«Ամենախոցելի ոլորտը մնացել է անշարժ գույքի ոլորտը». Հակոբ Բաղդասարյան

«Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող տատանումները ես կարող եմ տնտեսության վերջնակետ համարել, քանի որ երբ տնտեսության մեջ բոլոր գործոնները կարողանում ենք վերլուծել, նոր միայն կարողանում ենք նաև արձանագրել նրա իմաստն ու արդյունքները: Մասնավորապես՝ շատ մեծ փոխկապակցվածություն ունի բանկային ոլորտն անշարժ գույքի հետ, պահանջարկի ձևավորումը, արտագաղթի կամ ներգաղթի ցուցանիշները, փոքր ու միջին բիզնեսի ակտիվության աստիճանը, դատական համակարգի որակական հատկանիշները և իհարկե հարկային ու մաքսային, օրենսդրական ու նեղ իրավիճակը՝ հիմնականում համեմատության մեջ ունենալով մեր տարածաշրջանի այլ պետությունների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու-երեք տարիների կտրվածքով՝ բանկային ոլորտում էական, արմատական շատ չնչին փոփոխություններ են եղել՝ կապված վարկերի տոկոսադրույքների, ժամկետների, վարկերի տրման խստության կամ մեղմության մեխանիզմների հետ. «Ճկունությունը նույն մակարդակի վրա է, միջին մակարդակի բյուրոկրատական ավելորդ գերագնահատման մեխանիզմները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, քանի որ մասնավորապես անշարժ գույքի ոլորտում առանց ներգրավման, առանց ծավալների մեծացման, առանց ավելի լայն մասսաների ներգրավման ուղղակի հնարավոր չէ աշխուժություն մտցնել: Ինքս դա համարում եմ բանկային համակարգի ոչ ճիշտ մոտեցում»:

Ըստ Հ. Բաղդասարյանի՝ վերջին տարիներին արտագաղթի ծավալների մեծացումը ևս պահանջարկի անկման կարևոր պատճառներից է. «Եթե այս երկու-երեք տարվա մեջ բոլոր ոլորտներում ծավալների թեկուզ թեթևակի աճ ունենք, ապա անշարժ գույքի ոլորտում աճի մեխանիզմներ չունենք՝ կապված ծավալների հետ: Այսինքն՝ ամենախոցելի ոլորտը մնացել է անշարժ գույքի ոլորտը, քանի որ և՛ կառուցապատման ծավալների անկում կա, և՛ իհարկե պահանջարկի»:

Տեսանյութեր

Լրահոս