Ժիրայր Սէֆիլյանը՝ խոցված ուղղաթիռի մասին. Իմ համոզմամբ, հանցակազմ գոյություն ունի

«Հակառակորդը համարձակվեց խոցել հայկական ուղղաթիռը, որովհետև տեղեկացված է, որ Հայաստանի ղեկավարությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու Ադրբեջանի դեմ»,- այսօրվա ասուլիսում ասաց Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնության քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը:

Ինչո՞ւ էին ՄԻ-24 ուղղաթիռներն այդքան մոտ թռչում Ադրբեջանի սահմանին, ինչո՞ւ էր որոշվել այդպիսի երթուղի, և ո՞վ էր կայացրել այդ որոշումը: Այս հարցերն են հետաքրքրում արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին:

«Ո՞վ է այդ բարձրաստիճան զինվորականը, որ հաստատել է այդ երթուղին, ինչո՞ւ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել: Ուզում եմ ասել` այստեղ, իմ համոզմամբ, հանցակազմ գոյություն ունի, և ուշ թե շուտ մեղավորը պիտի բացահայտվի և պատժվի»,- հայտարարեց նա:

Ժ. Սէֆիլյանի կարծիքով` այն հանգամանքը, որ ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները շուրջ 10 օր մնացին բաց երկնքի տակ, պատահական չէ, որովհետև խնդիր է դրված բարոյալքել հայկական բանակը. «Հայ մարդու, առավել ևս ամեն հայ զինվորականի համար շատ ծանր է երևույթը, որ աչքիդ առաջ երևում է քո զինակիցների դիերը, իսկ դու չես կարողանում մոտենալ և վերցնել, որովհետև քաղաքական ղեկավարությունը քեզ թույլ չի տալիս»:

Նա համոզված է, որ հայկական բանակին հարվածելու, այն բարոյալքելու փորձերն ուղղակիորեն կապված են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հետ.

«Քանի դեռ մենք ունենք այսպիսի օկուպացիոն ռեժիմ, այս դեպքը, դժբախտաբար, վերջինը չի լինելու: Իմ համոզմամբ` սա ուղղակի կապ ունի քաղաքական, տարածաշրջանային անցուդարձերի հետ, այսինքն երբ մեր չընտրված քաղաքական ղեկավարության կողմից որոշվեց մուտք գործել աշխարհաքաղաքական ինչ-որ միություն, նորելուկ կայսրություն, դրան սկսեց հաջորդեց հարվածը մեր բանակին:

Ինչո՞ւ մեր բանակին, որովհետև այսօրվա օկուպացված մեր երկրում մնացել է ընդամենը մեկ հաստատություն, որը կարող է  մեզ հետ կանգնեցնել մեր ինքնիշխանության կորստից: Դա հայկական բանակն է: Որքան էլ մենք քննադատում ենք մեր բանակին, բարձրաձայնում ենք թերությունները և ճիշտ ենք անում, դա չի նշանակում, որ մեր բանակը կորցրել է իր առաքելությունը: Մեր բանակն ունի այդ կարողությունը` ոչ միայն կանգնեցնելու այս անիվը, որը տանում է մեզ դեպի անդունդը` մեր ինքնիշխանության կորուստը, այլև հակառակը պտտեցնելու»:

«Բանակը պետության մեջ միակ հաստատությունն է, որը կարող է կացություն փոխել երկրում, բայց ոչ բանակը առանձին,- ընդգծում է Սէֆիլյանը` ավելացնելով, որ բանակի հնարավոր միջամտությունը քաղաքական գործընթացներին, չի լինելու միայն այսօրվա բանակի կողմից:- Մեր բանակը նույնպես ունի ինքնամաքրման խնդիր: Ինքնամաքրված բանակն է, որ կարողանալու է եղանակ փոխել` գլխավորապես գործակցելով այն ուժերի հետ, որոնք ռեժիմի վերահսկողությունից դուրս են: Առաջին հերթին մենք մեզ տեսնում ենք այդպիսի ուժ, բայց, բարեբախտաբար, մենք միակը չենք»:

 

Ուշագրավ է, որ ասուլիսի բանախոսը միաժամանակ հարկ համարեց շեշտել, որ չի կարևորում, թե որ գերտերությունն է օկուպացրել Հայաստանը. «Պարզ է, որ այսօր դա Մոսկվան է, սակայն երբ մենք խոսում ենք այս օկուպացիայի դեմ, դա չի նշանակում, որ մենք, այսպես ասած, հատուկ մոլուցք ունենք Ռուսաստանի նկատմամբ: Այդպես չէ: Կայսրություններն ունեն իրենց հատուկ շահերը, և այստեղ ես ոչ մի քննադատություն չունեմ այդ կայսրության դեմ: Ամբողջ խնդիրը մեր մեջ է: Այդ ե՞րբ եղավ, որ հայերը որոշեցին ինքնիշխան լինել, և որևէ կայսրություն համառորեն փորձեց դրան դեմ կանգնել: Ես համոզված եմ, որ երբ մեր երկրի ներսում այդ քաղաքական ուժը, որը տեր է իր ինքնիշխանությանը և ժողովրդային հենք ունի, նույն Մոսկվան ևս դրա հետ հաշվի է նստելու»:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս