Ինչպիսին էր անցնող տարին վարորդների համար

«Եթե փորձենք ամփոփել անցած տարին, ապա զուտ վարորդների համար այն շատ դաժան էր, բայց վերջին մեկ ամիսը թույլ է տալիս մտածել, որ եկող 2015թ. ավելի դրական փոփոխություններով կուղեկցվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց կազմակերպությունը գրեթե չի ստացել վարորդ-Ճանապարհային ոստիկանության տեսուչ հարաբերություններում եղած խնդիրներին վերաբերող զանգեր. «Նախկինում տեսուչները վերցնում էին վկայականները, գնում էին դեպքի վայրից, չէին տալիս, որ այդ քաղաքացին բացատրության մեջ գրի իր անհամաձայնության մասին, արագություններն ավել էին ֆիքսում, քան իրականում կար, հատուկ տարածք էին բերում այն մեքենաները, որոնք պետք է տեղում տուգանեին: Հիմա կարծես թե քչացել է նման դեպքերի թիվը»:

Չնայած այս ամենին՝ այժմ շատ են բողոքներ լինում վթարների դեպքում: Էդուարդ Հովհաննիսյանը դա կապում է այն բանի հետ, որ վարորդները կաշառք տալու միջոցով են շատ հաճախ ստանում վարորդական իրավունքի վկայական՝ այդպես էլ ծանոթ չլինելով երթևեկության կանոններին. «Ճանապարհային ոստիկանությանը երևի դա պետք չէ, երևի նրա համար ավելի նախընտրելի է, որ վարորդները շարունակեն խախտումներ անել, ինչի արդյունքում էլ իրենք գումարներ են հավաքում»:

Է. Հովհաննիսյանի խոսքով՝ մեծ խնդիրներ կան դեռևս Ճանապարհային ոստիկանությունում՝ երթևեկության կազմակերպման հարցում: Շատ հաճախ, օրինակ, հետիոտնային անցումներն արվում են հենց խաչմերուկի մեջտեղում. «Դա սկսվեց մոտավորապես վերջին երկու տարում: Խաչմերուկի մեջ ինչպե՞ս կարող է անցում լինել: Խնդիրներ կան լուսացույցների հետ կապված: Շատ հաճախ դրանք տեղադրվում են այնպիսի տեղերում, այնպիսի հեռավորության վրա, որ պարզապես տեսնել հնարավոր չէ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս