Բաժիններ՝

Պատրիս Ճոլոլյան. «Ազգային մտածողություն պետք է հանդես բերել և ավելի հեռուն տեսնել»

Հարցազրույց Ֆրանսիայի ծխական խորհրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանի հետ

– Պարոն Ճոլոլյան, Ֆրանսիայում հայկական թեմն ինչպե՞ս է ապրում, ի՞նչ խնդիրներ կան:

– Թեմը Ֆրանսիայում նորություն է, հիմնվել է 2006 թվականին, մի քանի տարվա կյանք ունի, իսկ ամեն սկիզբ դժվար է: Բայց կամաց-կամաց, քայլ-քայլ առաջանում ենք: Ֆրանսիայում 23 ծուխ կա, որոնք հիմնված են թեմից առաջ: Այսինքն, մի քիչ անկախ ձևով, այնտեղ, որտեղ հայերը ժողովվել են, եկեղեցի են կառուցել, ու ծուխի է վերածվել: Թեմը նորություն է, որ կազմակերպչական ձևով եկեղեցական ասոցիացիա է, որի անդամ են բոլոր ծուխերը: Անշուշտ, դժվար է, որովհետև բոլոր ծուխերը նույն վիճակում չեն, Փարիզում, Լիոնում, Մարսելում շատ ժողովուրդ կա, բայց փոքր ծուխեր կան, որոնց անդամները քիչ են, և իրենց համար մի քիչ դժվար է պաշտպանել իրենց եկեղեցին:

Փորձում ենք խնդիրները հետզհետե լուծել, կամաց-կամաց առաջ ենք գնում: Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանն անցած տարի հրաժարական տվեց անձնական դրդրապատճառներով, դրա մասին շատ է գրվել: Բայց մեզ համար դա անակնկալ էր, մեծ փոթորիկ էր: Մենք միակ ճանապարհն ընտրեցինք, որ մեր եկեղեցին պաշտպանենք: Չէինք ուզում, որ պատերազմի վերածվի կամ այլ խնդիրներ ծագեն:

Կարդացեք նաև

Պետք էր հանդարտ ձևով կարողանայինք առաջանալ: Անշուշտ, մենք խնդրեցինք Նորվան Սրբազանին, որ ետ վերցնի իր հրաժարականը, քանի որ նա շատ սիրված էր, և մենք բոլորս հարգում ենք իրեն, բայց չեղավ, չընդունեց: Սկսեցինք նոր ընտրության մասին խորհել և այդ ճանապարհով առաջանալ, և բոլորովին վերջերս նոր առաջնորդ ընտրվեց Վահան Սրբազանը՝ Լոնդոնից: Մենք ցանկանում էինք, որ ընտրությունները լինեն խաղաղ ձևով, առանց պատերազմի: Այդպես էլ եղավ:

– Նոր Սրբազանի խնդիրը ո՞րն է, ի՞նչ հրատապ հարցեր կան, որ լուծում են պահանջում, ծուխերի միավորումն ինչպե՞ս պետք է իրականացվի:

– Կազմակերպչական հարցեր կան և, անշուշտ, պետք է միավորի համայնքը: Մանավանդ 2015 թվականին ընդառաջ, որը կարևոր շրջան է, և, անշուշտ, կուզեինք առաջնորդ ունենալ, որ մեզ ներկայացնի, այդ ներկայացուցչական հարցերն էլ պետք է զորավոր լինեն, այսինքն՝ պետք է ներկա լինենք ամեն տեղ, և դրա համար առաջնորդի անհրաժեշտություն ունեինք: Բայց ամենից առաջ կազմակերպչական խնդիրներն են, ծուխ-թեմ հարաբերությունները, եկեղեցական-աշխարհական հարցերը, Սրբազանը պետք է աշխատի, որ ամեն ինչ կարգին լինի: Չնայած շատ տեղերում ամեն ինչ նորմալ է, կարգին է, Ֆրանսիայի մեջ պատերազմ չկա:

– Կյանքը խաղա՞ղ է:

– Այնքան էլ չէ: Տեղեր կան, խաղաղ է, տեղեր կան՝ ավելի քիչ խաղաղ է: Միակ ծուխը, ուր իրոք խնդիր կա, Նիցցայինն է: Բայց Նիցցան մեկ ծուխ է` 23-ի մեջ: Չնայած Նիցցայի մարդիկ մի քիչ շատ են աղմկում: Պետք է ճիշտն ասել: Մյուսներում ամեն ինչ նորմալ է: Ի՞նչն է Նիցցայում հարցը՝ մարդիկ` իբրև թեմ, ուզում են, որ բոլոր ծուխերը Ֆրանսիայի մեջ նույն կանոններն ու կարգավիճակն ունենան, և բոլորը նույնն ունեն, բացի Նիցցան: Մենք ուզում էինք, որ իրենց կանոնները մեր թեմի կանոններին համապատասխանեն, բայց նրանք մերժեցին դա, խնդիրներ եղան: Խնդիրն ավելի բարդացավ, նույնիսկ դատի գնացինք, նոր ծուխ հիմնեցինք Նիցցայում, որն այժմ աշխատում է:

– Ի՞նչն է խնդիրը:

– Ծուխը կառավարողները չցանկացան իրենց կանոնները փոխել և համապատասխանեցնել մեր բոլոր ծուխերին և թեմի կանոններին:

– Ովքե՞ր էին կառավարում Նիցցայի թեմը:

– Իրենց վարչությունը: Կարիք չկա անուններ նշելու: Վարչությունը դեմ եղավ: Անշուշտ, այլ խնդիրներ էլ կային, իրենց քահանայի հետ տարաձայնություններ ունեին, նույնիսկ կռիվ կար իրենց մեջ, բայց դա այլ խնդիր է: Ամեն դեպքում նրանք պետք է ենթարկվեն թեմին, և այդ խնդիրն այնտեղ պետք է լուծվեր: Եվ լուծվեց, այդ քահանան այլևս այնտեղ չէ: Այսինքն՝ պատճառ էին փնտրում իրենց անկախությունը պաշտպանելու համար:

– Թեմից անկախ լինելն ի՞նչ առավելություն է տալիս:

– Պարզապես ուզում էին անկախ լինել, չէին ուզում թեմին պատկանել, որ նույնիսկ, երբ թեմը հիմնվեց, ստորագրեցին, որ թեմին կպատկանեն, ստորագրեցին, որ իրենց կանոնները կփոխեն, բայց խնդիրներ եղան, դրանք որպես պատճառ օգտագործեցին և չուզեցին ընդհանուր կանոններով շարժվել: Մինչև ստիպված եղանք նոր ծուխ բացել, որը հիմա պատարագներ է անում կաթոլիկ եկեղեցում, որը մեզ տրամադրում են կաթոլիկները: Նրանք իրենց պատարագները շարունակում են, բայց Հայ Առաքելական եկեղեցին չի ճանաչում նրանց քահանային, ու պատարագները Հայ Առաքելական չեն: Իսկ վերջերս Ֆրանսիայի դատարանը որոշեց, որ այլևս իրավունք չունեն Հայ Առաքելական եկեղեցու անունը կրել: Նիցցայում ժողովուրդը մի քիչ շփոթում է, բոլորը տեղյակ չեն այդ մանրամասներից:

Իրենց համար եկեղեցականը պարզ աշխարհավորն է, որ ամսական վճար կտան, և իրենց ուզածը պետք է անի: Նաև իրենց ընտրությունների հետ կապված մենք անհամաձայնություններ ունենք, որ ծխական խորհուրդները բոլոր ծուխերի մեջ կընտրվեն` ով կուզի, թեկնածություն կդնի, ու ամենաշատ քվե ստացողը կընտրվի: Իրենցը ցուցակներով է, այսպես ասած՝ համամասնական կարգով, ու որ ցուցակը կշահի, նրանում էլ ներառված բոլոր անձինք կդառնան խորհուրդի անդամ: Այսինքն, ոչ ոք չի կարող անկախ ընտրվել ու եկեղեցու համար աշխատել սեփական նախաձեռնությամբ, ոչ թե քաղաքականության մաս կազմել:

Չեմ հասկանում, թե ինչու են ամեն կերպ փորձում պաշտպանել այդ եկեղեցին, որ գրավեցին: Եկեղեցու կողքին դպրոցն է, և այն էլ են վերահսկում: Թե ինչու, պատասխանը չունեմ: Հետին միտքը չգիտեմ:

– Նրանք հիմա հայկակա՞ն եկեղեցում են գործում:

– Մեր պատմական եկեղեցին նրանց ձեռքն է, իրենք են տերերն այդ եկեղեցու:

– Եթե շենքը Հայ Առաքելական եկեղեցուն է պատկանել, ինչպե՞ս են շարունակում այնտեղ ծառայություն մատուցել:

– Ֆրանսիայի օրենքներով՝ եկեղեցիները պատկանում են իրենց ծխական կազմակերպությանը, ոչ թե թեմին, նույնիսկ Էջմիածնին էլ չեն պատկանում: Տեղական ժողովրդին են պատկանում, հայկական համայնքին, որ կազմակերպության մեջ միավորված է:

– Եթե իրենք այլևս իրավունք չունեն Հայ Առաքելական կոչվելու, հնարավո՞ր է եկեղեցին վերադարձնել:

– Դա այլ քայլ է, որ պետք է ասել, որ այդ եկեղեցին շինված է Հայ Առաքելական եկեղեցու համար:

– Ինչ-որ միջոցներ ձեռնարկվելո՞ւ են:

– Կտեսնենք՝ ինչ կլինի: Դեռ վաղ է խոսել:

– Ինչպե՞ս կլուծվի հարցը:

– Ինձ համար անհասկանալի է, կարծում եմ, որ ազգային մտածողությամբ պետք է մի քիչ խորհել, թե ինչ պատկեր ենք ցույց տալիս դրսում և 2015 թվականին ենք մոտենում այդ երկու բաժանված խմբերով, որն ինձ համար շատ տգեղ երևույթ է: Ազգային մտածողություն պետք է հանդես բերել և ավելի հեռուն տեսնել: Ազգային մտածելակերպ չկա նրանց մեջ: Չեմ հասկանում, թե ինչ կլինի ապագայում՝ չգիտեմ, չեմ կարող ասել, բայց շատ ցավալի է, ցավալի է մեր ազգի, մեր ժողովրդի և Նիցցայի ժողովրդի համար:

Ես կզղջամ, որ նրանք ուզեցին ճանապարհ գտնել, բայց անհնար եղավ: Մենք շատ քայլեր արեցինք, որ կարողանայինք հարցը խաղաղ լուծել: Չէինք ուզում, որ ներքին խոհանոցը դուրս գար: Մեր պատկերն է վիրավորում: Արդեն 4-5 տարի է՝ այդպես է, բայց նախկինում էլ, երբ թեմը հիմնվեց, միշտ վերապահումով էին վերաբերվում: Խնդիրը ցավալի է, և պետք է լուծում գտնել, բայց ինձ համար դա ամենակարևոր հարցը չէ թեմի մեջ: Կարևորն այն է, որ կազմակերպչական հարցերը կարգավորենք, զարգացնենք, նոր առաջնորդը կարողանա բոլորին համախմբել: Մյուս 22 ծուխերում նման խնդիրներ չկան:

– 2015 թվականի ապրիլի 24-ին ինչպե՞ս եք պատրաստվում:

– 2015 թվականին ուզում ենք բացառիկ պատարագ մատուցել Փարիզի Աստվածամոր տաճարում, հավանաբար, նաև Վեհափառը կարող է մասնակցել: Պատրաստության մեջ ենք, քննարկում ենք: Նույն ժամանակ դասախոսություն պետք է կազմակերպենք բոլոր կրոնների ներկայացուցիչների հետ՝ կաթոլիկ և ոչ կաթոլիկ, քրիստոնեական և ոչ քրիստոնեական՝ «Հավատք և հալածանք» թեմայով: Բոլոր կրոններն իրենց պատմության մեջ ունեցել են նման իրավիճակներ՝ լինի բուդդայականները և չինացիները` այսօր, օրթոդոքսներն ու կոմունիստները` մի ժամանակ, բողոքականները և կաթոլիկները, բոլորն իրենց պատմության մեջ ունեցել են նման իրադրություններ: Նաև ցուցահանդես կլինի, որ կազմակերպում ենք Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ համատեղ: Արդեն նման մի քանի ցուցահանդես արել ենք:

– Որպես ցեղասպանվածների ժառանգ, Դուք ի՞նչ եք զգում, ինչի՞ է հասել Հայաստանն այս ընթացքում:

– Իբրև սփյուռքահայ` ես պայքարում եմ, որ Ցեղասպանությունը ճանաչվի Թուրքիայի կողմից: Երկրորդ՝ Թուրքիան պետք է փոխհատուցում տա՝ կա՛մ անձերին, կա՛մ պետությանը: Ես դեռ փաստաթղթեր ունեմ, այն ամենի փաստաթղթերը, ինչ որ իմ ծնողներն ունեին՝ հող, գույք և այլն: Իմ և մյուսների կորցրածը, հայ ժողովրդի կորուստը պետք է փոխհատուցեն: Դա է մեր պայքարը:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ եղանակով կարելի է Թուրքիային պարտադրել, որ ճանաչի Ցեղասպանությունը, որովհետև չի զգացվում, թե Թուրքիան պատրաստվում է որևէ քայլ անել այդ ուղղությամբ:

– Ամեն դեպքում մեր պայքարը պետք է շարունակվի: Թե ինչ կլինի Թուրքիայի պատասխանը, դեռ կերևա: Թուրքիան ցանկանում է հնարավորինս ավելի շատ հետաձգել ճանաչման պահը, որ ավելի քիչ ժառանգ մնա ու ավելի քիչ ժողովուրդ մնա: Ինչքան ավելի ուշ, այնքան ավելի լավ իրենց համար: 2 տարի անց կասեն՝ ինչ-որ բան արեցինք: Ո՞վ պետք է բողոքի: Իրենց մտքինը դա է: Բայց մենք պետք է պայքարը շարունակենք:

– Ի՞նչ կերպ՝ միջազգային դատարա՞ն դիմել, ի՞նչ անել: Տարբեր տեսակետներ են հնչում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլ կարելի է ձեռնարկել:

– Բոլոր քայլերը, որ հնարավոր է, արդեն անում ենք, ուրիշ քայլ չգիտեմ: Կարծում եմ, պետք է այդ գիտակցումը Թուրքիայի ներսից գա, որ մարդկանց որոշ մասը հասկանա, երիտասարդությունը կամ մտավորականները: Բայց ավելի լավ կլինի, որ Թուրքիայի ներսից գա ճանաչումը, ոչ թե դրսից: Դա իմ կարծիքն է: Եվ ո՛չ ստիպողաբար, ո՛չ արտաքին ուժերի ազդեցության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս