Դղյակը

Սրընթաց գալիս է սև, անթերի լվացած ավտոմեքենան: Մուգ ապակիները թույլ չեն տալիս տեսնել՝ ո՞վ է մեքենայի խորհրդավոր ուղևորը: Կանգնում է: Ապակիներն արտացոլում են երկինքը, ծառերը: Բացվում է անթերի լվացած սև ավտոմեքենայի դուռը: Երևում է ոտքը: Երևում է սև տաբատը՝ արդուկի տակից քիչ առաջ դուրս եկած, ընդգծված սլաքով: Երևում է փայլեցրած սև կոշիկը: Թվում է՝ սա «Մերսեդեսի» կամ BMW-ի գովազդ է: Եվ հիմա ուր որ է՝ մեքենայից դուրս կգա առատ մազերը նորաձև հարդարած, 1.90 հասակով, լայնաթիկունք անթերի նստած կոստյումով գովազդի երիտասարդը՝ խորհրդավոր, ռոմանտիկ հայացքով:

Սակայն իրականությունն ամենևին ռոմանտիկ չէ. մեքենայից դուրս են գալիս Հայաստանի իշխանության վերնախավի ներկայացուցիչները. ՀՀ նախագահը, վարչապետը, ԿԲ նախագահը: Նաև՝ ֆինանսների նախարարը: Եվ նույնիսկ՝ Գալուստ Սահակյանը:

Բոլորը պետական այրեր են՝ կոչված Հայաստանի Հանրապետություն անունով պետության ներքին ու արտաքին գործերը, ֆինանսները, տնտեսությունը կառավարելու: Բայց ի՞նչ են անում իրականում:

Շատ բան չգիտենք: Գիտենք, որ ՀՀ նախագահը պարբերաբար թռչում է արտասահման: Իսկ եթե Հանրապետությունում է, ընդունում է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակների, բազկաթոռին նստած` նրանց հետ զրուցում է:

Կառավարության ղեկավարն էլ նիստեր է հրավիրում, հանձնարարականներ տալիս այս ու այն նախարարին: Օրերս վարչապետն անգամ սուպերմարկետ էր գնացել՝ գները տեղում կարգավորելու նպատակով:

Կա ավելի լավ տարբերակ՝ հասկանալու՝ իրականում ինչպես են ապրում քաղաքացիները: Երբ բարձրաստիճան չինովնիկները հիվանդանում են, նրանք, ճիշտ կլինի` շտապեն ոչ թե օդանավակայան՝ Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա մեկնելու, այլ մոտենան տարածքային պոլիկլինիկա, հերթ կանգնեն՝ մինչև բժիշկն իրենց կընդունի ու կտա ուլտրաձայնային (ՈՒՁ) հետազոտություն անցնելու անվճար ուղեգիրը:

Եվ կամ ժլատ արցունք պոկելու նպատակով ժողովրդին ուղղված խոսքերը՝ դրամի արժեզրկման ամենաթեժ պահին. «Աղավնյակներս, մի՛ անհանգստացեք, մենք բոլորս նույն նավի մեջ ենք: Մենք էլ ենք աշխատավարձերը ստանում ձեզ պես՝ դրամով, և մեր գումարներն էլ են արժեզրկվում»:

Ներեցեք, սակայն բարձրաստիճան չինովնիկները, որոնք պատասխանատու են այս երկրի համար, ապրում են անվճար՝ բոլորիս հարկերի հաշվին: Նրանց սպասարկում են մեքենաներ՝ մեր հարկերից գնված վառելիքով, ավտոպահեստամասերով: Թիկնապահները մեր հաշվին պահպանում են նրանց մեզնից, որ հանկարծ որևէ մեկս մոտ չգնանք: Նրանց կոմունալ ծախսերը՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, վճարում ենք մենք: Նրանք սնվում են մեր հաշվին: Հիվանդանալիս մեր հաշվին են ինքնաթիռ նստում ու մեկնում արտասահմանյան լավագույն կլինիկաներ՝ մեր հաշվին բուժվելու: Ի դեպ, դեսպանատներում էլ վիզայի համար գումարներ չեն մուծում: Այդ դեպքում՝ ինչպե՞ս ենք նույն նավի վրա:

Այսինքն՝ երբ մեր խնայողությունները զրոյանում են, աշխատավարձերն` արժեզրկվում, մեծ ցանկության դեպքում էլ չի կարելի ասել, որ մենք և նրանք տուժում ենք հավասարապես:

Երկրի նախագահից որևէ ցիտատ այս պահին բերել չենք կարող, քանի որ նա կարծես լռության ուխտ է արել: Դրամ-դոլար այս անհասկանալի աժիոտաժի սկզբին մի պահ, միայն մի պահ թվաց, թե հիմա-հիմա ամեն ինչ կփոխվի: Դեպքը տեղի ունեցավ մոտ մեկ շաբաթ առաջ. ԿԲ նախագահը հանգստության կոչ արեց ու հայտարարեց, որ ինքը գիտի՝ ովքեր են ֆինանսատնտեսական շուկայում սպեկուլյացիայով, դրամի չհիմնավորված արժեզրկմամբ զբաղվում, ու, որ րոպե առաջ բացահայտելու են նրանց մեկ առ մեկ:

Բոլորս շունչներս պահեցինք. վերջապես կիմանանք այդ սրիկաների անունները, հանրապետության նախագահը՝ ԿԲ նախագահի շուրթերով անարգանքի սյունին կգամի բոլոր նրանց, որոնց ագահության պատճառով մարդկանց խնայողություններն արժեզրկվեցին: Անուններ չհնչեցին: Դոլարի գինը հատեց ռեկորդային սահմանը՝ մինչև 620 դրամ: Անցան օրեր: Եվ ահա, ԿԲ նախագահը դարձյալ խոսեց և բառացիորեն կրկնեց հին տեքստը, բայց արդեն այլ, թարմ ամսաթվով: Թե ինչ գին պետք է վճարենք իրավիճակի հարաբերական հանդարտման համար, կերևա տոներից հետո:
Իշխանական բուրգին նստած մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են: Ավելի ստույգ, թվում է, թե աշխատում են, սակայն երկրում վիճակը միայն վատանում է:

Եվ ոչ մեկս չգիտենք, թե իրականում նրանք ինչով են զբաղված: Այս ամենն այնքան հիշեցնում է Կաֆկայի «Դղյակը»: Չինովնիկները (վեպում «չինովնիկի» հոմանիշը «հարուստն» է) ապրում են Դղյակում: Աղքատ, խեղճ մարդիկ ապրում են Դղյակի հարևանությամբ գտնվող բնակավայրում և միմյանցից տարբերվում են միայն աղքատության աստիճանով: Հեռվից երևում է Դղյակը: Սակայն, թե ինչ է կատարվում ներսում, ինչպես է կառուցված Դղյակի հիերարխիան, ինչ սկզբունքով են չինովնիկներն աշխատում, ոչ ոք չգիտի:

Եվ չպետք է իմանա: Մարդիկ տեսնում են հարևանությամբ անցնող չինովնիկներին, որոշ հավաքարարներ տեսնում են, թե ինչպես է թուղթը մի թղթապանակից դրվում մյուս թղթապանակ, մի սեղանից՝ մյուս սեղան, մի կաբինետից՝ այլ կաբինետ:

Բայց ո՞ւր և ի՞նչ նպատակով են այս ու այն կողմ մեկնում չինովնիկները, ոչ ոք չգիտի: Ի՞նչ է գրված այդ թղթերում, որոնք նրանք այստեղից այնտեղ են դնում, դարձյալ ոչ ոք չգիտի: Ոչ ոք չգիտի նաև, թե ինչ է լինելու իրենց հետ վաղը:

Սա իրապատում է, Կաֆկան էլ՝ ամենառեալիստ գրողը: Հասկանալու համար, որ վեպում նաև մեր իրականությունն է, ամենևին անհրաժեշտ էլ չէ Դղյակի փոխարեն գրել Բաղրամյան 26: Եվ կամ տալ Կառավարության շենքի ու ԱԺ-ի հասցեները:
Դեռևս դպրոցում ենք անցել՝ դասականը միշտ ժամանակակից է: Ավելի լավ չես ասի…

Տեսանյութեր

Լրահոս