Արևմուտքն ունակ է ճնշելու Ադրբեջանին, ուղղաթիռի միջադեպի դեպքում արձագանքն անհամաչափ էր. Ա. Մանուչարյան. tert.am

Մինսկի խումբը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործիք չէ, նրանք չեն սպասարկում խաղաղությունը, այլ սպասարկում են ԱՄՆ-ի շահերի համադրումը մյուս համանախագահ երկրների շահերի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով ԼՂՀ ԶՕՈւ ուղղաթիռի խոցման վերաբերյալ միջազգային հանրության` մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների ոչ հասցեական հայտարարություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Հիշեցնենք նաև, որ միջադեպից հետո Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում «խստորեն կոչ էին անում կողմերին՝ խուսափել քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում»։

«Այստեղ չկա Հայաստան-Ադրբեջան, Մինսկի խումբն իրար մեջ է խնդիրները լուծում, որպեսզի հավասարակշռությունը չխախտվի, խնդիրներ չստեղծվի: Դրա համար, ակնկալել նրանցից որևէ բան, անհնար է: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, ապա այն պետք է հաստատենք ինքներս»,-ասաց Աշոտ Մանուչարյանը և նշեց, որ միջազգային հանրության արձագանքը անհամաչափ է բոլոր առումներով:

«Այդ մարդիկ իրենց աշխարհակարգի հետ միասին անհամարժեք են, նրանք պետք է հեռանան այն քաղաքականությունից, որը վարում են, որովհետև այն արժեքները, նպատակները, որոնք նրանք հետապնդում են, ոչ միայն ոչ մի կապ չունեն, այլ ուղղակի հակադրված են այսօրվա մարդու հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությանը, որ Բաքուն ԵԱՀԿ առաքելությանն անվտանգության երաշխիքներ չի տվել ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի անկման վայրում քննություն անցկացնելու համար, Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ երբ արևմտյան համակարգին որևէ բան է պետք լինում Ադրբեջանից, նրանք դրան հասնում են, հետևաբար ստացվում է, որ Կասպշիկի այցն այնքան էլ անհրաժեշտ չէր:

«Եթե իրականում պետք է լինում լուծել նման խնդիրներ, ապա շատ կոշտ ճնշում է լինում Ադրբեջանի վրա, և Ադրբեջանը միշտ համաձայնվում է»,-ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը մեր ռազմական գերատեսչության` ուղղաթիռի անձնակազմի աճյունները տարհանելու գործողությունն անկասկած դրական է գնահատում, սակայն նշեց, որ Պաշտպանության նախարարությունը պետք է իմանա, որ իր վրա վերցնում է պետության ամբողջական ֆունկցիա, որովհետև մեր պետությունը շատ հարցերում արտաքինի թելադրանքն է կատարում և կամազուրկ է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս