ՔԱՆ-ը նախաձեռնեց հանրային օրակարգի ձեւավորման գործում կուսակցությունների դերի քննարկումը

Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) կազմակերպմամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության մի քանի անդամներ եւ կուսակցականներ հանդիպեցին «Հանրային օրակարգի քննարկում» խմբի հետ՝ դիտարկելու հանրային օրակարգի ձեւավորման գործում կուսակցությունների դերի հարցը։

Իր զեկույցում մշակութաբան Արա Նեդոլյանը կարեւորեց հանրային օրակարգի ձեւակերպման գործընթացի, արժեքային եւ հայեցակարգային հիմնահարցերի շուրջ հասարակական միավորման անհրաժեշտությունը, որոնցից կարող է բխել նաեւ բարեփոխումների հանրային պատվերը: Անցյալ եւ ընթացիկ փորձը, ըստ նրա, ցույց է տալիս, որ զուտ ընթացիկ գործընթացների համատեքստում (ընտրություններ, ընդդիմական մարտավարական նախաձեռնություններ) միավորումը կայուն ու հարատեւ չի կարող լինել, բավարար չեն նաեւ ընդհանուր ձեւակերպումները: «Քաղաքացին պետք է հստակ պատկերացնի թե բարեփոխումների ինչ համակարգ է առաջարկվում»,- ասաց Նեդոլյանը՝ ներկայացնելով հանրային օրակարգի քննարկման արդյունքում ձեւավորված համակարգային փոփոխությունների հինգ կետ: Դրանք են՝ ա/ մարդու իշխանավորում քաղաքական ոլորտում, ուղիղ ժողովրդավարության տարրերի զարգացում պետական ու հանրային կյանքում, հանրաքվեների, հավելյալ ընտրությունների, կոլեգիալ կառավարման զարգացում. բ/ հնարավորինս զանգվածային անցում վարձու աշխատանքի մոդելից տնտեսական ինքնազբաղվածության մոդելին. գ/ մարդու իշխանացում անվտանգության համակարգում, որպեսզի քաղաքացին դիտարկվի արտաքին ու ներքին անվտանգության ոչ թե սպառողը, այլ աղբյուրը, եւ այդ հարցում իրեն կախվածության մեջ չզգա իշխանությունից: Դրան հասնելու ուղիներն են՝ պահեստազորային եւ ոչ թե զորակոչային բանակը, զենք կրելու իրավունքի լայնացումը. դ/ նախորդ կետի հիման վրա պետության չեզոքացում, երբ պետությունը (իշխանությունը) քաղաքացուն չի պարտադրում արտաքին որեւէ կողմնորոշում, քանի որ քաղաքացին այլեւս անվտանգության սպառող չէ արտաքին աղբյուրներից: Երբ քաղաքացու ինքնիշխանությունն ապահովված լինի այդ չորս ոլորտներում, ըստ Նեդոլյանի, հնարավոր կլինի իրականացնել նաեւ ե/ քաղաքացու ինքնիշխանությունը մշակութային ոլորտում, որ ներառում է ապրելու ձեւի ազատ ընտրությունը կրթության, առողջապահության, կրոնական, գաղափարական նախասիրությունների, արվեստի եւ այլ բնագավառներում:

Իրենց հերթին «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մատիրոսյանը, վարչության անդամ Ռշտուն Մարտիրոսյանը, Հրայր Մանուկյանը եւ կուսակցության նախկին խոսնակ Հովսեփ Խուշուդյանը նկատեցին, որ ուղիղ ժողովրդավարության ընդլայնման կետում «Ժառանգությունն» առաջարկում է ընտրովի դարձնել նաեւ դատական իշխանությունը: Նրանց կարծիքով՝ մարդու տնտեսական իշխանավորման հարցում շեշտը պետք է դրվի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ինչին կարելի է հասնել հարկային քաղաքականության վերափոխմամբ, իսկ անվտանգության հարցում կողմ են պրոֆեսիոնալ բանակին եւ պահեստազորին, թեեւ զենք կրելու իրավունքի ընդլայնման գաղափարը դեռ վիճելի է:

Միաժամանակ կողմ լինելով Եվրամիության հետ սերտաճմանը, «Ժառանգության» ներկայացուցիչները հակված են Հայաստանի ռազմական չեզոքության գաղափարին: Ինչ վերաբերում է վերջին կետին՝ մշակութային ինքնիշխանությանը, ապա վերջիններս կողմ են կրթության եւ առողջապահության ճյուղերում բազմազանության ապահովմանը, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա ընտրելու իրեն հարմար ձեւերն ու հաստատությունները: ««Ժառանգություն» կուսակցության գործող ծրագիրը շատ հարցերում համահունչ է «Հանրային օրակարգի քննարկում» նախաձեռնության առաջ քաշած համակարգային փոփոխությունների հինգ կետերին եւ պարունակում է այդ կետերի իրականացմանն ուղղված գործնական մեխանիզմներ»,- շեշտեց Մարտիրոսյանը։

Արվեստագետ եւ ՀԱԿ-ի անդամ Արման Գրիգորյանն էլ նշեց, որ հանրային օրակարգի առաջարկված հինգ կետերն ու «Ժառանգության» ծրագիրը, թեեւ իսկապես համահունչ են բովանդակային առումով, բայց տարբերվում են ոճապես եւ, հավանաբար, նույնը կլինի, եթե համադրվեն ՀԱԿ-ի ծրագրերն ու հանրային օրակարգի կետերը: Նրա դիտարկմամբ՝ հենց դրանում է այդ կետերի դրական առանձնահատկությունը:

Քննարկման վերջում մասնակիցները եզրահանգեցին, որ շատ հետաքրքիր կլիներ շարունակել ծրագրային դրույթների այդօրինակ համադրման գործընթացը նաեւ այլ կուսակցությունների, հասարակական խմբերի ու նախաձեռնությունների հետ: «Ծրագրային, այլ ոչ միայն օպերատիվ-գործնական մակարդակում բոլոր շահագրգիռ կողմերի շփումները քաղաքական մշակույթի զարգացման անհրաժեշտ եւ օրինաչափ փուլ են»,- միահամուռ տեսակետ հայտնեցին քննարկման մասնակիցները:

ՔԱՆ լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս