«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման արդյունքների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 19-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչները Արցախի ղեկավարության առաջարկությամբ մեկնել էին Ստեփանակերտ՝ Բակո Սահակյանի հետ հանդիպելու և Արցախի իրավիճակի առանձնահատկություններով պայմանավորված որոշ հարցեր քննարկելու նպատակով:

Շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Էմիլ Աբրահամյանը նախագահական նստավայրում հանդիպել են Բակո Սահակյանին և նրա հետ քննարկել դեկտեմբերի 20-ին Արցախի տարածքում նախատեսված իրազեկման ավտոերթի անցկացման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:

Հանդիպման երկրորդ փուլում քննարկմանը մասնակցել են նաև Արցախի փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, ՆԳ նախարար Կ. Աղաջանյանը, գլխավոր դատախազ Ա. Մոսիյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Ս. Կարապետյանը, ԱԱԾ տնօրեն Ա. Ղարամյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Գ. Սարգսյանը, ինչպես նաև Շարժման ներկայացուցիչ Պ. Մանուկյանը և «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի ներկայացուցիչ Վ. Բադասյանը:

Բակո Սահակյանը և մյուս պաշտոնատար անձինք դիրքորոշում են հայտնել, որ ավտոերթը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել Արցախի համար:

Նրանց փաստարկումների էությունն այն է եղել, որ կիսապատերազմական վիճակում գտնվող և չճանաչված կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի ՀՀ-ի հետ նրա ամուր կապը, որը, ըստ նրանց, առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երևանի նկատմամբ արցախցիների հավատի ու վստահության վրա, մինչդեռ ավտոերթերը  կարող են սասանել այդ հավատն ու վստահությունը: Այդ պատճառով նրանք առհասարակ խիստ անցանկալի են համարել երևանյան քաղաքական գործընթացների մեջ արցախցիներին ներքաշելը:

Շարժման ներկայացուցիչները չեն համաձայնել ավտոերթի հնարավոր անցանկալի հետևանքների վերաբերյալ Արցախի ղեկավարության փաստարկումների հետ:

Նրանք հիմնավորել են, որ մեր երկիրը (Արցախը ներառյալ) գտնվում է արտակարգ իրավիճակում, որն առաջացել է երևանյան ռեժիմի ապազգային և անձեռնհաս կառավարման պատճառով, ուստի օր առաջ անհրաժեշտ է արտակարգ միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին՝ ձերբազատվել երևանյան ռեժիմից և ձևավորել ազգային շահերով առաջնորդվող գործունակ կառավարություն:

Արցախի ղեկավարներին մանրամասն կերպով բացատրվել է, որ այդ քայլերը չկատարելու պարագայում մենք կորցնելու ենք Արցախը և մեր պետականությունն ամբողջությամբ: Նրանց ներկայացվել է նաև երևանյան ռեժիմին հեռացնելուց հետո Արցախը Հայաստանից բաժանող և ռուս-թյուրքական մերձեցման մանրադրամի վերածող ԵՏՄ-ից դուրս գալու, ինչպես նաև Արցախում և ՀՀ-ում միավորման հանրաքվե անցկացնելու ու դրա արդյունքների հիման վրա Արցախը նաև դե յուրե ՀՀ-ին միացնելու ծրագիրը:

Շարժման ներկայացուցիչները Արցախի ղեկավարներին նաև հորդորել են այլևս ոչ մի հույս չկապել Արցախը օտարին հանձնող երևանյան ազգուրաց ռեժիմի հետ, ինչպես նաև նկատի ունենալ, որ Արցախն ազատագրվել է համայն հայության ջանքերով, ուստի Արցախը առանձին ճամբար դարձնելն ու արցախցիներին համահայկական հարցերից մեկուսացնելն անթույլատրելի է, քանի որ այդ կերպով Արցախը վերածվում է արտաքին գաղութատիրական ուժերի ձեռքին գործիքի՝ ընդդեմ հայության և, առաջին հերթին՝ արցախցիների: Այդ պատճառով, հաշվի առնելով Արցախի ու արցախցիների մասնակցության ռազմավարական դերն ու նշանակությունը, Շարժման ներկայացուցիչները Արցախի ղեկավարներին հորդորել են չխոչընդոտել Շարժման մեջ արցախցիների լիարժեք ներգրավման գործին:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ Շարժման համակարգող խումբը որոշեց Շարժման ծրագրի մասին արցախցիների իրազեկման գործընթացը բաժանել երկու փուլի՝ առաջին փուլում բավարարվելով նրա ղեկավարության իրազեկմամբ՝ միևնույն ժամանակ պաշտոնական Ստեփանակերտին ժամանակ տալով Շարժման տեսակետները ծանրութեթև անելու ու կողմնորոշվելու համար:

Ըստ այդմ՝ Շարժման համակարգող խումբը որոշեց դեկտեմբերի 20-ին Արցախի տարածքում նախատեսված իրազեկման ավտոերթը հետաձգել, իսկ հերթական ավտոերթը անցկացնել դեկտեմբերի 21-ին՝ Սյունիքի տարածքում:

Արցախում անցկացվելիք իրազեկման ավտոերթի ժամկետի մասին Շարժման համակարգող խումբը կտեղեկացնի լրացուցիչ կերպով:

 «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

 

Տեսանյութեր

Լրահոս