Հայաստան-Ադրբեջան. պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ. Panorama.it

Իտալական Panorama.it-ն  անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊՆ ուղղաթիռի խոցմանը և դրա հետևանքներին։ Աննա Մացոնեի «Հայաստան-Ադրբեջան. պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ» վերնագրով հրապարակման մեջ գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը  երկու հեռավոր երկրներ են և  ունեն մոռացված, բայց դեռ չավարտված պատերազմ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հեղինակը որակել է որպես «նրանց միջև մի կտոր հող՝  (ԼՂ, Լեռան սև այգի)», որը դեռ «առկախ պետություն» է:

Նա նշել է, որ 1994թ. հրադադար է կնքվել ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց խաղաղությունը դեռ հեռու է, առավել ևս՝ բռնությունների էսկալացիան Լեռնային Ղարաբաղի սահմաններում ոչ մի լավ բան չի կանխատեսում:

«Մի կողմից Ադրբեջանն է` Ալիևների թագավորությունը, մի կատաղի իսլամական ռեժիմ, որը փոխանցվում է հորից որդուն: Մի ռեժիմ, որի հետ մոլորակի բոլոր կառավարությունները բիզնես են անում և հակված են Բաքվից եկող նավթի շնորհիվ աչք փակելու Ալիևների կողմից մարդու իրավունքների տարրական նորմերի, այդ թվում՝ մամուլի և խոսքի ազատության պարբերաբար ոտնակոխման դեմ: Մյուս կողմում Հայաստանն է, քրիստոնյա մի հանրապետություն, որը չի կարող ապավինել ո՛չ գազին, ո՛չ նավթին, որպեսզի իր ձայնը լսելի լինի միջազգային հարթակում, և ժողովրդի մեծ մասը ցրված է ամբողջ աշխարհով. 1915թ.  երիտթուրքների կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում է ձևավորել հենց հայկական սփյուռքը: Ինչևէ, երկու երկրներին միայն այն է միավորում, որ եղել են նախկին խորհրդային հանրապետություններ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ժամանակի տեսանկյունից «բախտ չի ունեցել»: Այն պահին, երբ այն պայթեց, աշխարհի աչքերը կենտրոնացած էին Եվրոպայի սրտում Բալկանների պատերազմի վրա: Այնուհանդերձ, եղել է ավելի քան 30 հազար զոհ և խաղաղություն դեռ չկա: Ավելին, դատելով վերջին իրադարձություններից, թվում է, թե խաղաղությունն ավելի է հեռանում:

Վերջին ամիսներին Ադրբեջանը բարձրացրել է սադրանքների աստիճանը: Ադրբեջանական ռեժիմը սկսել է կրակել: Մոտ 1 ամիս առաջ, հոկտեմբերի վերջին Ալիևը մասնակցել է Փարիզում Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը: Բանակցությունների սեղանին՝ ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հովանավորությամբ երկու երկրների միջև հրադադարի ամրապնդումն էր:

Չնայած Փարիզում արտահայտված լավ մտադրություններին` Ալիևը, երբ վերադառնում է տուն, անում է իր խելքին փչածը և նոյեմբերի 12-ին զորավարժությունների ժամանակ, որի մասին ադրբեջանական կողմը կանոնավոր տեղեկացված էր, խոցում է Լեռնային Ղարաբաղի մի ուղղաթիռ, որն ուսումնական նպատակով թռիչք էր իրականացնում հայկական դիրքերի վրայով: Ուղղաթիռը վայր ընկավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև չեզոք գոտում: Բաքուն խոստովանում է ուղղաթիռի խոցումը, և Եվրոպան ու ԵԱՀԿ-ը արձագանքում են՝ պահանջելով հետաքննություն անցկացնել միջադեպի տարածքում և Միջազգային Կարմիր Խաչին թույլ տալ մոտենալ դեպքի վայրին:

Սակայն, անտեսելով Ժնևի կոնվենցիան, Բաքուն 10 օր մերժում է ինչպես հետաքննության, այնպես էլ մարդասիրական նպատակով դիտորդների մուտքը տարածք:

Ադրբեջանի զինվորները ուղղաթիռի ընկած վայրը մշտական կրակի տակ են պահում: Ուղղաթիռը, ըստ Լեռնային Ղարաբաղի, զինված չէր և զինամթերք չէր կրում: Նոյեմբերի 21-22-ի գիշերը ԼՂ զինված ուժերը հատուկ գործողություն են  կատարում երեք զինվորների մասունքները և ուղղաթիռի սև արկղը դուրս բերելու՝ չեզոքացնելով ադրբեջանական 2 դիպուկահարների: Եթե սա պատերազմ չէ, ապա շատ մոտ է պատերազմի վերածվելու: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողը պարզապես բախումներ չեն երկու երկրների միջև, որոնք հեռու են մեզանից, այլ Բաքվի կողմից միջազգային և հումանիտար օրենքների մշտական (անպատիժ) խախտումների արդյունք են: Ալիևները մարտահրավեր են նետում խաղաղությանը՝ հարված հասցնելով տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: Այստեղ նույնիսկ հաշվի չի առնվում Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգը»:

«Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական բանակի կողմից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերից վերջինն է և ամենավտանգավորը, որը սպառնում է արթնացնել քսանամյա հակամարտությունը, որը թվում էր թե քնած էր»- Panorama.it-ին հայտնել է սենատոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալդո դի Բիաջիոն: Նա ավելացրել է. -«Իտալիան, ԵՄ նախագահության հետ միասին պետք է լինի առաջնագծում և չպետք է թերագնահատի Եվրոպական հարևանության տարածաշրջանում այս ծայրահեղ լարված իրավիճակը և անի հնարավորը,խուսափելու քայլերից, որոնք երկխոսության փոխարեն կարող են տանել լարվածության սրման»:

«Եթե Բաքուն կրկին պատերազմ սկսի Հայաստանի դեմ, Բրյուսելը պետք է մտահոգվի իր մատակարարումների հետ կապված լրջագույն խնդիրների առնչությամբ: Գազի և նավթի ուղիները անցնում են հենց այս տեղով: Հակահայկական և ռազմական հռետորաբանությունը Բաքվի ռեժիմի համար դարձել է առօրյա: Մի օրորոցային, որով ննջեցնում է իր հպատակներին: Բռնակալ Ալիևը վերջին տարիներին երկրաչափական պրոգրեսիայով ավելացրել է ռազմական ծախսերը՝ տարածելով հայատյացություն և փորձելով սադրել հայկական կողմին՝ casus belli հայթայթելու նպատակով:

Մինչ հիմա Երևանը նյարդերը ամուր է պահել, բայց դեռ ինչքա՞ն կարող է դիմանալ ազերիների հարձակումներին, որոնք օրեցօր ավելանում են: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքում Լեռնային Ղարաբաղի անզեն ուղղաթիռի խոցումը ադրբեջանական բանակի կողմից ոչ միայն 1994թ. հրադադարի կոպիտ խախտում է և ստոր արարք, որը 3 հայ զինվորների կյանք խլեց, այլ նաև վտանգավոր կայծ է Կովկասի վառոդի տակառում, որտեղ արդեն առկա «կայծերին» կարիք չկա նորն ավելացնելու:

Ինչպես 90-ականների սկզբին, միտում կա գորգի տակ թաքցնել այն, ինչ տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում, ի տարբերություն այլ արտակարգ վիճակների. Ուկրաինան և ISIS-ի խալիֆաթի ահաբեկիչների պատերազմը  միջազգային հանրության առաջնայնություններն են: Բայց Բաքվից եկող դրամատիկ ազդակների թերագնահատումը կարող է Կովկասի սրտում մի նոր պայթյուն հրահրել և ամբողջ տարածաշրջանը աղետի վերածել հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատրաստվում է կտրել Եվրասիական միության ժապավենը, որը պաշտոնապես ծնունդ կառնի 2015թ. հունվարի 1-ին:

Մինսկի խումբը (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) խստորեն զգուշացրել է Ադրբեջանին`  հարգելու իր պարտավորությունը և խնդրել է Երևանին և Բաքվին պահպանել հրադադարը: Բայց կա տպավորություն, որ  ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավորությամբ միջազգային միջնորդների ձեռքից գնում է: Մի նոր պատերազմը կփոշիացնի Ադրբեջանից Եվրոպա գնացող հիդրոկարբոնների ենթակառուցվածքը, որի պատճառով երկար ժամանակ բարեսիրտ վերաբերմունք է ցուցաբերվում Բաքվի հանդեպ:

Բրյուսելը Ալիևին վերաբերում է որպես երես առած երեխայի, որը վերջում անում է այն, ինչ ուզում է, և Ադրբեջանի նախագահը պատասխանել է Հայաստանի դեմ նոր պատերազմի սպառնալիքով ոչ միայն խոսքով, այլև այսպես կոչված «խավիարային դիվանագիտությամբ»՝ Եվրոպայի աջակցությունն ու համաձայնությունը ձեռք բերելու համար:

«Խավիարային դիվանագիտությունը» ոչ այլ ինչ է, քան եվրոպական և ազգային տարբեր կուսակցական  խորհրդարանականների ապացուցված կոռուպցիա: Բրյուսելում և Ստրասբուրգում լայն տարածված է ադրբեջանական «դիվանագիտական» մի պրակտիկա, որը բազմիցս եղել է մամուլի ուշադրության կենտրոնում:

Հայաստանը պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի տակ է հենց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման նախօրեին: Այսօր էլ, ինչպես 1 դար առաջ, աշխարհը միայն կնայի՞»,- գրված է հոդվածում:

Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լրահոս