Ֆրանսիան հայտ է ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը միաժամանակ և՛ դժվար է, և՛ հեշտ:

«Հեշտ է, քանի որ աշխատելու եք Ֆրանսիայի հանդեպ շատ բարեկամաբար և ջերմ սիրով տոգորված երկրում, բայց միաժամանակ դժվար, քանի որ մտերիմների և հարազատների նկատմամբ սովորաբար ավելի պահանջկոտ են լինում»,- նշել է Ա. Աշոտյանը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը, որ հայ-ֆրանսական հարաբերությունների մակարդակը պահպանվի բարձր նշաձողի վրա` միաժամանակ խորացնելով կառուցողական և արդյունավետ համագործակցությունը: Դեսպանը նախարարին է փոխանցել Ֆրանսիայի կրթության նախարարի նամակը, որով Ֆրանսիան հայտ է ներկայացրել` հաջորդ տարի Հայաստանից ստանձնելու Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը:

Դեսպանը հավաստիացրել է, որ Ֆրանսիայի ընտրության պարագայում իր երկիրը կշարունակի որդեգրած քաղաքականությունը` բուհական և գիտահետազոտական եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ստեղծման և պահպանման տեսանկյունից: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` նշելով, որ շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում բուհը կարողացել է իր արժանի տեղը գրավել ՀՀ կրթական շուկայում:

Կարդացեք նաև

Նախարարը, ողջունելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունը` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, նշել է, որ Հայաստանը` որպես ներկայումս նախագահող երկիր, ամեն ինչ կանի, որպեսզի այդ ընտրություններն անցնեն հավուր պատշաճի:

Անդրադառնալով ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդրին` Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ֆրանսերենի ուսուցանումը դպրոցներում ընդլայնվի: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև գիտական համագործակցության խնդիրներին, մասնավորապես, երկու երկրների գիտնականների մասնակցությամբ համատեղ ատենախոսությունների պաշտպանության հաջողված փորձին:

Տեսանյութեր

Լրահոս