Հունական ընկույզը պաշտպանում է քաղցկեղից

Հունական ընկույզի ամենօրյա օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, պնդում են ամերիկացի գիտնականները Կալիֆորնիայի համալսարանից։

Գիտնականները հայտնաբերել են, որ հունական ընկույզի կամ դրա յուղի ներառումը մկների սննդակարգում դադարեցնում է ուռուցքների աճը։ Հունական ընկույզները նպաստում են նաեւ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը եւ ինսուլինի նկատմամբ զգայունության աճին, ինչն օգնում է կանխարգելել շաքարախտը։

Հունական ընկույզը մի շարք օգտակար նյութերի բնական աղբյուր է, այդ թվում՝ օմեգա-3 ճարպաթթուների, եւ արդեն ապացուցված է, որ դրանք պաշտպանում են սրտային հիվանդություններից։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուներն ունակ են կրճատելու IGF-1 հորմոնը, որի քանակի աճը հղի է շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացմամբ։

Կարդացեք նաև

Նոր հետազոտության մեջ գիտնականները փորձել են պարզել՝ ունե՞ն արդյոք հունական ընկույզներն ինչ-որ յուրահատուկ բժշկական հատկություններ, թե՞ նրանց բարենպաստ ազդեցությունն առանձին բաղադրիչներով է պայմանավորված, մասնավորապես՝ օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք այլ մթերքներում եւս առկա են:

greckij_oreh

Փորձի շրջանակում գիտնականները 18 շաբաթվա ընթացքում մկներին կերակրել են ամբողջական հունական ընկույզով, ընկույզի յուղով կամ նմանատիպ բաղադրությամբ յուղով։

Հունական ընկույզով ու ընկույզի յուղով կերակրվող կենդանիների մոտ գրանցվել է խոլեստերինի մակարդակի անկում եւ շագանակագեղձի քաղցկեղի աճի դանդաղում, իսկ նմանատիպ բաղադրությամբ յուղով կերակրվող մկների մոտ այդպիսի ազդեցություն չի արձանագրվել։

Թեպետ հետազոտությունը չի բացահայտել, թե ընկույզի բաղադրության մեջ կոնկրետ որ նյութը կամ նյութերի համադրությունն է դանդաղեցնում քաղցկեղային ուռուցքների աճը, հետազոտողները կարողացել են ցուցակից բացառել բջջանյութը, ցինկը, մագնեզիումը եւ սելենը։

Տեսանյութեր

Լրահոս