Բողոքի ակցիա կառավարության մոտ. ցուցարարները «ամո՛թ» վանկարկումներով ճանապարհեցին Սամվել Ալեքսանյանին

ՀՀ կառավարության շենքի դիմաց այժմ սկսվել է մի քանի տասնյակ քաղաքացիների բողոքի ակցիան՝ ընդդեմ թանկացումների։ Քաղաքացիները կառավարությունից պահանջում են ձեռնարկել հրատապ միջոցառումներ մինչև դեկտեմբերի 23-ը առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչ ճգնաժամային մակարդակի բերելու համար։

Նրանք նշում են, որ այս պահանջը չիրականացնելու դեպքում կոչ են անելու բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները։ Քաղաքացիները պահանջում են իջեցնել գազալցակայաններում գազի գինը։ Այս պահանջը չկատարելու դեպքում իրենք համագործակցելու են երթուղային և տաքսի վարորդների հետ՝ կազմակերպելով գործադուլներ։

Պահանջներնց մեկն էլ քաղաքացիների դոլարային վարկերը վերահաշվարկելն է մինչև դեկտեմբերի 23-ը, այս պահանջը չկատարելու դեպքում դոլարային բոլոր վարկառուներին կոչ են անելու չկատրարել վարկային վճարումները։

Քաղաքացիները կառավարությունից պահանջում են նաև որպես առաջնային միջոցառում իրականացնել շուկայի ազատականացում վերացնելով բոլոր մենաշնորհները՝ արգելել ՀՀ-ից դեպի Ռուսաստան դոլարի և Ռուսաստանից դեպի Հայաստան ռուբլու սպեկուլյատիվ մուտքերը և ելքերը։

Ի թիվս այս պահանջների՝ քաղաքացիները պահանջում են նաև դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը։ Մինչև քաղաքացիները կառավարության շենքի առաջ ելույթ էին ունենում կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում ցուցարարները «երկրի առաջին օլիգարխ» և «ամո՛թ» բացականչելով ճանապարհեցին։

Մանրամասները առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս