Քաղաքագետը երկրի զարգացման նոր մոդել է առաջարկում, որտեղ արյունակցական կապերով իշխանությունը բացառվում է

«Պետությունը չի կարող դուրս գալ գործից, ինչպես անում են՝ դոլարը հանձնում ենք լողացող կուրսին, մենք գնում ենք ուտել-խմելու, պրծանք». Քաղաքագետը պետականության նոր մոդել է առաջարկում

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է՝ պետականության այն մոդելը, կառուցվածքը, հարաբերությունները, որոնք առաջացել են Հայաստանում անկախության նվաճումից հետո՝ իրեն չի արդարացնում: Այսօրվա ասուլիսին նա կարծիք հայտնեց, որ գործող մոդելը երկիրն աստիճանաբար մաշվելու, թուլացնելուև ժողովրդի բարոյականության ոչնչացման է տանելու:

Քաղաքագետը մի նոր մոդել է առաջարկում, որն աշխարհում փորձարկված է, և որի արդյունավետությունը, նրա խոսքով՝ շատ բարձր է. «Կոչվում է սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ: Այդ մոդելը մշակվել է Գերմանիայում: Այն կիրառվեց Գերմանիայում և Գերմանիան դարձավ բարօրության պետություն: Սա լիբերալ կոնցեպցիա է՝ ազատական է, սոցիալիստական չէ, տոտալիտար չէ, նույնիսկ ավտորիտար չէ, բայց մի բան ունի՝ ամեն ինչի մեջ կարգ, դա կոչում է կարգի տեսություն՝ կարգ ու կանոն տնտեսության մեջ, պետության միջնորդությամբ և աջակցությամբ: Կարգ ու կանոն քաղաքականության մեջ, կարգ հոգևոր ոլորտում և այլն»:

Ըստ նրա՝ այս կարգի տեսությունը մի խնդիր ունի, որը Հայաստանի համար ձեռնտու է. «Պետութանը պարտավորեցնում է կողքի չկանգնել՝ դոլարի լողացող կուրսի մեջ ինքն էլ լողա, ժողովուրդն իր համար ինչ ուզում է՝ անի, ապրի, չապրի, իրենք լողան: Սա հստակ պահանջներ ունի: Շուկան պետք է կարգավորվի»:

Լ. Շիրինյանի  առաջարկած մոդելի սկզբունքներն են՝ ազատություն, իրավունք և կարգ: Ըստ նրա՝ այդ մոդելը մեր ժողովրդին ձեռնտու է նաև նրանով, որ արժեհամակարգը, որի վրա մշակվել է հայեցակարգը, քրիստոնեական բարոյականության և աստվածաշնչյան բարոյական սկզբունքների վրա է. «Այսինքն՝ սա նաև թույլ է տալիս ժողովրդին վերդարձնելու բարոյական այն արժեքների վրա, որի կրողը մենք ենք»:

Քաղաքագետի խոսքով՝ մենք տառապում ենք ոչ թե պետության «շատությունից, այլ՝ բացակայությունից»: Ըստ նրա՝ կարգի տեսությունը պետությունը դնում է իր տեղում և սա ձեռնտու է նաև արտաքին քաղաքական իմաստով. «Ի դժբախտություն մեր չինովնիկների՝ նաև ասեմ՝ այդ տեսությունը պահանջում է պետական ապարատի կրճատում, արյունակցական կապերով իշխանության բացառում: Այսինքն՝ քաղաքակրթված պետության մասին է խոսքը»:

Լ. Շիրինյանը կարծում է՝ այստեղ մեզ համար կարևորը հետևյալն է՝ ազատականությունը և այն, որ պետությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից. «Պետությունը չի կարող դուրս գալ գործից, ինչպես անում են. դոլարը հանձնում ենք լողացող կուրսին, մենք գնում ենք ուտել-խմելու, պրծանք»:

Քաղաքագետը կարծում է նաև, որ այս իրավիճակի հիմքը էլիտայի բացակայությունն է. «Որովհետև Դեմիրճյանի ժամանակ բուծվում էին ցեխավիկներ, մնացածները տեղ չունեին, որից հետո եկավ մի պահ, ՀՀՇ-ն փորձեց ինտելեկտուալ մաս հանել իշխանություն, ու շատ արագը գործը գնաց այն նախկին ցեխավիկներին և այլն, որոնք քաղաքականությունը և տնտեսությունը միահյուսեցին իրենց, և պետական ապարատը դարձրեցին գործիք՝ անձնական հարստացման համար: Վերջին ընտրություններին հայտարարեցին, որ բիզնեսը պետք է  հեռանա, բայց բիզնեսն այնպես հեռացավ, որ կանանց տվեցին ու իրենք վերադարձան: Տեսաք՝ ի՜նչ հայկական շուստրիություն, և քաղաքականությունը վերածվել է շուստրիության»:

 

Տեսանյութեր

Լրահոս