Բաժիններ՝

«Ուրախ կլինեմ ապրել մի երկրում, որտեղ վարչապետն ամեն օր է գնում խանութ՝ իրենց տան հացն առնելու համար». Թևան Պողոսյան

Տնտեսությունը շատ հարցեր է լուծում քաղաքականության մեջ: Այս կարծիքն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ըստ որի՝  ֆինանսական ինստիտուտները ոչ միայն  պետք է կարգավորման խնդիրներով զբաղվեն, այլ նաև պետք է տարբեր կանխատեսումներ անեն և ծրագրագրավորեն.

«Մեր բոլոր քննարկումներից հասկանալի էր, որ փորձեր արվել են, այնպես չէի, որ չեն արվել, բայց թե ո՞ր մակարդակին և աստիճանին կհասներ, բնականաբար, չէր կանխատեսվում»:

Թ. Պողոսյանը նշեց, որ ԿԲ-ի նախագահի ասուլիսից և ԱԺ-ում կազմակերպված համապատախան փակ հանդիպումից հետո կան սպասումներ, որ իրականում կառավարությունը, Կենտրոնական բանկը տիրապետում են իրավիճակին, ունեն համապատասխան գործիքները և սկսել են դրանք կիրառել իրավիճակը մեղմելու հըամար. «Մենք տեսնում ենք արդյունքները և մենք հույս ունենք, որ անպայման կպատժվեն բոլորը: Հուսով եմ՝ այդ պատիժը մենք կտեսնենք, որ և՛ բնակչության մոտ այդ պանիկայի տրամադրությունները, և՛ այդ սպեկուլյատիվ ցանկությունները վերանան, նաև այն մարդիկ և ինստիտուտները, որոնք ներգրավված են եղել այդ սպեկուլյացիաների մեջ, համապատասխան պատիժը ստանան և գիտակցեն, որ այդ պատիժն ապագայում միշտ կլինի, այլևս մտքներով էլ չեն անցկացնի ապագայում նման գործողություններ անել»:

Նա կարծում է, որ հիմա փոխարժեքը կկարգավորվի, և միգուցե հասնի իր շուկայական արժեքին. «Ցավոք սրտի, ինձ թվում է՝ ինչքան էլ կառավարությունը փորձի ուժային մեթոդներով կամ այլ մեխանիզմներով գնաճը զսպել, այնուամենայնիվ գնաճ ունենալու ենք: Ընդհանրապես, երբ ապրանքների գները աճում են, հետո շատ դժվար են նվազում, եթե հատկապես մի շարբաթ, երկու շաբաթ այս սովորությանը մնան, ապա, դժվար թե, այդ գները հետ վերադառնան»:

Թ. Պողոսյանը նկատեց, որ հունվար ամսից սկսած, երբ միգրանտները կմեկնեն արտագնա աշխատանքի, ինչպես նաև տնտեսվարողները, ովքեր նոր տարվա առևտուրը անելուց հետո այդ գումարներով կգնան նոր ապրանքներ գնելու և բերելու, շուկայում կունենանք փոքրիկ տատանում.

«Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ՝ վարչապետը այցելում է գազալցակայաններ, իր այցելության ժամանակ գինը իջեցնում են, իսկ դրանից հետո նորից տեսնում ես՝ բարձրացնում են»: Ըստ նրա՝ պետք է գտնել նման դեպքերը և այնպես պատժել, որ մյուս անգամ չհամարձակվեն նման սպեկուլյացիաներ անել:

Հարցին՝ նորմա՞լ է, որ վարչապետը խանութներ է այցելում, գներ փոխում՝ Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց.

«Շատ լավ է, թող գնա, ես ուրախ կլինեմ ապրել մի երկրում, որտեղ վարչապետն ամեն օր է գնում խանութ՝ իրենց տան հացն առնելու համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս