ԵԱՀԿ-ի ոչ հասցեական կոչերը խրախուսում են Ադրբեջանի նման պահվածքը. Վաղարշակ Հարությունյան. tert.am

Ռազմական գործիչ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նման պահվածքի համար իրենց մեղքի բաժինն ունեն Մինսկի խումբն ու միջազգային կազմակերպությունները, որոնք հասցեական չեն իրենց կոչերում։

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանն ուզում է առանց զիջումների հասնել ԼՂՀ հարցի լուծման՝ հույսը դնելով իր նավթադոլարների վրա։ «Բայց այսօր ռազմաքաղաքական բալանսը հօգուտ իրենց չէ, և իրենք դա շատ լավ գիտեն, դրա համար խոսել այսօր լայնածավալ պատերազմի մասին, համարում եմ շատ քիչ հավանական»,-ասաց նա։

-Պարո՛ն Հարությունյան, Ադրբեջանը հստակ իր վերաբերմունքով փաստացի արհամարհեց Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես՝ Կասպշիկին թույլ չտալով ուղղաթիռի անկման վայր այցելել։ Ինչո՞վ կբացատրեք Ադրբեջանի նման պահվածքը, և արդյո՞ք դա հենց նույն Մինսկի խմբի մեղքը չէ, քանի որ Ադրբեջանի պարբերական սադրանքներից հետո իրենց հայտարարություններում համանախագահները զսպվածության կոչեր են հղում կողմերին և ոչ թե հասցեական։

-Այն փաստը, որ Ադրբեջանը որևէ ձևով չարձագանքեց միջազգային կառույցների կոչին, ավելին, որ Կասպշիկին թույլ չեն տվել անցնել դեպի խոցված ինքնաթիռը, ցույց է տալիս, որ Ադրբեջանն ընդհանրապես հակամարտության հարցով ցանկություն չունի կառուցողական համագործակցության։ Նման վերաբերմունքի համար, իհարկե, Մինսկի խմբի մեղավորությունը կա, քանի որ Մինսկի խումբը հետևողական չէ, և եթե կողմերը չեն կատարում պայմանավորվածությունները, կոչն ուղղում են ոչ հասցեական։ Դեռ այն ժամանակ, երբ ստորագրվեց 1994թ. զինադադարի պայմանագիրը, արդեն 95-ին, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից ստորագրվեց փաստաթուղթ, որի համաձայն՝ պետք է դիպուկահարներին առաջին գծից հանել, ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել, թե ով է խախտել զինադադարի պայմանագիրը, և այդպիսի մի քանի այլ փաստաթղթեր, որոնք Ադրբեջանն ակնհայտ անտեսում է, ի տարբերություն հայկական կողմի։ Իսկ միջազգային կազմակերպությունները և նույն ԵԱՀԿ-ն, չեն արձագանքում նման դեպքերին՝ դրանով խրախուսելով Ադրբեջանի նման պահվածքը։ Իհարկե, դժվար է սկզբնական փուլում բացահայտել, թե ով է խախտում կատարել, բայց նույն ուղղաթիռի խոցման պարագայում ակնհայտ է, միջազգային կազմակերպություններն էլ են փաստում, որ ուղղաթիռը կատարել է ուսումնավարժական թռիչք և խոցվել է Ղարաբաղի տարածքում։ Այս դեպքում կարծես թե հստակություն կա, բայց արձագանքն այն չէ, ինչ պահանջում է նման իրավիճակում։
-Կարծում եք, որ Ադրբեջանը կարող էր նման սադրիչ քայլի դիմել առանց երաշխիքներ ունենալո՞ւ։

– Իհարկե կարող է, և ինչպես ասացինք՝ միջազգային ոչ համարժեք արձագանքն էլ թույլ է տալիս Ադրբեջանին ժամանակ առ ժամանակ նման քայլերի դիմել։

-Ակնհայտ է, որ Ադրբեջանը դժգոհ է խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ձևաչափից և քայլերն ուղղված են ձևաչափը տապալելուն։ Ինչի՞ կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի նման քայլերը, արդյոք կա՞ն նախադրյալներ, նրանց նպատակների իրագործման համար։

– Չեմ կարծում, թե նրանց կհաջողվի ձևաչափ փոխել. ջանքերը անիմաստ են։ Պարզ է, թե ինչու է Ադրբեջանն ուզում ձևաչափը փոխել, որովհետև հասկանում է, որ չկա այն արագ լուծման տարբերակը, որն Ադրբեջանն է ուզում, առանց զիջումների հասնել հարցի լուծման։ Ադրբեջանը նման կոշտ կեցվածք է ընդունել, թե Ղարաբաղն իմն է և վերջ՝ հույսը դնելով իր նավթադոլարների վրա, ինչն իհարկե սխալ հաշվարկների հետևանք է։

-Պարո՛ն Հարությունյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների արձագանքը Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման հետ կապված, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ի։ Չե՞ք կարծում, որ եթե սկզբնական փուլում արձագանքը համարժեք էր, հետագայում նույն կոչերի հարցով ավելի զուսպ էին։

-Ընդհանրապես դեպքի հետ կապված հայտարարություններն ավելի հստակ էին՝ ԵԱՀԿ-ից սկսած, ավարտած ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ-ի դեպքում ավելի հստակ էր, որտեղ պարզ նշվում էր, որ ադրբեջանական զինուժն է խփել ուղղաթիռը ղարաբաղյան տարածքում։ Իսկ ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի այլ գործողություններին, ապա ես դրա մասին բազմիցս ասել եմ, որ ՀԱՊԿ-ն ըստ պայմանագրի 4-րդ կետի՝ սկսում է գործել ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի դեպքում, իսկ ագրեսիան այն է, երբ քո տարածքները գրավելու փորձեր է կատարվում. մենք նման դեպքեր չունենք։ Այն մարդիկ, որոնք ասում են, որ ՀԱՊԿ-ը պետք է միջամտի, սխալվում են. սա միջադեպ է և ոչ թե ագրեսիայի ակտ, սա պետք է ընդունել որպես զինադադարի կոպիտ խախտում. ՀԱՊԿ-ի քաղաքական հայտարարությունը դրական եմ համարում և՛ բովանդակային, և՛ ժամանակագրական առումով։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս