանի մշակում և դրանց լուծման հետևողականություն:

– Ո՞ր քաղաքներն են Citybugs-ի ապագա «թիրախները», և ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ինչպես արդեն նշել եմ` մեր նպատակն է` անընդհատ բարելավել նախագիծը և տարածել տարբեր քաղաքներում: Կոնկրետ թիրախներ չունենք, քանի որ քաղաքի ընտրությունը գալիս է տվյալ քաղաքում ինտեգրվելու մոդելից: Մենք մրցույթների կամ տարբեր արտասահմանյան միջոցառումների ժամանակ փորձում ենք գտնել գործընկերների, ովքեր պատրաստ են մեզ հետ միասին փոխել իրենց քաղաքը դեպի լավը: Հիմա աշխատում ենք նախագիծը տարածել Տորոնտոյում և եվրոպական մի շարք քաղաքներում: Նախատեսում ենք ապագայում ստեղծել մի ծրագիր, որն ամբողջ աշխարհում ներկայացված կլիներ` որպես հայկական թվային միտք և սոցիալական նախաձեռնություն:

City bag

– Եվ վերջում, Citybugs-ը կարո՞ղ է իրոք «հեղափոխել» մեր առօրյան և տարբեր հարցերին լուծում տալ:

– Մենք հավատում ենք, որ մեզ պես մարդիկ և նոր տեխնոլոգիաներն են փոխելու աշխարհը: Մենք համոզված ենք դրանում և մեկ վայրկյան անգամ չենք կասկածում, այլապես այն, ինչ մենք անում ենք, դառնում է անիմաստ: CityBugs-ը միայն մեկ մասն է լինելու այն ամենից, ինչը մեր թիմն ուզում է ստեղծել Հայաստանում` օգտագործելով ՏՏ լուծումները` հանուն հանրային շահի: Սոցիալական ինովացիոն հեղափոխությունն արդեն սկսվել է: Այսօր անհնար է պատկերացնել մի կազմակերպություն, որ չկա սոցիալական ցանցերում կամ, առավել ևս, չունի իր կայքը համացանցում: Վիրտուալությունը դարձել է մեր կյանքի անբաժան հատվածը: Հետևաբար` ինչքան լավ և նորարար լինեն կազմակերպության ՏՏ լուծումները, այդքան կբարձրանա ընկերության վարկանիշը: Հենց թվային տեխնոլոգիաներն են լինելու մեր ուզած Երևանի և այլ քաղաքների զարգացման նախապայմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս