ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցնում է Շավարշ Քոչարյանի հայտարարությունը

Այսօր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների կողմից ստորագրվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում:
Այդ նիստում` նախքան փաստաթղթի վավերացումը, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը` ասելով, որ Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը չի մտնի ԵՏՄ կազմի մեջ:

«Մենք մտահոգված էինք, որ տարածքը, որը չի մտնում Հայաստանի կազմի մեջ, կարող էր հայտնվել Մաքսային միության կազմի մեջ: Հայկական կողմն ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը: Պայմանագրին նոտա է կցվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մաս: Հայկական կողմն արել է պաշտոնական բանավոր հայտարարություն»,- բելառուսական BELTA լրատվական գործակալության հաղորդմամբ` ասել է Ալեքսանդր Միխնևիչը:

Հարցի առնչությամբ «168 Ժամը» մեկնաբանություն խնդրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ հեռուստատեսային հարցազրույցներից մեկում (տե՛ս ներքևում) Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է` «մենք վերահաստատել ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում»:

Ինչ վերաբերում է Միխնևիչի ասածին, որ պայմանագրին կցվել է նոտա, որ ԼՂՀ-ն ՀՀ մաս չի կազմում, ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց. «Իսկ թե արդյոք պայմանագրին նոտա կցվել է, թե ոչ, պայմանագիրը տեղադրված է վավերացնող խորհրդարանների կայքերում, կարող եք ինքներդ նայել և տեսնել կից փաստաթղթերը»:

Վկայակոչելով իր աղբյուրները` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հայտնում է, որ պայմանագրին պաշտոնապես կցված որևէ նոտա չկա, թեև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով նոտա պաշտոնապես ուղարկել է ԵՏՄ անդամ երեք երկրներին էլ:

Նշենք, որ Շավարշ Քոչարյանը, «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին հյուրընկալվելիս մեկնաբանելով Ղազախստանի նախագահի հոկտեմբերի 10-ի հայտարարությունը, ըստ որի «հաջողվել է փոխզիջման հասնել սահմաններին առնչվող նրբանկատ հարցում, որոնց շրջանակներում Հայաստանը միանում է ԵՏՄ-ին», նշել էր.

«Այստեղ փոխզիջման մասին չի խոսքը: Մենք ընդամենը վերահաստատել ենք այն մոտեցումը, որը Հայաստանը ունեցել է ի սկզբանե` անկախության օրերից, այսինքն` Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս: Մենք մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության` չճանաչելով դե յուրե, և մեր հարաբերությունները հորիզոնական են»:

Իսկ այս մոտեցումը չի՞ հակասում Հայաստանի դիրքորոշմանը, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը մեկ միասնական տարածք են: Պատասխանելով այս հարցին` Տիգրան Բալայանն ասաց. «Ես դա չեմ մեկնաբանում, ես ասում եմ այն, ինչ ասվել, վերահաստատվել է»: Նա նաև չմեկնաբանեց այն, որ բելառուսցիները, փաստորեն, մտահոգված էին, որ ԼՂՀ-ն կարող էր հայտնվել ԵՏՄ կազմի մեջ:

Ավելացնենք, որ ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը Ղազախաստանի ստորին պալատի վավերացումից հետո վավերացրել է նաև երկրի խորհրդարանի վերին պալատը` սենատը:
 

Տեսանյութեր

Լրահոս