Պիեռ Բաղդատյան. «Մեր հույսերը կապված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ»

Եվրոպական տոնական մշակույթում 300 տարի ամրագրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի գաղափարը չորս տարի առաջ Հայաստան են բերել սփյուռքահայ Բաղդատյան եղբայրները: Հայրենադարձվելով Հայաստան՝ եղբայրներից ավագին՝ Պիեռին, շատ միապաղաղ է թվացել երկրի տոնական մթնոլորտը, և նախածննդյան բացօթյա տոնավաճառի գաղափարը Բաղդատյաններն առաջին անգամ փորձարկել են Աշտարակ քաղաքում, որտեղ և հաստատվել է նրանց բազմանդամ ընտանիքը:

Այսօր արդեն Հյուսիսային պողոտան է նրանց տրամադրության տակ: Չորրորդ անգամ Հայաստանում անցկացվող նախատոնական բացօթյա միջոցառման նպատակը թե՛ տեղական արտադրողներին ևս մեկ անգամ ներկայանալու հնարավորություն տալն է, թե՛ տոնական գնումների համար մարդկանց մեկ վայր ուղղորդելը: Հյուսիսային պողոտայում տեղադրված 31 տաղավարում արդեն սկսվել է և մինչև հունվարի 6-ը սպասվում է ամենօրյա աշխույժ տոնական առևտուր:

Տոնավաճառին մասնակցում են շուկայի նշանավոր ընկերությունները, անհատ ձեռներեցներ, Կենդանաբանական այգին, Երևանի զարդարվեստի ուսումնարանը, սրճարաններ, ինքնատիպ քաղցրեղեն պատրաստողներ, ձեռքի աշխատանքների վարպետներ, ինչպես նաև Հայաստանում Բաղդատյան եղբայրների երկու ընկերությունները՝ հայերի հիմնած եվրոպական առաջին սրճարանի («Պասկալ և Դիոդատո 1652») նմանատիպը Հայաստանում և «Գուրմե-տուրմե» հուշանվերային շոկոլադի ընկերությունը: Տաղավարները մասնակիցներին տրվել են վարձակալությամբ, ըստ Պիեռ Բաղդատյանի, շատ հարմար գներով, որպեսզի թե՛ տեղական արտադրողը կարողանա մասնակցություն ունենալ, և թե՛ անհատ ձեռներեցներն ու նոր մտահղացումներ ունեցողները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց գաղափարները:

Բաղդատյանները նաև Աշտարակի «Պոպոքի փառատոն-մրցույթի» հիմնադիրն են, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների, որոնցով փորձում են նոր տարրեր մտցնել Հայաստանի ներդրումային միջավայրում: «168 Ժամը» զրուցել է Պիեռ Բաղդատյանի հետ:

– Դուք Հայաստանում վերջին տարիներին ներդրում կատարած սփյուռքահայերից եք: Ինչպե՞ս եք գնահատում ներդրումային միջավայրը:

– Մենք տեսնում ենք թե՛ դժվարությունները, թե՛ առավելությունները, բայց հենվում ենք առավելությունների վրա, որովհետև գիտենք, որ դժվարություններ կան բոլոր երկրներում, և Հայաստանը բացառություն չէ: Կոնկրետ տնտեսական զարգացման առումով ես մեծ հույսեր եմ կապում 2015 թվականի հետ և բոլոր պոտենցիալ ներդրողներին խորհուրդ եմ տալիս ռիսկի դիմել, դա վերաբերում է և՛ սիրիահայերին, և՛ այլ ներդրողների: Չասեն՝ երկրի բնակչության թիվը քիչ է, շուկան սահմանափակ է, և այլն: Լավ կլինի, որ նախօրոք ուսումնասիրեն միջավայրը, կատարեն ներդրում, լինեն հետևողական և անպայման արդյունք կունենան:

Pier-Anush (3)

– Իսկ ինչի՞ հետ են կապված Ձեր հույսերը:

– Մեր հույսերը կապված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Ես դրական եմ գնահատում այդ քայլը և կարծում եմ, որ այդ միության ընձեռած շուկան շատ ավելի ձեռնտու է լինելու մեզ համար, քան եվրոպական շուկաները: Ես Եվրոպայում երկար տարիներ ապրել եմ, այնտեղից եմ եկել Հայաստան, Հայաստանը` իր այսօրվա հնարավորություններով, ցավոք, Եվրոպայում ասելիք չունի: Մեր ընկերությունը հիմա պատրաստվում է օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից, և այս պահին, կարծում եմ, մեր երկրի համար իրականն այդ է:

– Ներդրումների դաշտում ձախողված օրինակների մասին ի՞նչ կասեք:

– Անհատական խնդիրներ են հիմնականում լինում բոլորը: Մարդիկ սովոր են իրենց սխալներն ուրիշների վրա բարդել: Ես չեմ ընդունում այդ առումով միայն բացասական խոսողներին: Մենք էլ ենք, այսպես ասած՝ ձախողումներ ունեցել՝ երեք տարբեր բիզնես ենք սկսել, բայց երբ չի զարգացել գործը, հասկացել ենք, որ դրանք պետք չեն այս երկրում, ոչ մեկին չենք մեղադրել: Մարդ կա՝ մասնագիտությամբ ոսկերիչ է և համառորեն ուզում է հենց իր մասնագիտությամբ աշխատել, առանց ուսումնասիրելու, թե ևս մեկ ոսկերիչ պե՞տք է:

Pier-Anush (1)

Իսկ հուշանվերային շոկոլադի գաղափարը նոր էր Հայաստանում, դրա համար մեծ զարգացում ունեցավ: Այսօր արդեն բոլոր կարևոր, այցեքարտային կենտրոններում վաճառվում է մեր արտադրանքը: Նույնը և սրճարանի դեպքում, մենք հիմնեցինք ոչ թե սովորական սրճարան, այլ մի սրճարան, որ իր գաղափարով և անունով հիշեցնում է հայերի հիմնած առաջին սրճարանը եվրոպական մի քանի մայրաքաղաքներում: Երբ զբոսաշրջիկները տեսնում են մեր լոգոն, անմիջապես հասկանում են, թե ուր են եկել, դրանով մենք նաև հիշեցնում ենք, որ հայերն են որոշ հնագույն մայաքաղաքներում հիմնել առաջին սրճարանները:

– Հայաստանը հայտնի է շոկոլադի արտադրությամբ, ինչպե՞ս հաջողվեց առաջ գնալ:

– Մեր արտադրությունը բոլորովին տարբեր է, մենք մրցակից չենք շուկայում գործող ոչ մի ընկերության, մեր արտադրանքն ինքնատիպ ու տարբեր է՝ սկսած շոկոլադի հումքից, որ բելգիական է, մինչև ձևավորումն ու փաթեթավորումը: Տարբեր տարիների գնում-գալիս էինք Հայաստան և տեսնում էինք, որ բարձրակարգ եվրոպական շոկոլադ չկա, որոշեցինք դա էլ մենք բերել: Հիմնականում հայկական մշակութային մոտիվներ կան արտադրանքի տուփերի վրա, ինչը գրավում է մարդկանց: Գործարանը գործում է Աշտարակ քաղաքում, խանութ-սրահը՝ Երևանում: Երբ եկանք Հայաստան, այնքան գումար չունեինք, որ Երևանում տարածք առնեինք, շատ ավելի էժան գնով գնեցինք Աշտարակում և չենք զղջացել:

Pier-Anush (4)

– Քանի՞ աշխատատեղ եք ստեղծել:

– Աշտարակում ստեղծել ենք 20 աշխատատեղ: Այդքան մարդ մշտական ու հիմնավոր աշխատանք ունի, ինչը նաև ինչ-որ տեղ մարզերում մարդկանց պահելու հարց է լուծում: Ձմռան ամիսներին սրճարանի գործը հապաղում է, մենք աշխատողներին ներգրավում ենք այս բացօթյա տոնավաճառում, որ մի ամիս պարապուրդի չմատնվեն:

– Ի՞նչը Ձեզ կարող է ստիպել գնալ Հայաստանից:

– Ես եկել եմ, որ մնամ, գնալու համար չեմ եկել: Այսօր էլ կարող ենք գնալ և ավելի շատ գումար աշխատել, բայց կաթիլ-կաթիլ մեր երկրում ենք ուզում ներդնել և այստեղ ապրել, մի քայլ առաջ տանել երկիրը, մեր հնարավորությունների չափով: Գուցե մի քիչ զգացմունքային կարող է հնչել բիզնեսմենի համար, բայց ասեմ, որ մենք վերադարձել ենք մեր պատասխանը տալու թուրքին, թուրքը չէր ուզում մեզ այստեղ տեսնել, բայց Հայաստան գալով` մենք հաղթում ենք նրան: Սփյուռքի բոլոր գաղութները ժամանակավոր են, գալու է մի ժամանակ, որ բոլորն էլ ուզենալու են գալ: Նորմալ է, որ խնդիրներ լինեն, ամեն ինչ չէ, որ դրական լինի, որևէ երկրում չկա բացառապես ամեն ինչ դրական:

Pier-Anush55

Չորս տարի է՝ այստեղ ենք, գործում ենք, և կարող եմ ասել՝ ոչ մի «տանիք» չենք ճանաչում: Մի անգամ, գործի մեջ, կապված մարզերում սրճարանային բիզնեսի հետ, խնդիր ունեցանք, դիմեցինք կառավարությանը, օժանդակեցին օրենքի սահմաններում: Իսկ այս տոնավաճառի դեպքում էլ մեր գաղափարը ներկայացրինք, միանգամից հավանություն տվեցին, միշտ ընկերներիս պատմում եմ, ասում եմ՝ ունեցեք լավ գաղափարներ, ներկայացրեք: Մանավանդ, երբ հայերը գալիս են լավագույն երկրներից, արժե, որ այնտեղի լավ գաղափարները բերեն, վատը թող մնա այնտեղ, լավը բերեն: Եղբայրս Վիեննայից է եկել, ես՝ Ֆրանսիայից: Թվում է` լավագույն վայրերն են ապրելու համար, բայց մենք ու մեր երեխաներն այստեղ ենք մեզ լավ զգում:

Տեսանյութեր

Լրահոս