Տորոնզո Քեննոն. «Մենք՝ սևամորթներս ենք ստեղծել բլյուզը, բայց մեր օրերում այն բոլորի համար է»

Երևանում բլյուզի սիրահարների համար համերգներ քիչ են կազմակերպվում, ու երբ Հայաստան է այցելում որևէ հայտնի բլյուզմեն, մի հարկի տակ է հավաքում գրեթե բոլոր բլյուզապաշտներին: Արդեն երկրորդ անգամ հայտնի բլյուզմեն Տորոնզո Քեննոնը (Toronzo Cannon) Չիկագոյի բլյուզը ներկայացնում է հայ հանդիսատեսին ու օրը տոն դարձնում բլյուզ երաժշտություն սիրողների համար: Այս անգամ Տորոնզո Քեննոնն այցելեց Հայաստան «Mezzo» ակումբի 5-ամյակի կապակցությամբ. դեկտեմբերի 3-ին «Mezzo» ակումբում տիրում էր Քեննոնի բլյուզը: Չիկագոյից ժամանած հայտնի բլյուզմենի հետ զրուցել ենք համերգից մի քանի ժամ առաջ:

– Առաջին անգամը չէ, որ Դուք Հայաստանում եք: Սիրո՞ւմ եք մեզ` հայերիս:

– Այո, շատ եմ սիրում: Սա երրորդ անգամն է, որ այստեղ եմ: Երբ հայերը սիրում են երաժշտությունդ ու քեզ նորից են հրավիրում, դա, իրոք, հիասքանչ է: Շատ հաճելի է, որ այս ամենը նաև շարունակական բնույթ է կրում:

– Կարո՞ղ ենք ասել, որ հայերը սիրում են բլյուզ:

Կարդացեք նաև

– Այո, այո, դուք սիրում եք բլյուզ: Երբ ես առաջին անգամ էի այստեղ, ելույթ ունեցա ազգային թատրոնում, ու այնքա՜ն շատ մարդ կար: Գիտեք, երբ ես վերադառնում եմ ԱՄՆ, իմ ընկերներն ասում են` «Հայաստա՞ն, այնտեղ բլյո՞ւզ կա», ու ես պատասխանում եմ` «այո, այնտեղ ամենուրեք բլյուզ է», ու նրանց ցույց եմ տալիս այդքան շատ հանդիսատեսի նկարները…

Toronzo (5)

– Չիկագոյի բլյուզը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա. բազմաթիվ երաժիշտներ են ոգեշնչվել հենց այս բլյուզով, ու հայտնի բլյուզմեններից շատերն էլ հենց Չիկագոյից են` Muddy Waters, Buddy Guy, Little Walter, բլյուզվումն` Koko Taylorգ նման համաշխարհային «բլյուզ դեմքերը» Ձեր քաղաքից են, նույնիսկ ամենահայտնի ձայնագրության ստուդիաներից մեկը` Chess Records-ը, հենց Չիկագոյում է հիմնվել: Ձեր ծննդավայրը դեր խաղացե՞լ է բլյուզն ընտրելու հարցում. նկատի ունեմ` եթե Չիկագոյում ծնված չլինեիք, ի՞նչ եք կարծում` նորից բլյուզմեն կլինեի՞ք:

– Կարծում եմ` այո, նորից բլյուզմեն կլինեի, պարզապես Չիկագոյում բլյուզն ասես քո շուրջբոլորն է: Օրինակ` հնարավոր է Կալիֆոռնիայում էլ զգաս բլյուզի ազդեցությունը, բայց Չիկագոն ուրիշ է. Չիկագոյում ես միշտ շրջապատված եմ այնպիսի մարդկանցով, որոնք բլյուզ են լսում իրենց ամբողջ կյանքում: Միևնույն է` բլյուզն ամբողջ աշխարհով է տարածված, բայց որքան ավելի շատ ես ազդեցությունը զգում, այնքան քեզ համար` ավելի լավ: Ուրիշ երկրներում էլ լսում են բլյուզ, բայց, ասես, երկրորդ-երրորդ ձեռքից: Հենց Չիկագոյում ես ճանաչում եմ նույնիսկ մարդկանց, ովքեր նվագել են Muddy Waters-ի, Magic Sam-ի հետ:

Ես, օրինակ, 3 հոգու գիտեմ, որոնք նվագել են Muddy Waters-ի հետ, ես անձամբ չեմ հանդիպել նրան, բայց լսել եմ Waters-ի պատմությունները հենց նրանցից: Նկատի ունեմ` եթե դու ուրիշ երկրում կամ քաղաքում ապրես, այս մարդկանց փողոցում քայլելիս չես հանդիպի ու ասես` «հե՜յ, դուք այն մարդն եք, որ նվագել է Muddy Waters-ի հետ»: Բայց կարծում եմ` եթե սիրում ես բլյուզը, այն կգտնի քեզ, ի վերջո, կգա քո հետևից: Ասենք` դու հնարավոր է մի օր նստած լսում ես բլյուզ երաժշտություն, ու ասում ես` ի՞նչ էր սա, ու այն քեզ գտնում է, հետո դու ինքդ ես զգում, որ սկսում ես հետևել այս երաժշտությանը:

– Ի՞նչ եք կարծում` բլյուզ երաժշտությունը և ոչ միայն` բլյուզը, ջազը նույնպես, առհասարակ այս տեսակի երաժշտությունները սևամորթների համա՞ր են: Օրինակ` թվարկեցի բլյուզի տիտաններից շատերին ու նկատում ենք, որ նրանք բոլորն էլ սևամորթ են, նունիսկ` BB King-ը` բլյուզի թագավորը, սևամորթ է: Պատմությունն էլ հուշում է, որ բլյուզը ստեղծել են աֆրոամերիկացիները, բայց հիմա` մեր օրերում, ի՞նչ եք կարծում` այն, այնուամենայնիվ, սևամորթների համա՞ր է:

Toronzo (4)

– Այո, մենք` սևամորթներս ենք ստեղծել բլյուզը, բայց մեր օրերում այն բոլորի համար է: Եթե սիրում ես բլյուզ, եթե դու իսկապես լավ բլյուզմեն ես կամ բլյուզվումն, ուրեմն` այն քեզ համար է: Լավ բլյուզ երաժիշտներն ամենուր են, կախված է նրանից, թե դու ինչպես ես այն զգում. եթե դու, ասենք, պարզապես, կատարում ես շոուի համար, դու չես դիպչի մարդու սրտին: Օրինակ` գիտեմ մարդկանց, ովքեր նվագում են ռոք, բլյուզ, ջազ ու ասում են` բլյուզը հեշտ է նվագել, քանի որ այնտեղ 3 ակորդ է. Ջիմի Հենդրիքսն ասում էր. «Բլյուզ հեշտ է նվագել, բայց դժվար է զգալ»:

Երբ դու զգում ես այն, երբ դու կարող ես արտահայտել ու փոխանցել այդ զգացմունքը հանդիսատեսին` առանց ֆիզիկապես դիպչելու նրան, ու երբ հանդիսատեսն է նույնը զգում, սա է լինում իրական բլյուզը: Ասում են` դա երաժշտության հոգին է, այո՛, հոգի է, քանի որ, եթե զգում ես երգը, փշաքաղվում երգը լսելիս, այն վերածվում է ֆիզիկական ռեակցիայի. այն քեզ ֆիզիկապես չի դիպչում, այլ ազդում է քեզ վրա հոգեպես:

Մի խոսքով` այնպես չէ, որ արտիստը պետք է ասի` օ՜, ես սևամորթ եմ, դրա համար ինձ պետք է ընդունեք, կամ` դու պետք է սիրես իմ բլյուզը, որովհետև այն սևամորթի բլյուզ է: Կախված է մարդուց: Ես այն դիրքում չեմ, որ դատեմ որևէ ուրիշ մշակույթի, ու ասեմ` նրանք կարո՞ղ են նվագել բլյուզ, թե՞ ոչ, դա իմ գործը չէ, իմ գործը` իմ բլյուզը և ինքս ինձ արտահայտելն է:

– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում երաժշտություն ստեղծելու համար:

– Իմ ոգեշնչումը կյանքն է: Որպեսզի լավ պատմություն գրեմ, լավ երգ, ես կյանքից եմ ոգեշնչվում: Կլիշեի նման կհնչի, բայց ինչքան երկար ես ապրում, այնքան ավելի շատ բան կունենաս գրելու, ավելի շատ կյանքի փորձ կունենաս: Դեմ չեմ, երբ փոքր երեխաներն են նվագում բլյուզ, բայց երբ դու 11-12 տարեկան ես, ի՞նչ կյանք դու պետք է ապրած լինես: Դե, ոչ բոլոր բլյուզ երգերն են կնոջ ու դավաճանության մասին, դրանք նաև ֆինանսական դժվարությունների, ընտանիքի, աշխատանքի, մահվան մասին են լինում:

Toronzo (8)

Կարծում եմ` ինչքան շատ կյանք տեսած ես լինում, այնքան ավելի խորն ես զգում արածդ: Ես փորձում եմ գրել այնպիսի երգեր, որոնք իմ կյանքից են, ու գիտեք` դրանք ավելի հեշտ են կատարել, քանի որ իրականում տեղի են ունեցել, կարող եմ ասել` իմ երգերի 70%-ը կյանքիցս է վերցված ու իրական է:

– Իսկ Դուք ինչպե՞ս գտաք բլյուզին, կամ ավելի ճիշտ` բլյուզն ինչպե՞ս գտավ Ձեզ:

– Երբ այլևս չէի կարող բասկետբոլով զբաղվել, ցանկացա կիթառ նվագել, ու երբ սկսեցի նվագել, սկսեցի ռեգգի երաժշտությունից, որը հենց ջամայկացիների բլյուզն է: Ես ցանկացա ռեգգի նվագել, բայց ուր գնում էի, ասում էին` սա բլյուզ է: Հետո ես տանը միշտ բլյուզ էի լսում, պապիկս էր նվագում, դե, մի խոսքով` սկսեցի բլյուզ նվագել սովորել. ես ուզում էի նվագել ռեգգի, բայց բլյուզն ասաց` ոչ: Բլյուզը` ինքը, գտավ ինձ:

Toronzo (1)

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ կիթառն առաջին անգամ Ձեր ձեռքն առել եք 21 տարեկանում: Ուշ չէ՞ր այդ տարիքում:

– Այո, 21 տարեկանում ուշ էր, եթե համեմատեմ, իհարկե, շատ երեխաներ կան, որոնք սկսում են նվագել փոքր հասակից, իմ դեպքում այդպես չեղավ: Քույրս ինձ համար կիթառ գնեց, նա այդ ժամանակ դաշնամուր էր նվագում: Եվ այն ամենը, ինչ երաժշտությանն էր վերաբերում, նա ասում էր` «օքեյ, ես կառնեմ քեզ համար»: Եվ ես կիթառ ուզեցի: Իհարկե, կցանկանայի ավելի շուտ սկսած լինել կիթառ նվագել, ու հնարավոր է` էլ ավելի լավ հիմա նվագեի…

– Ձեր կարիերան ինչպե՞ս սկսեցիք` այնպես, ինչպես շատ-շատե՞րը` երգելով գարեջրատներում ու ակումբներում…

– Ես սկսել եմ` ինչպես բոլորը Չիկագայում. սկսեցի ճանաչել մարդկանց, մասնակցել հավաքույթներինգ Կա երկու տարբերակ` կամ դու պետք է լինես նվագակցող, կամ պետք է ստեղծես քոնը: Ես նվագել եմ որպես նվագակցող մոտ 3 տարի, բայց, ի վերջո, որոշեցի ստեղծել իմը, քանի որ կարծում եմ` բավականին հետաքրքիր եղա, որ գրավեցի մարդկանց ուշադրությունը: Նվագում էի միայն ակումբներում, ու մարդկանց սկսեց դուր գալ այն, ինչ ես անում եմ, ես կարողացա մարդկանց «իրենց տեղերում նստած պահել», քանի որ երաժշտի համար հիմնական բանը դա է. եթե հանդիսատեսը չի մնում ակումբում ամբողջ գիշեր, որ քեզ լսի, այդ դեպքում` ավելի լավ է` փոխես աշխատանքդ:

Մի խոսքով, պետք է մյուս երաժիշտներից մի փոքր ավելի հետաքրքիր լինես, ստիպված ես մի ինչ-որ տարբերվող բան անել, կամ չգիտեմ, լավ անձնավորություն լինել…

Կարծում եմ` ես հետաքրքրեցի հանդիսատեսին ու հիմա էլ, օրինակ, Հայաստանում եմ…

Toronzo (2)

– Ի՞նչ տարբերություն կա Ձեր ու մյուսների բլյուզի մեջ: Ձերն ինչո՞վ է տարբերվում մյուսների ստեղծած երաժշտությունից:

– Կարծում եմ` ես ավելի շատ պատմություն եմ դնում իմ երաժշտության մեջ: Իրականում` ես ավելի շատ պատմություն եմ պատմում, քան ինչ-որ բառեր եմ ասում: Օրինակ, ես երգ էի գրել մի կնոջ մասին, որն իր սիրած մարդու պատճառով բանտում էր հայտնվել. այդ երգն իր մեջ մի մեծ պատմություն ունի, դա իսկապես պատահել էրգ Փորձում եմ գրել գրավիչ երգեր ու ստիպել լսողին մտածել կամ, պարզապես, հիշել երգը:

– Գիտեմ, որ ևս մեկ մասնագիտություն ունեք` աշխատում եք նաև որպես վարորդ: Կպատմե՞ք Ձեր այդ աշխատանքի մասին:

– Այո, ես ավտոբուսի վարորդ եմ. ես աշխատում եմ քաղաքի համար, հասարակության համար, և երբ դու աշխատում ես հանրության համար, դու հանդիպում ես տարբեր մարդկանց, տարբեր բնավորությունների, վերաբերմունքների. դա հանրային տրանսպորտ է: Դու ճանաչում ես շատ տարբեր մարդկանց, մարդկանց, որոնք օրինազանց են, հաճելի են, մարդկանց, որոնք աշխատանքից են ուշանում… Ես իմ ամենալավ երգերից շատերը հենց ավտոբուսում եմ գրել, գրպանումս միշտ նոթատետր եմ պահում, նշումներ եմ միշտ անում: Որոշ երաժիշտներ ասում են` եթե դու ունես կանոնավոր որևէ այլ աշխատանք, դու իսկական երաժիշտ չես:

Toronzo (3)

Ես չեմ պատրաստվում լինել «սոված արտիստ». շատ հայտնի բլյուզմեններ ունեցել են ուրիշ աշխատանք, բայց նրանք իրենց բլյուզը նվագել են երեկոյան ժամերին: Ես ունեմ ընտանիք, ունեմ դուստր, կին, և ես չեմ ուզում նրանց վատ վիճակում տեսնել, եթե ես բլյուզմեն եմ, չի նշանակում, որ պետք է ապրեմ միայն դրանով: Այո, ես ավտոբուսի վարորդ եմ, ու իմ պատկերացումն այլ է` ես անում եմ այն, ինչ ստիպված եմ անել, որպեսզի անեմ այն, ինչ ես ուզում եմ անել: Եվ ես ուզում եմ ապահովված լինել:

– Գիտեք` ինչն է հետաքրքիր, որ շատերը, համարելով իրենց «հայտնի աստղ», հրաժարվում են նույնիսկ օգտվել նման հասարակական տրանսպորտի միջոցներից, բայց Դուք ոչ միայն օգտվում եք, այլև ինքներդ եք վարում: Ձեզ նման քչերը կան մեր օրերում…

– Ինձ դուր է գալիս այն փաստը, որ ես վարորդ եմ աշխատում, ամեն դեպքում` այն ինձ համեստ է պահում: Ամեն օր ես ստիպված եմ արթնանալ առավոտյան ժամը 4-ն անց կեսին ու գնալ աշխատանքի: Ես հասարակ մարդ եմ, մենք բոլորս ենք հասարակ մարդիկ ու աշխատում ենք, որ ապրենք այս կյանքը: Ես հիմա Հայաստանում եմ, վաղը` Բրազիլիայում, ու այդպես շատ-շատ վայրերում եմ լինում, ու դա հավես է, իրոք: Բայց ես նաև ավտոբուսի վարորդ եմ ու ես սովորական մարդ եմ:

Իմ բոլոր վարորդ ընկերներն ասում են` «օ՜, դու բլյուզմեն ես», ու հաճախ ուրիշ աչքով են ինձ նայում, իսկ ես ասում եմ` այո, բայց ես այսօր վարորդ եմ, վաղը հնարավոր է` նվագեմ բեմի վրա, լինեմ ուրիշ երկրում, բայց հիմա ես այստեղ եմ:

– Պատահե՞լ է, որ մարդիկ Ձեզ ճանաչել են ավտոբուսում:

– Այո, եղել են դեպքեր: Հիշում եմ` մի անգամ մի աղջիկ լսեց` ինչպես էին երգում իմ երգերից մեկը, ու մեկ էլ անունս տվեց, ասաց` «Աստված իմ, սա այն երգն է, որն իմ ընկերն առավոտից երեկո երգում է», ու այդպես, ես էլ ավտոբուսի մեջ` իմ համազգեստով… Ծիծաղելի բան ստացվեց: Իրոք, հավես էր, հա, շատերն են այդպես ճանաչում…

– Կարծում եմ` հաջողակ են այն մարդիկ, որոնք Ձեր ավտոբուսն են նստում:

– Այո, հաճախ էլ ես եմ հրավիրում նրանց, տալիս նրանց իմ այցեքարտը, հաջորդ անգամ հանդիպում ենք կրկին, զարմացած ասում են` լավ, ինչո՞ւ ավտոբուսի վարորդ, ասում եմ` դե, որովհետև…

Toronzo (7)

– Եթե ոչնչի կարիք չունենայիք, կշարունակեի՞ք Ձեր այդ աշխատանքը:

– Կշարունակեի, երևի` ոչ որպես վարորդ, բայց հաստատ կաշխատեի, քանի որ չեմ կարող ինձ պատկերացնել` ամբողջ օրը տանը նստած: Չեմ կարողանա ասել` ոչնչի կարիք չունեմ, ու նստեմ տանը: Պետք է մարդկանց մեջ լինես, աշխատես հասարակության հետ, պետք է տարբեր զգացողություններ, հարաբերություններ ունենաս: Ես կուզեի լինել որևէ աշխատող, նույնիսկ օրվա կեսն աշխատել, բայց շփվել հասարակ մարդկանց հետ, այլ ոչ թե մնալ տանը` ինքդ քո մտքերի հետ, կամ թեկուզ` մնալ տանը, երգ գրել, չեմ կարող անընդհատ տանը մնալ, դա կխենթացներ ինձ, պետք է դուրս գամ, շփվեմ տարբեր մարդկանց հետ…

– Եկեք մի պահ աշխարհը պատկերացնենք առանց բլյուզի, ինչպիսի՞ տեսք կունենար այն Ձեզ համար:

– Վաո՜ւ…

– Այս դեպքում երևի` ոչ «վաո՜ւ»…

– Հա, իրոք… Չեմ կարող պատկերացնել: Քանի որ բլյուզն Ամերիկայի այնքան մեծ մասն է կազմում: Չգիտեմ, եթե բլյուզը չստեղծվեր Ամերիկայում, եթե բլյուզ չլիներ, երևի ռոք-ըն-ռոլ էլ չէր լինի, քանթրին, փոփը, ջազն էլ չէին լինի: Եթե բլյուզը չլիներ, ուրիշ ի՞նչ երաժշտություն կլիներ: Ու սա իրոք հիմնավոր պնդում է:

– Բլյուզը «պապա՞ն» է:

– Հա, կարելի է ասելգ Եթե բլյուզը չլիներ, մյուս ժանրերն էլ չէին լինի: Ամեն ինչն էլ բլյուզից է ստեղծվել: Առանց բլյուզի` աշխարհը կլիներ շատ տխուր, ու ոչ մեկը չէր հասկանա` ինչո՞ւ է տխուր, քանի որ բլյուզ չէր լինի, որ զգային, տխուր կլինեին, ու չէր լինի բլյուզը, որ երջանկացներ մարդկանց: Հնարավոր է` այսօր բլյուզն այնքան էլ հանրաճանաչ չէ, որքան մյուս երաժշտությունները, բայց նորից եմ ասում` բլյուզի առանձնահատկությունը հենց մարդկանց գտնելն է:

Տեսանյութեր

Լրահոս