«Սեյրան Սարոյանը անկեղծ զարմացած էր, թե ինչպես կարելի է այսպիսի մանր հարց, ինչպես ծեծն է, հասցնել ԱԺ-ի ամբիոն»

«Բնականաբար, մենք ապրում ենք Կովկասում, և ցանկացած մարդ՝ լինի քաղաքական գործիչ, ընդդիմադիր կամ չգիտեմ՝ ինչ, եթե հայհոյում է, պետք է գրեթե միշտ պատրաստ լինի, որ ինչ-որ ռեակցիա այդ գործողության արդյունքում լինելու է: Իմ կարծիքով՝ սա ինչ-որ ավելի ստորին օղակներում ծնված նախաձեռնություն է»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակման մասին:

Վ. Հակոբյանը ավելի շատ հակված է նրան, որ սա իշխանական որոշ շրջանակաների նախաձեռնությունն է. «Դա քծնանքի, հերթական անգամ իշխանության վերին օղակներին ինչ-որ լավություն անելու, ինչ-որ չափով իրենց պիտանելիությունը ապացուցելու հերթական դրսևորումը կարող է լինել, կամ՝ հերթական փորձը՝ ցույց տալու նախագահին, որ առանց մեզ՝ դու չես կարող այս հարցերը լուծել: Ես կոնկրետ Արամ Մանուկյանի դեպքում չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին շատ խորթ է տղավարի իր հարաբերությունները պարզել կոնկրետ մարդու հետ, եթե դրա ցանկությունը կա, թեկուզ հրավիրելով նույն Արամ Մանուկյանին նախագահական իր նստավայր և այնտեղ պարզելու՝ ինչն է պատճառը և այլն և այլն»:

Վերլուծաբանի խոսքով՝ եթե քեզ վիրավորել են, դու կարող ես պատասխանել, կարող ես նաև այդ բառապաշարով պատասխանել, բայց պետք է միշտ պատրաստ լինես, որ եթե դու պաշտոնյա ես, մյուս քայլը պետք է լինի գոնե սեփական դիմումի համաձայն հրաժարական տալը: Ըստ նրա՝ այս միջադեպերի վերաբերյալ պաշտոնական ռեակցիան ադեկվատ չէր կատարված գործողություններին»:

Նա նկատեց, որ այս վերջին երկու օրվա «ինտերնետային քաղաքական հիթը» գեներալ Սեյրան Սարոյանի ելույթն էր Ազգային Ժողովում. «Այդ ելույթը, անկախ իր բովանդակությունից, տեսեք՝ ինչ ցույց տվեց. այն անկեղծ էր, և, ըստ էության, Սեյրան Սարոյանը բացատրեց, թե այսօր Հայաստանի իշխանական վերանախավում կամ ավելի ցածր օղակներում ինչպես են լուծվում հարցերը: Ինքը, իրոք, անկեղծ զարմացած էր, թե ինչպես կարելի է այսպիսի մանր հարց, ինչպես ծեծն է, հասցնել ԱԺ-ի ամբիոն: Այսինքն՝  ինքը ասում է՝ մեր առօրյան սա է, մենք ինքներս այս հարցեը լուծում ենք, ինչո՞ւ եք խառնվում: Եթե վաղը, մյուս օրը որևէ մեկին հետաքրքրի, թե ինչպիսին է Հայաստանում եղել այս 2000-ականներին բարքերը, կարող են վերցնել այդ ելույթը և տեսնել»:

 

Տեսանյութեր

Լրահոս