Բաժիններ՝

«Երեխաներիս վերադարձնեմ, պահեմ-մեծացնեմ. կյանքիս իմաստը այժմ դա է»

asparez.am-ը գրում է. «Կնոջ համար ամենամեծ պարգեւը մայրանալու եւ երեխա լույս աշխարհ բերելու կարողությունն է. չկա մի կին, որ չցանկանա այդ պարգեւին արժանանալ»,- այսպես սկսվեց մեր զրույցը Աննա Հովհաննիսյանի հետ (անուն-ազգանունը փոխված է): Երիտասարդ կին, որի համար անցած 7 ամիսները փորձություններով լի էին: Փշրված երազներ, անքուն գիշերներ, չկայացած ընտանիք…

Այս սեպտեմբերը Աննա Հովհաննիսյանի համար յուրահատուկ պետք է լիներ: Մի պարզ պատճառով. առաջին անգամ դստեր ձեռքից բռնած՝ պետք է դպրոց տաներ։ Ավա՜ղ, չստացվեց: Ուսումնական տարվան նախապատրաստվելու հաճելի հոգսերի փոխարեն երիտասարդ մայրիկը տարաձայնությունների մեջ էր ամուսնու ընտանիքի հետ:

Սեպտեմբերը եկավ։ Աննան ստիպված էր բավարարվել միայն դպրոց գնալով ու հյուրի կարգավիճակով հարազատ դստերը շնորհավորելով:

«Առաջնեկս էր. ի՜նչ նպատակներ, ի՜նչ պատկերացումներ ունեի, թե ինչպես պետք է դպրոց ճանապարհեինք մեր աղջկան: Կյանքում չեմ մոռանա ո՛չ այդ օրը, ո՛չ էլ այն ցավը, որ զգում էի դպրոցի բակում կանգնած»,- պատմում է Աննան :

8 տարվա համատեղ ամուսնական կյանքը այս տարվա մայիսին ավարտվեց: Ինչպես ասում են, մայիսը վայիս դարձավ այս ընտանիքի համար: 8 տարվա ընթացքում 2 հրաշք բալիկներ, որոնք այսօր ստիպված են պատասխան տալ մեծերի թույլ տված սխալների համար: Երեխայի վրա բարկանալը ու սկեսուրի՝ «Վեշերդ հավաքի ու գնա» արտահայտությունը մեկ եղավ: Վերհիշելով այդ օրը՝ Աննան պատմում է, որ համբերության բաժակը լցվել էր արդեն, ինքնասիրությունը՝ խոցվել. «Գնացի, որ երեխաներին հագցնեմ, մեծը չթողեց, ընդդիմացավ, սկսեց լաց լինել»:

Ստիպված էր փոքրին վերցնել ու գնալ հորական տուն: Ամուսնուն զանգելու ու ստեղծված իրավիճակը ներկայացնելու փորձերը ապարդյուն անցան: Խոսափողից այն կողմ լսեց. «Ես արդեն խոսել եմ մամայի հետ ու քեզ լսելու կարիք չունեմ»:

Աննան դստերը թողեց ամուսնու տանը՝ մտածելով, որ հաջորդ օրը կգնա, մանկապարտեզից կբերի իր հետ հորական տուն, սակայն հաջորդ օրը երեխային մանկապարտեզ չէին տարել: Մնացած օրերին էլ սկեսուրը «հերթապահում» էր մանկապարտեզում ու ամեն ինչ անում, որ երեխան չհանդիպի մորը, չնայած Աննան ամեն օր նախակրթարան էր գնում:

«Երեխային տրամադրում են իմ դեմ` ասելով՝ «մամադ վատն ա։ Որ գնաս, էլ չի թողնելու՝ գաս մեզ մոտ», եւ նման շատ այլ բաներ: Նրանց ներկայությամբ երեխան վախենում էր ինձ մոտենալ: Մայր եմ, զգում եմ, որ կարոտով նայում է ինձ, սակայն չի համարձակվում մոտ գալ: Չգիտեմ՝ ինչի են ինձ ուզում ցավ պատճառել»,- արցունքները զսպելով ու փորձելով ուժեղ ձեւանալ՝ պատմում է կինը:

Ամուսնական կյանքի առաջին 4 տարիները, Աննայի բնորոշմամբ, ապրել են համեմատաբար հանգիստ ընտանեկան միջավայրում։ Ո՞ր ընտանիքում չեն լինում մանր-մունր խոսակցություններ։ Սակայն հետո ամուսինը կապվեց այլ կնոջ հետ: Ինքը իմացել է դրա մասին, բայց հանուն 2 անչափահաս երեխաների՝ հանդուրժել է ամեն ինչ:

«Շարունակում էի ապրել մեկ հարկի տակ՝ հանուն զավակներիս, որ երեխաներս լիարժեք ընտանիքում մեծանան, չզրկվեն ո՛չ մորից, ո՛չ հորից… Չգնահատվեց իմ այդ զոհողությունը ո՛չ նրա, ո՛չ էլ սկեսուրիս կողմից»,-ասում է:

Աննայի խոսքով՝ այդ ընտանիքում երբեք իրեն լիարժեք ազատ չի զգացել: Անգամ ամենաչնչին իրն էլ տեղափոխելու համար թույլտվություն էր հարցնում։ Լարվածությունն արտահայտվել է ոչ թե ֆիզիկական բռնությամբ, այլ հոգեբանական ճնշումներով: «Մուննաթով էին խոսում, ոչ մի խոսք հանգիստ չէր ասվում»,- անկեղծանում է։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս