Բաժիններ՝

«Նոր տարի է գալիս, ու շուկան դատարկ է, սա ողբերգություն չէ՞ հայի համար». Առևտրական (տեսանյութ)

«Անցած տարիներին էս շրջանում շուկա մտնել չէր լինում, հերթեր էին գոյանում բոլոր սեղանիկների մոտ, իսկ հիմա նայեք՝ ի՞նչ հերթի մասին է խոսքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց շուկայում աշխատող վաճառականներից մեկը՝ պատասխանելով հարցին՝ անցյալ տարիների համեմատ այժմ ինչպե՞ս է ընթանում ամանորյա  առևտուրը:

Շատ վաճառականներ անգամ ծիծաղելի էին համարում այս հարցին պատասխանելը, քանի որ, ըստ նրանց՝ պատկերն ակնհայտ է: Գրեթե բոլոր մեր զրուցակիցները այս համատարած թանակացումներն ու շուկաներում մարդկանց սակավությունը բացատրում էին մեկ հանգամանքով՝ դոլարի փոխարժեքի բարձրացումով:

Նրանք նշում էին, որ անգամ տեղական ապրանքների գներն են բարձրացել, քանի որ, ըստ նրանց՝ բոլոր առևտրականներն էլ դոլարով վերցրած վարկեր ունեն, ու այդ գումարը մարելու համար՝ պետք է գոնե մի քիչ փող աշխատեն.

«Գիտեք՝ մեզ համար հաճելի՞ երևույթ է սա: Ամբողջ օրը կանգնում ենք՝ մի կոպեկ չենք աշխատում: Սարսափելի իրավիճակ է, այսպիսի բան դեռ չի եղել»,- ասաց առևտրականներից մեկը:

Կարդացեք նաև

Նրանք նշում էին, որ բոլոր ապրանքներն էլ նախորդ տարիների  համեմատ այս տարի ավելի թանկ են. «Որը դոլարի հետ է կապված, բնականաբար, թանկացել են: Օրինակ, չարազն ամբողջությամբ դրսից է գալիս ու դոլարով, պարզ չի՞, որ կթանկանա: Օրինակ, նուշը, հնդակական ընկույզն անցյալ տարի եղել է 6000-6500 դրամ, իսկ այս տարի՝ 7000, 8000: Մրգերն էլ՝ ցիտրուսը դրսից է գալիս, բանանը դրսից է գալիս, պարզ է, որ գինը բարձր է: Շուկայի 99%-ը դոլարով վերցրած վարկեր ունեն, պետք է վաճառեն, որ կարողանան փակել այդ վարկերը: Եթե դոլարն այսօր մեր բանկի կառավարիչն իջեցնի, շուկայում ամբողջ գները միանգամից կիջնեն»,- մեզ հետ զրույցում նշեց առևտրականներից մեկը:

Միրգ վաճառող մի կին էլ նկատեց, որ եթե անցյալ տարի իրենք մանդարինը ներկրողից վերցնում էին 300, 400 դրամով, ապա այս տարի վերցնում են 1000-1200 դրամով և վաճառում են 1300-1500 դրամով:  Նուռը վերցնում են 1500 դրամով, այնինչ անցյալ տարի՝ 800-900 դրամ է եղել:

Անցյալ տարվա համեմատ թանկացել է նաև լավաշը. «Եթե լավաշն անցյալ տարի վաճառում էի 100 դրամով, այս տարի վաճառում եմ 120-ով: Քանի որ ալյուրը թանկացել է, բնականաբար, ազդել է նաև լավաշի գնի վրա»,- նշեց լավաշ վաճառող մի կին:

Կիսադատարկ շուկայում առևտրականներից շատերը մտածում էին անգամ իրենց սեղանիկները փակելու ու չաշխատելու մասին. «Մարդ չկա, սաղ գնացել են, ով էլ մնացել է՝ փող չունի առևտուր անելու, իսկ ով էլ ունի, գնում է արտասահմանում է դիմավորում նոր տարին: Մենք էլ սենց սաղ օրը պարապ մնում ենք: Սուրմալույում գիտեմ շատերին, որ դադարեցրել են աշխատանքը, ես էլ եմ մտածում, բայց ուրիշ ճար էլ չունեմ»:

Մի առևտրական էլ նշեց, որ այս ամենի համար պատասխանատու են իշխանությունները, որ ժողովուրդն այս օրին է հասել. «Բա ո՞ւմ մեղադրեմ, քե՞զ մեղադրեմ, կամ կողքինի՞ս մեղադրեմ: Նայեք շուկային՝ նոր տարի է գալիս, ու շուկան դատարկ է, սա ողբերգություն չէ՞ հայի համար»,- բողոքեց տղամարդը ու թույլ չտվեց իրեն նկարել՝ նշելով, որ այս ամենը ոչ մի բան էլ չի փոխում, ոչ մեկ ժողովրդին հաշվի չի առնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս