Գալուստ Սահակյանը խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է խորհրդակցության

Այսօր ՀՀ կառավարության առաջարկոց ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրվել, որտեղ քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ 7 վարկային պայմանագրեր:

Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ օրակարգը հաստատելու նպատակով քվեարկություն հայտարարեց, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն առաջարկում է մինչև արտահերթ նիստի հարցերը քննարկելը, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վերջին շրջանում ազատամարտիկների, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:

Ն. Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ եթե ԱԺ-ն այդ հարցով նիստը չհրավիրի, ապա ԲՀԿ-ն կբոյկոտի արտահերթ նստաշրջանը:

Դրանից հետո նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նրանց միացավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ասելով, որ՝ «ազատամարտիկների առջև պետք է խոնարհվել, ոչ թե ծեծել»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ առաջարկեց գտնել որևէ ձև, որով ԱԺ-ն կարտահայտի իր վերաբերմունքը կատարվածի առնչությամբ: Նա ՀՅԴ-ի անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց, իսկ Գալուստ Սահակյանը ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց իր մոտ՝ խորհրդակցության:

Տեսանյութեր

Լրահոս