«Երդվում եմ, որ ստում եմ»

Մարդիկ, ովքեր չեն խաբում, որպես կանոն՝ երդվելու անհրաժեշտություն էլ չունեն:
Ի՞նչն է մարդուն ստիպում երդվել: Թերևս` մտավախությունը, թե իրեն չեն հավատա:
Հայաստանում բոլորը խոսքի մեջ երդվում են, թեև ամենևին պարտադիր չէ: Սակայն կա նաև երդման պարտադիր ծես:

Երկրի բոլոր նախագահները ձեռքը դնում են 7-րդ դարի Վեհամոր Ավետարանին ու ՀՀ Սահմանադրությանը ու հանդիսավոր երդվում «Անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»:

Երդվում են ԱԺ պատգամավորները. «գՆպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Երդվում են ոստիկանները: Ու երդման տեքստում ոչ մի խոսք չկա մարդկանց խոշտանգելու և նվաստացնելու պարտավորության մասին:

Երդվում են դատավորները. «Երդվում ենք (…) լինել անաչառ ու սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունն ու բարձր պահելով դատական իշխանությունների հեղինակությունը»:

Երդվում են Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետն ու աշխատակիցները՝ վստահ, որ երդվելուց հետո «երդումն ուղենիշ կդառնա»…

Երդվում են ուսուցիչները. «Երդվում եմ ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ»:
Երդվում են ապագա ուսուցիչները՝ Քանաքեռում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում. «Երդվում եմ, Ուսուցչապե՛տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին, պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու, որ մենք նորածնվել և ապրում ենք կրկին»:

Երդվում են նաև զինվորական բժիշկները, քանի որ, ըստ ոլորտի մասնագետների, միայն երդումից հետո են նրանք իրենց լիարժեք ծառայության մեջ զգում:
Երդվում են նորապսակները եկեղեցում՝ «տեր» ու «հնազանդ» լինել միմյանց և մինչև կյանքի վերջ միմյանց հետ կիսել թե՛ լավ, թե՛ ծանր օրերը:

Երդվում են երեխաները, թե դպրոցում ֆիզիկայից ու քիմիայից միայն բարձր գնահատականներ են ստանում, ու մի օր ծնողին կանչում են դպրոց…

Մինչ այդ երդվում են 1-ին դասարան ընդունվելիս. «Վառ պահել մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը, խնամել ու պահպանել դպրոցական գույքն ու շրջակա միջավայրը: Երդվո՛ւմ եմ, երդվո՛ւմ եմ, երդվո՛ւմ եմ»:

Հայաստանում գերատեսչությունների ղեկավարների ֆանտազիային կնախանձեին Ռաբլեն ու Սվիֆթը. սա ուրիշ բան է:

Օրերս Ծիծեռնակաբերդի զոհերի հուշարձանին իրենց երդումը տվեցին ԴԱՀԿ աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: (Արտահայտությունն ինքը՝ «հարկադիր կատարող», շատ երկիմաստ է հնչում, սակայն նման մանրուքների մեջ խորանալը ֆեյսբուքյան սրամիտ օգտատերերն ավելի դիպուկ են անում): Ինչո՞ւ Ծիծեռնակաբերդի զոհերի հուշարձանին: «Այս սուրբ վայրում երդվելն ավելի պարտավորեցնող է»,- այսպես է հիմնավորել այս քայլը մեր երկրի գլխավոր հարկադիր կատարողը:

Եկեք հարցնենք հոգեբաններին. երդվելիս մարդիկ որևէ պատասխանատվություն զգո՞ւմ են իրենց խոսքերի համար: Ինքս որևէ հոգեբանի այս հարցը չուղղեցի, քանի որ մասնագետ չլինելով էլ՝ պարզ է՝ նախագահը, դատավորները, հարկադիր կատարողները, պետական ծառայողները, ռազմական բժիշկները, մյուսները դրժում են իրենց երդումները:

Եվ հետո, երդման տեքստերն էլ շատ միակողմանի են գրված ու առանց արդարության սկզբունքի: Դու երդվում ես լինել այսպիսին ու այնպիսին և կատարել այս ու այն գործը: Սակայն երդման տեքստում ոչ մի խոսք չկա, թե ինչ է լինելու այն դեպքում, երբ դրժում ես երդումդ:

Բացառություն է միայն բժիշկների երդման տեքստը, որն արդար է, քանի որ կազմել է ոչ թե որևէ ժամանակակից հայ չինովնիկ, որի համար երդվելն ու երդման տեքստն անմիջապես մոռանալը հաճելի ավանդույթ է, այլ գրվել է մ.թ.ա. 5-րդ դարում, Հիպոկրատի կողմից:

Բժիշկները թվարկում են, թե որքան բարեխիղճ պետք է լինեն, հետևեն բարոյական ու էթիկայի նորմերին մասնագիտական պարտականությունները կատարելիս: Իսկ վերջում կարդում ենք. «Եթե այս երդումը բարեխղճորեն կատարեմ և այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն՝ արվեստիս մեջ և մարդկանց հարգանքը՝ հավիտյանս հավիտենից: Իսկ եթե դրժեմ երդումս, թող ինձ բաժին հասնի դրա հակառակը»:

Հետաքրքիր է նաև, թե երդման տեքստը բերանացի ասողները հատկապես ո՞ւմ են երդվում: Բարձրյալի՞ն, իրենց անմիջական ղեկավարի՞ն, նախագահի՞ն:
Եթե կա Սահմանադրություն, կան օրենքներ, կա, ի վերջո, Աստվածաշունչ, այսինքն՝ ընտրությունների սպեկտրը մեծ է, իսկ ազնիվ լինելուն ոչինչ չի խանգարում, ո՞րն է երդվելու իմաստը: Մի՛ խախտիր Սահմանադրությունն ու օրենքները, գումարած՝ հետևիր Պատվիրաններին, և սրբի լուսապսակն անգամ հեռվից կերևա՝ առանց երդման լրացուցիչ տեքստերի:

Սակայն, ո՛չ:

Խոսքին առավել վստահություն հաղորդելու համար երդման բեմականացրած տարբերակները նոր դեկորացիաներ են ուզում: Վեհամոր Ավետարանը, Սահմանադրության տեքստը, պետական դրոշն ու օրհներգն արդեն բավարար չեն: Նոր տարածքներ ու բարձունքներ են անհրաժեշտ, որպիսին օրերս գրավեցին ԴԱՀԿ աշխատակիցները՝ Ծիծեռնակաբերդի բարձունքը: Բայց նման բեմականացումների ու դերերի մասին վաղուց և Ստանիսլավսկու կողմից ասված է. «Չե՛մ հավատում»…

Հ.Գ. Ի դեպ, երբ «երդում» բառով երդման տեքստեր էի փնտրում Գուգլում, վերոնշյալ «երդումների» կողքին, որպես «նման հոդված», հանդիպեցի նաև երդման հետևյալ տեքստին. «Ֆիլիպ Կիրկորովը երդվել է, որ Զվերևը համասեռամոլ չէ»:

Իրո՛ք «նման հոդված» էր…

Տեսանյութեր

Լրահոս