Բաժիններ՝

Ինսուլտի 10 միֆերը

Տարեցտարի ինսուլտն ավելի ու ավելի շատ մարդկային կյանքեր է խլում, իսկ շատերին էլ հաշմանդամ է դարձնում: Ցավոք, կանխատեսումները հուսադրող չեն: Բժիշկները նախազգուշացնում են, որ մինչև 2030 թվական՝ այս հիվանդությամբ տառապողների թիվը կրկնակի ավելի՝ կլինի:

Ցավոք, ինսուլտի կանխարգելման և այն մասին, թե ինչ պետք է անել տագնապի դեպքում, քչերը գիտեն:

Մինչև այժմ գոյություն ունեն ինսուլտի մասին բազմաթիվ միֆեր, որոնք իրականության հետ գրեթե կապ չունեն:

Միֆ 1. «Ինսուլտով հիվանդանում են միայն ծերերը»
Ընդունված է տարեց համարել 60-70 տարեկան մարդկանց, իսկ 75-ը բոլորածներն ընդհանրապես համարվում են ծեր: Սակայն ինսուլտով ամենից հաճախ տառապում են 50-60 տարեկան կանայք և 55-65 տարեկան տղամարդիկ: Բացի դրանից, պատահում են դեպքեր, երբ այս հիվանդությունն ախտահարում է 18-44 տարեկան անձանց:
Սա խոսում է այն մասին, որ ինսուլտը կարող է տապալել յուրաքանչյուր մարդու:

Կարդացեք նաև

Միֆ 2. «Երեխաները ռիսկի գոտուց դուրս են»
Ցավոք, դա այդպես չէ: Գիտնականները վստահեցնում են, որ կյանքի առաջին ամսում երեխաներն ինսուլտով հիվանդանում են նույնքան հաճախ, որքան մեծերը:

Միֆ 3. «Հիվանդության պատճառն ուղեղի արյունազեղումն է»
Սա միայն ինսուլտի տարատեսակներից մեկն է, հեմորագիկ տիպը, որը հանդիպում է հիպերտոնիկ հիվանդների մոտ:

Սակայն այս հիվանդության ամենատարածված տեսակն իշեմիկ տեսակն է, երբ արյունն ուղեղին չի հասնում, և վերջինիս բջիջները մեռնում են թթվածնի պակասից: Ամենից առաջ ինսուլտի այս տեսակը հանդիպում է շողացող առիթմիա ունեցող սրտային հիվանդների և աթերոսկլերոզով տառապողների մոտ:

Միֆ 4. «Չի փոխանցվում ժառանգաբար»
Ամենից հաճախ ինսուլտը սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և ճարպակալման հետևանք է, սակայն 20-25% դեպքերում մեղավոր է գենետիկան: Ուղեղային արյան շրջանառության խանգարման վտանգը 4 անգամ մեծ է այն երեխաների մոտ, որոնց ծնողներն ինսուլտ են տարել մինչև 60 տարեկանը: Բացի դրանից, այս հիվանդության` մորից դստերն անցնելու հավանականությունն ավելի մեծ է, քան` մորից որդուն:

Եթե ձեր հարազատներից որևէ մեկը տառապել է ինսուլտից, ուշադի՛ր եղեք. Վերահսկե՛ք զարկերակային ճնշումը, հրաժարվե՛ք ծխելուց, սպորտով զբաղվե՛ք և ճի՛շտ սնվեք:

Միֆ 5. «Դեղահաբերն էֆեկտիվ միջոց են»
Սա ամենալուրջ մոլորություններից է: Դեղահաբերով ինքնաբուժությամբ զբաղվելն ինսուլտի դեպքում վտանգավոր է կյանքի համար: Պետք է անհապաղ դիմել բժշկի: Եթե տագնապից հետո 3 ժամվա ընթացքում բժիշկները չվերականգնեն արյան հոսքը դեպի վնասված անոթներ, գլխուղեղի բջիջների 80%-ը կմեռնի:

Միֆ 6. «Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ինսուլտով»
Ըստ վիճակագրության` ինսուլտը հավասարապես հաճախ պատահում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ, բայց ահա կանանց մոտ մահացության ցուցանիշն ավելի ցածր է: Եվ սրա պատճառն այն է, որ հաճախ տղամարդիկ ի վիճակի չեն լինում հրաժարվել վնասակար սովորություններից և նույնիսկ հիվանդությունից հետո շարունակում են ծխել և խմել:

Միֆ 7. «Ծխելն անհանգստանալու առիթ չէ»
Վաղուց ապացուցված է, որ ծխողների մոտ ինսուլտի զարգացման վտանգը մեծանում է: Ինչքան շատ եք դուք ծխում, այնքան մեծանում են ուղեղային արյան շրջանառության խանգարումներով հիվանդանոց ընկնելու ռիսկերը: Եվ, ընդհակառակը, ծխելը թողնելուց արդեն 1 տարի հետո անոթային աղետի հավանականությունը նվազում է 2 անգամ, և միայն 5 տարի հետո է օրգանիզմն ամբողջովին մաքրվում նիկոտինից:

Միֆ 8. «Կիրքը` արգելանքի տակ»
Նյարդաբաններն ու սրտաբաններն իսկապես խորհուրդ չեն տալիս կրքերին տրվել մինչև լրիվ ապաքինումը: Հետո, իհարկե, կարելի է, բայց միայն սովոր միջավայրում, հարմար ջերմաստիճանում և մշտական զուգընկերոջ հետ:

Միֆ 9. «Ձեռք է բերվում իմունիտետ»
Կարծիք կա, որ մի անգամ ինսուլտով հիվանդանալուց հետո երկրորդ անգամ դրանով հիվանդանալու հավանականությունը քիչ է: Իրականությունն այն է, որ հիվանդների 50%-ն ապաքինվելուց հետո 1-ին 5 տարիների ընթացքում կարող է կրկին հիվանդանալ ինսուլտով: Այդ պատճառով էլ ինսուլտ տարած հիվանդներին նշանակվում են արյունը ջրիկացնող պրեպարատներ` թրոմբների զարգացումից խուսափելու համար:

Միֆ 10. «Հաշմանդամ` ողջ կյանքի ընթացքում»
Դա այդքան էլ այդպես չէ: Հիվանդների 40%-ը, ում օպերատիվ կերպով օգնություն է ցուցաբերվել, ամբողջովին վերականգնվում են:

Բայց եթե ժամանակը բաց է թողնվել, կարող վրա հասնել խեղանդամություն, խոսքի լրիվ կամ մասնակի կորուստ, մտածողության և կլման հետ կապված խնդիրներ: Սրա հետևանքն աշխատունակության նվազումն է և հաշմանդամությունը:

Ինչպես փրկվել ինսուլտի հարձակումից
Մասնագետները հավաստում են, որ ինսուլտի տագնապին հաջորդող 3 ժամերին հասցվող հրատապ օգնությունը հիվանդի փրկվելու հնարավորությունը մեծացնելու միակ տարբերակն է:

Այժմ ներկայացնում ենք այն նախանշանները, որոնք ճանաչելու դեպքում հիվանդն ինսուլտը կհաղթահարի փոքրագույն կորուստներով:

1. Սիմպտոմներ, որոնք ճանաչում է հենց տուժողը.
ա) վերջույթների հանկարծահաս թմրածություն (ձեռքերի, մատների, ոտնաթաթերի, ոտքերի, դեմքի կամ մարմնի այլ հատվածների),
բ) ինքնատիրապետման հանկարծակի կորուստ, երբ մարդը չի հասկանում, թե որտեղ է գտնվում, չի կարողանում հասկանալի խոսել,
գ) սրտխառնոց, փսխում,
դ) տեսողության հանկարծակի վատացում, կրկնապատկերություն:

2. Սիմպտոմներ, որոնք ճանաչելի են կողքից.
ա) մարդը չի կարողանում ժպտալ,
բ) բարձրացնել ձեռքերը,
գ) ասել ցանկացած պարզ նախադասություն,
դ) հանել լեզուն. ընդ որում, լեզուն ծռված չպետք է լինի:

3. 1-ին օգնություն` մինչև բժշկի գալը.
ա) հիվանդին պառկեցնել` գլուխը բարձրացնելով մինչև 30 աստիճան,
բ) բացել պատուհանը` թարմ օդի հոսանք ապահովելու համար,
գ) հանել նեղ հագուստը կամ արձակել կոճակները,
դ) ստուգել պուլսի հաճախականությունը և չափել հիվանդի զարկերակային ճնշումը,
ե) սրտխառնոցի 1-ին նշանների դեպքում հիվանդի գլուխը թեքել կողքի:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս