ԳԱԱ աշխատակցին մեղադրում է զեղծարարության, գրագողության, կոռուպցիայի և գիտական էթիկայի խախտման մեջ

 

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ինստիտուտի գիտական գծով տնօրեն Արկադի Կարախանյանին հրապարակայնորեն մեղադրեց գիտական էթիկայի խախտման, գիտական զեղծարարությունների, գրագողության և կոռուպցիայի մեջ:

Նրա խոսքով՝ իր բոլոր մեղադրանքները հիմնավորված են և ինքը պատրաստ է անգամ հարցը վիճարկել դատարանում, թեև դրա նպատակը չունի. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտում նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ գիտական նիստ՝ թեկնածուների առաջ քաշելու համար: Ես այնտեղ բացահայտ ելույթ ունեցա, բերեցի իմ բոլոր փաստերը, բայց ինչպես միշտ, իմ նկատմամբ կիրառվեց վարչական ռեսուրս: Ես ակնկալում էի, որ այսօր կներկայանար ինքը՝ Կարախանյանը, քանի որ իմ խնդիրը հենց նրա հետ է: Բայց, ինչպես տեսնում եք, ինքը չի եկել, և ուղարկել է իր ենթականերին: Ես ենթադրում եմ, որ պարոն Կարախանյանը չի եկել, քանի որ չի տիրապետում հայերենին, նա տառաճանաչ չէ և հայերեն գրել-կարդալ չգիտի»:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի մեջ մեղադրանքին, Հ. Մելիք-Ադամյանը դա բացատրեց Կարախանյանի՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ.

Կարդացեք նաև

«Նա խստագույնս խախտել է Ակադեմիայի կանոնակարգը, և ինստիտուտի ղեկավար պաշտոնների համար երբեք մրցույթներ չի հայտարարել, այլ նշանակել է իր ուզած մարդկանց:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ շատ լավ ծանոթ է խնդրին, բայց ոչ մի արձագանք չի եղել մինչ օրս: Դրանից բացի՝ նա կատարել է գիտական զեղծարարություններ և գրագողություն: Նա աղավաղում է հայոց պատմությունը, բերում է սուտ փաստարկներ՝ փորձելով ապացուցել, որ հայերը միգրանտ են և այստեղ տեղաբնակ չեն եղել: Կարախանյանի այդ գրվածքները ջուր են լցնում Ալիևի և Էրդողանի քարոզչամեքենայի ջրաղացին: Այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է դառնալ թղթակից անդամ»:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, փորձելով պատասխանել հնչեցվող մեղադրանքներին, ասաց, որ իր կարծիքով՝ նման հարցերը մամուլի ասուլիսում նպատակահարմար չէ ընդհանրապես քննարկել. «Սրանք մասնագիտական հարցեր են, որ պետք է քննարկվեն համապատասխան հանձնաժողովում: Սա առաջին դեպքը չէ, որ Հայկ Մելիք-Ադամյանի կողմից հնչեցվում են մեղադրանքներ և ոչ միայն տնօրենի նկատմամբ. անցած տարի մեր ինստիտուտում պաշտպանվում էր դիսերտացիոն աշխատանք, և նորից նրա կողմից հնչեցվեց գրագողության մեղադրանք»:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵԳԻ Պետրոլոգիայի և օգտակար հանածոների բաժնի վարիչ Ռաֆայել Մելքոնյանն էլ իր խոսքում նշեց, որ այս հարցը պիտի լուծել գիտական ատյաններում. «Ուղղակի անհարմար է, որ գիտաշխատողն այսպիսի բաներ է ասում՝ առանց փաստացի նյութ ունենալու: Կարախանյանը մեծ գիտական է և կարողացել է կապեր ստեղծել արտասահմանյան մի շարք հեղինակավոր ինստիտուտների և կենտրոնների հետ: Կարախանյանը արժանիորեն է ներկայացավել այդ պաշտոնին ու մեդալներին, նա պատահական մարդ չէ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս