Բաժիններ՝

Արդեն հնչած խելոք մտքեր

Ազգս դժվար ու դանդաղ է մտնում ամանորյա առևտրի կածան: Խանութներում ու տոնավաճառներում դեռ իրարանցում չկա: Պատճառը հավանաբար դրամի կտրուկ արժեզրկումն է ու դրան ուղեկցող գնաճը: Մարդիկ դեռ հույս ունեն, որ փոխարժեքի ցուցանիշերը կկարգավորվեն, ու գնանկում կլինի:

Տնտեսական ոլորտի ղեկավարները համարյա ամեն օր փոխարժեքի կարգավորման խոստում-վերլուծություններ են հրապարակում: Թե որքանով կիրականանան դրանք, պարզ կլինի մի քանի օրից: Բոլորի հույսն այն է, որ ամանորյա տոների մոտենալուն բնակչությունը տարադրամի շուկա կհանի խնայողությունները, ու տարադրամի պակասը կվերանա: Գոնե՝ ժամանակավոր: Իսկ ա՛յ, գների նվազման հետ կապված հույսերը, մեղմ ասած, իրատեսական չեն:

Նախատոնական առևտրի ապրանքատեսակների մեծ մասը ներմուծված է: Այսինքն` ձեռք են բերվել տարադրամով: Եթե դրամի փոխարժեքը կայուն է, և այն առանց դժվարությունների կարելի է փոխանակել, ապա ներմուծողների համար հեշտ է հաշվարկել իրենց ապրանքների գները: Իսկ հիմա պատկերն այլ է:

Մինչև ներմուծողն իրեն ձեռնտու գնով ապրանքը հանում է շուկա, իրացնում ու ետ ստացած դրամը տարադրամի վերածում, պարզվում է, ակնկալված շահույթը չի ապահովվել: Չի ապահովվել, որովհետև թանկացել է տարադրամը: Ուստի դրամի փոխարժեքի անկանխատեսելիության իրավիճակում ներմուծողներն իրենց ապրանքը շուկա հանելիս` գնի մեջ հաշվարկում են նաև արժեզրկման գործակիցը:

Եվ, քանի որ այն ճշգրիտ հաշվարկել հնարավոր չէ, ներմուծող գործարարները «ստիպված» են իրականից ավելի մեծ արժեզրկման գործակցով հաշվել ապրանքի գինը որոշելիս: Դրա համար էլ ներմուծող տնտեսություն ունեցող երկրներում գնաճը միշտ գերազանցում է արժեզրկման ցուցանիշը:

Հիմա մեզ խոստանում են, որ դրամի արժեզրկումը կկայունանա 1-2 տոկոսի սահմաններում, ու դա կզսպի գնաճը: Պաշտոնապես նոյեմբերին դեղորայքի գները նվազել էին 0,2 տոկոսով: Բայց դա` նոյեմբերին: Երեկ լրատվամիջոցներն այլ տվյալներ հրապարակեցին՝ իբր դեղորայքը թանկացել է չորսից կարծեմ յոթ տոկոսի չափով: Երեկոյան մտա դեղատուն` «ճնշման» դեղերի հերթական խմբաքանակը գնելու: Վերջին մեկ տարում դրանք համարյա կայուն էին:

Նույնքան կայուն, որքան իմ «կախվածությունն» այդ դեղերից:

Ես 15 օրը մեկ գնում եմ բժշկի նշանակած երկու տեսակի դեղահաբերի կեսամսյա պարտադիր պաշարը: Դրանցից մեկը՝ ավելի էժանը, թանկացել էր մոտ 15 տոկոսով, իսկ ավելի թանկը՝ 22: Այս տխուր փորձառությունից հետո փորձեցի գտնել գնաճի մասին վերջին պաշտոնական հրապարակումը: Հարազատ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հասցրել է հրապարակել «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2014թ. հունվար-նոյեմբերին» հաղորդագրությունը:

Այնտեղ նման կատաղի թանկացումներ չեն արձանագրվել: Ավելին, հայտարարված է, որ գների ինդեքսն աճել է 2,6 տոկոսով: Ընդ որում, պարենային ապրանքներինը՝ 3,2 տոկոսով, ոչ պարենայինը՝ 1,3: Ահա այսպիսի հովվերգական պատկեր: Թե «Ինչպե՞ս է մեր վիճակագիրներին հաջողվում այսպիսի համեստ ցուցանիշեր արձանագրել» հարցը համարյա անիմաստ է:

Բայց այնպես չէ, թե այդ հրապարակման մեջ արժանահավատ թվեր չկան: Պաշտոնական վիճակագրության համաձայն, որքան էլ տարօրինակ լինի, ամենաբարձր գնաճն արձանագրել է տեղական արտադրության միրգ-բանջարեղենը: Օրինակ` տանձն ու խաղողն այս տարվա նոյեմբերին թանկացել են 20 և 18 տոկոսով՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ: Նույն ժամանակահատվածում ընկույզի միջուկը թանկացել է 29 տոկոսով: Բոլորն են հիշում, որ գարնանային ցրտահարությունից ամենաշատն ընկուզենիները տուժեցին: Բայց միևնույն է, տեղական մրգերից թանկացման ռեկորդակիրն արքայախնձորն է (կորոլյոկ)՝ 33 տոկոս:

Տեղական բանջարեղենն ավելի կատաղի տեմպերով է թանկացել: Ծաղկակաղամբը մեկ տարվա ընթացքում հասցրել է թանկանալ 18 տոկոսով, լոլիկն ու գազարը` 23-ական: Բայց ռեկորդը կարտոֆիլինն է՝ 78 տոկոս, ու սխտորինը՝ 84: Կրկնենք՝ այս տարվա նոյեմբերը` նախորդ տարվա նույն ամսի նկատմամբ: Յուրաքանչյուրի համար, հարկավ, կարելի է բացատրություններ գտնել: Իրական ու հորինովի բացատրություններ: Ասենք` կարելի է պնդել, որ մեր արտադրած միրգ-բանջարեղենն ավելի շատ ենք արտահանում Ռուսաստան: Արտահանում ենք մեր մաքսային գործընկերոջը սովի ոսկրոտ ճանկերից փրկելու ազնիվ մղումով: Եթե դա ճիշտ է, ապա նույն բացատրությունն ունի մեր մյուս մաքսային գործընկերոջ՝ Բելառուսի արձանագրած գնաճը:

Այս երկրում գնաճի ինդեքսը համարյա 15 տոկոս է կազմում: Այնպես որ, մեր տնտեսական կյանքում կատարվածը միանշանակ բացատրություն չունի: Բայց մեզ արդեն ասել են, որ «Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում ու տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներն» են նպաստել «ներքին արժույթի շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը»: Ու լիքը այլ խելոք մտքեր: Բայց դա դժվար թե սպառողին օգնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս