Բաժիններ՝

«Տասից ավելի մասնագիտությունների եմ տիրապետում՝ մարզիկ եմ, մանկավարժ, հակատեռորիստ, թիկնապահ, հոգեբան, պրոդյուսեր, ռեժիսոր, երաժիշտ». Գոռ Վարդանյան

Life.panorama.am-ն զրուցել է  Գոռ Վարդանյանի հետ, ով անկեղծացել է  ոչ միայն սպորտային ու կինոոլորտներից, այլև որպես ընտանիքի հայր, ամուսին ու հայ:

-Գոռ, եթե չեմ սխալվում, դուք չունեք դերասանի, ռեժիսորի և սցենարիստի կրթություն, բայց գործնականում կարողանում եք երեքը մեկտեղել: Ինչպե՞ս է ստացվում:

-Անկեղծ ասած՝ ես տասից ավել մասնագիտությունների եմ տիրապետում. ավարտել եմ Երևանի Ճարտարապետական ինստիտուտը, նաև նկարիչ եմ: Իրավաբանական ֆակուլտետն եմ ավարտել: Մարզիկ եմ, մանկավարժ, հակատեռորիստ, թիկնապահ, հոգեբան, պրոդյուսեր, ռեժիսոր, ունեմ նաև երաժշտական կրթություն:

-Որպես պրոդյուսեր, ռեժիսոր, դերասան՝ ինքնուս չե՞ք:

-Ոչ, Միացյալ Նահանգներում սովորել եմ ու ավարտել: Ես իմ ոչ մի գործին սիրողական մակարդակով չեմ վերաբերում: Միջին որակի մի բան անել չեմ սիրում, միջին լինելու բնավորություն չունեմ: Եթե որևէ գործ եմ նախաձեռնում, ապա դա պետք է լինի շատ լավը: Պարզապես ամեն ինչի համար էլ ժամանակ է հարկավոր:

-Ինչո՞ւ են մարդիկ Ձեզ առավել շատ ճանաչում սպորտից, վերջին շրջանում՝ նաև կինոոլորտից:

-Առավել շատ այդ երկու ոլորտներում եմ աչքի ընկել: Իրականում, իմ մասնագիտությունները միմյանց օգնում են: Օրինակ, մինչև երաժշտությունը «չի գալիս», ֆիլմի սցենարը գրել չեմ կարողանում: Երկար տարիներ աշխատել եմ և՛ իրավապահ մարմիններում, և՛ ազգային անվտանգությունում:

-Փաստորեն ֆիլմ պատրաստելիս՝ առաջինը երաժշտությո՞ւնն եք որոշում:

-Թեման եմ որոշում: Ինքս պետք է հավատամ այդ թեմային: Ցանկացած ռեժիսոր, սցենարիստ, ֆիլմ արտադրող մարդ նախ պետք է հասկանա՝ ինչի՞ համար է դա անում, ի՞նչ ասելիք ունի: Հետաքրքիր են ստացվում այն ֆիլմերը, որոնցով ռեժիսորը ապրում է, զգում: Ֆիլմն էլ հեքիաթի պես մի բան է ու ամեն մարդ իր «պատմելու» ձևն ունի: Յուրաքանչյուր ռեժիսոր իր տեսանկյունից է նկարահանում:

-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ֆիլմարտադրությամբ:

-1993-95 թվականներին էր, նորանկախ Հայաստան. մի շրջան, երբ մարդիկ իրենց բնակարանները փոխում էին ինքնաթիռի տոմսի հետ և «փախնում» Հայաստանից: Իմ մտահղացումը շատերին անհնար էր թվում: Ես ոլորտին բոլորովին ծանոթ չէի, ոչինչ չէի հասկանում, ուղղակի խանդավառված էի: Տպավորված էի այն ժամանակվա մարտարվեստի ֆիլմերով: Թեև, ես որևէ մեկին նմանվել չեմ սիրում: Կարող ես օգտագործել այդ փորձը, բայց դու քո ստորագրությունը պետք է ունենաս: Հիմնականում, շատ էի հավանում Չակ Նորիսի ֆիլմերը: «Աքշն» ոճի ֆիլմեր եմ նկարահանում, քանի որ մեզ մոտ դա է լավ ստացվում: Հավատացեք, բավականին դժվար է նման ֆիլմեր նկարահանելը: Մենամարտերը բավական լուրջ ու ժամանակատար աշխատանք են պահանջում: Մրցումների գնալիս ավելի քիչ էինք մարզվում, քան, երբ ֆիլմում մենամարտ պետք է ներկայացնենք:

-Դերասանների համար դժվար չի՞ լինում հանդես գալ այդ ոճում:

-Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերասան պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Անհրաժե՞շտ է մարտաֆիլմում նկարահանվել, գնա՛ դասընթացների, սովորի՛ր, որոշ չափով հմտացի՛ր, որպեսզի խաղդ ստացվի: Հոլիվուդում՝ իմ դպրոց այսօր շատ դերասաններ են գալիս՝ արևելյան մարտարվեստի անհատական դասընթացներ ստանում: Պարտադիր բաներ կան, որ դերասանը պետք է իմանա. ձի քշել, մեքենա վարել, սիգար ծխել: Մանրուքներ, որոնք կարող են խանգարել: Մեզ մոտ դրան այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, քանի որ մարտարվեստի ֆիլմեր քիչ են նկարահանվում: Ավելի շատ խաղարկային, սենյակային ֆիլմեր են: Եթե պահանջը լինի, թատերական ինստիտուտում նման դասընթացներ կավելանան: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ կարևորը ցանկությունն ու աշխատասիրությունն է. դրսից ինչ-որ մեկը կարող է նկարահանվել և հրաշալի դերասան դառնալ, քան դերասանի դիպլոմով եկածը: Տաղանդ ու աշխատասիրություն՝ ահա կարևոր նախապայմանը

-Ձեր ֆիլմերում նկարահանվող մեր դերասաններից եղե՞լ են մարդիկ, ովքեր ցանկացել են հմտանալ մարտարվեստում՝ մինչ նկարահանումները:

-Կարող եմ օրինակ բերել Ռաֆայել Քոթանջյանին: «Ընտրություն» ֆիլմի նկարահանման ժամանակ նա եկավ, համազգեստը հագավ և սկսեց մարզվել… Նույնը կարող եմ ասել Լևոն Ղազարյանի մասին: Ես դրանից ինձ լավ զգացի: Ասեմ, որ մեր բոլոր դերասաններն էլ պատրաստակամ են, կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում սիրով կսովորեն: Սա նաև առողջության համար է օգտակար:

-Դրսի գործընկերներից ֆիլմային առաջարկներ ունեցե՞լ եք:

-Ես դերասան չեմ, գրում, նկարում ու խաղում եմ այն, ինչ ինքս եմ ուզում: Առաջարկներ շատ ունեմ, բայց մերժել եմ, որովհետև սկզբունքներիս չի համապատասխանել:

-Հնարավո՞ր է՝ Ձեր ֆիլմում գլխավոր հերոսի դերում դուք չլինեք:

-Իհարկե, հնարավոր է: Օրինակ, վերջին ֆիլմում կերպարս ուրիշ անուն ունի, ի տարբերություն մնացյալ ֆիլմերի, որտեղ իմ անունով եմ հանդես եկել: Այստեղ ես Մաքսն եմ, ու շատ տարբեր եմ…

-Մինչև հիմա ինչո՞վ է պայմանավորված այդ ավանդույթը չխախտելը՝ գլխավոր հերոսի կերպարում մեկ ուրիշին չտեսնելը:

-Ուղղակի այդպես եմ ուզում (ծիծաղում է):

-Սպորտը երեխաների ներսում ագրեսիվություն չի՞ առաջացնում, թե՞ ընդհակառակը՝ հավասարակշիռ է դարձնում:

-Սպորտային մեթոդիկայի հետ կապված 5 գիրք ունեմ գրած: Գոյություն ունի ոգի (դուխ) հասկացությունը: Երբ երեխան հասունանում է, զարգանում, կարողանում է ճանաչել սեփական հնարավորությունները: Իսկ առավել վաղ հասակում երեխաներին թվում է, թե իրենք որևէ մեկից հետ են կամ թույլ: Սա հոգեբանական երևույթ է: Իմ մարզիչը ժամանակին ասում էր. «Մարդու ուղեղի մեջ կան բազմաթիվ փակ դռներ: Իմ խնդիրը այդ դռներից յուրաքանչյուրի բանալին գտնելն ու ձեզ տալն է, որպեսզի կարողանաք բացել»: Կարատեն հետաքրքիր մարզաձև է: Այն իր մեջ հոգեբանական տարրեր է պարունակում, հղկում է, դարձնում օրինակելի ու վստահ:

 

-Շատերի մոտ կարծիք է ձևավորվել, որ սպորտսմենները գիր-գրականության հետ սեր չունեն:

– Ես սիրում եմ սպորտը, այն ինձ համար ապրելակերպ է, բայց դա չի նշանակում, որ դրանից դուրս այլ բան չպետք է տեսնես: Պետք է սովորես, գրես, կարդաս, կատարելագործվես: Զգում եմ, որ հայ մարզիկներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ, դա ողջունելի է:

-2015 թվականը կարևոր տարի է հայ ժողովրդի համար. ցեղասպանության 100-րդ տարելից: Որևէ ձեռնարկով պատրաստվո՞ւմ եք մասնակցություն ունենալ:

-Ես ամբողջ կյանքում դա եմ անում, ուժն է արդարություն ծնում: Մեր նպատակին հասնելու համար պետք է մեր երեխաներին ուժեղացնենք, բացը լրացնենք, որպեսզի հաղթենք: Ցանկացած զինադադար նոր պատերազմի սկիզբ է, պետք է այդ ժամանակահատվածում ուժեղանալ: Սերունդն ուժեղանում է, երբ միասնական են լինում, գաղափարախոսություն են ունենում, հայրենասեր ու զարգացած են լինում, կապեր ու ծանոթություններ են ունենում: Ինչպե՞ս են հրեաներն անում. օգնում են աշխարհում սփռված իրենց ազգին, ուժեղացնում են բանակը, մարդկանց: Եթե սերունդներին այսօր ուժեղացնենք, իրենք վաղն այդ հարցը կլուծեն:

-Հավատո՞ւմ եք, որ մի օր Հայաստանը կամբողջացնենք:

-Իհարկե հավատում եմ: Ես էլ այն մարդկանցից մեկն եմ, ով պայքարում է դրա համար: Ուղղակի պայքարի իմ ձևն ունեմ. դաստիարակում, ուժեղացնում եմ սերունդ, քարոզում եմ հայրենասիրություն ու սեր: Պետք է բոլոր հայերով չբզկտենք, չթուլացնենք, չդավաճանենք միմյանց: Չերևացող աշխատանքներ կան, որոնք առավել մեծ արդյունք կարող են տալ:

gor1(2)

-Ըստ Ձեզ՝ մեր երիտասարդները համախմբվա՞ծ են:

-Իսկ ինչո՞ւ ոչ: Խնդիրներ բոլոր ազգերի մոտ էլ կան, պարզապես մեզ մոտ մի քիչ շատ է. մեկ-մեկ սիրում ենք իրար տակ «փորել»: Պետք է թիմային մտածելակերպ ունենանք: Էգոիզմը բոլորի մեջ կա, բայց եթե ուզում ես հաղթանակի հասնել ու դաշնակիցներ ունենալ, պետք է մի քիչ էլ զիջող լինես ու թիմային մոտեցում ցուցաբերես: Ես-ը պետք չէ անընդհատ առաջ տանել: Եթե ուզում ես առաջ գնալ, դիմացինիդ, ընկերոջդ պետք է ոչ թե հետ հրես, այլ առաջ, ու դու էլ նրա հետևից գնաս… Ամեն տեղ էլ կա լավն ու վատը: Պետք է դավաճանը լինի, որ նվիրվածի արժեքն իմանաս, վատը լինի, որ լավը հասկանաս: Եթե կյանքում ամեն ինչ հարթ լինի, նշանակում է ռոբոտ ես:

-Շփվո՞ղ անձնավորություն է Գոռ Վարդանյանը:

-Իհարկե: Մարդկանց մեծամասամբ թվում է, որ ես շփվող չեմ (ծիծաղում է): Ես ինձ երբեք հեռու չեմ պահում մարդկանցից, անընդհատ միջոցառումներ եմ կազմակերպում, որտեղ սիրով շփվում եմ բոլորի հետ:

-Ձեզ ի՞նչը կարող է հունից հանել:

-Աշխատում եմ հունից դուրս չգալ, ինձ հանգիստ եմ պահում: Չեմ սիրում ծույլ, անբան, դատարկ մարդկանց, ովքեր ամբողջ օրը նստած երազում են, թե ինչի պետք է հասնեն, ու բողոքում են: Բայց ով ուզում ես եղիր, ինչ պաշտոնի կուզես եղիր, հաջողության կհասնես, եթե աշխատես:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս