Բաժիններ՝

Հանցագործը ներկայացել է որպես ոստիկան ու կողոպտել քաղաքացուն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 04.25-ին, 49-ամյա Արմեն Բ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ի սահմաններում, մի քաղաքացի զանգահարելով իրեն՝ ներկայացել է Արթուր անվամբ եւ խնդրել գումար տեղափոխել Սեւան քաղաք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնության գալով՝ ժամը 22.00-ի սահմաններում հանդիպել են Երեւանյան լճի տարածքում /կոնկրետ հասցեն պարզվում է/, որտեղ Արթուրը, մեկ այլ երիտասարդի /տվյալները պարզվում են/ հետ, իջել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, իսկ վարորդը /տվյալները պարզվում են/ մնացել է ավտոմեքենայում:

Արթուրն ու նրա հետ իրեն մոտեցած երիտասարդը ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ եւ պահանջել են դատարկել գրպանների պարունակությունը: Արմեն Բ.-ն խնդրել է ներկայացնել վկայականները, սակայն նրանք հրաժարվել են, ինչի հետեւանքով էլ վիճաբանություն է սկսվել:

Ի վերջո, Արմեն Բ.-ն վախենալով, որ կվնասեն իրեն, դատարկել է գրպանների պարունակությունը, իսկ անծանոթները վերցնելով բջջային հեռախոսը, 4.000 ռուբլի եւ 125.000 դրամ՝ հեռացել են, պատճառելով 161.000 դրամի նյութական վնաս:

Դեկտեմբերի 19-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Արագած փողոցի թիվ 28 հասցեի մոտից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 42-ամյա Քաջիկ Դ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա խոստովանական ցուցմունք է տվել:

Քաջիկ Դ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս