Բաժիններ՝

«Չէի ասի, որ ներքին շուկայում մենք որոշակի ապրանքատեսակների գնաճի խնդիր չենք ունենա ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակում». Սուքիաս Ավետիսյան

«ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ վերջին գործընթացներն են ընթանում, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է Սահմանադրությամբ: Ես կարծում եմ, որ այս անդամակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հնարավորություն կստեղծվի մեր շուկան ընդլայնելու, ինչն անչափ կարևոր է մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ որքան շատ քայլեր կատարվեն արտահանման ուղղությամբ, այնքան արագ կզարգանա մեր երկրի տնտեսությունը. «Դրանից բացի՝ մենք չենք կարող հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ մեր ամենամեծ սփյուռքը ԵՏՄ-ի տարածքում է՝ մասնավորապես՝ Ռուսաստանում, և դրա արդյունքում ամենաշատ տրանսֆերտները հենց այնտեղից են գալիս Հայաստանի Հանրապետություն: Իսկ որ ամենակարևորն է, մեր երկրի և ժողովրդի անվտանգության խնդիրն է, որը մենք դարեր շարունակ կապել ենք Ռուսաստանի հետ. այսօր փաստորեն ռուսական զորքերն են, որ Թուրքիայի հետ մեր սահմանները պաշտպանում են մեր զինվորների հետ միասին»:

Ս. Ավետիսյանի խոսքով՝ հետազոտություններ ու թվային վերլուծություններ կարելի է անել անդամակցությունից միայն մեկ տարի հետո՝ հասկանալու համար, թե ինչ հաջողությունների ենք հասել, ինչ խնդիրներ կան, ինչ պետք է անել դրանք վերացնելու համար և այլն.

«Ռիսկերը մենք որքան էլ փորձենք գնահատել, այնուամենայնիվ, ժամանակից լավ գնահատական չի կարող լինել: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այս ամենին մենք անդրադառնանք մեկ տարի հետո, քանի որ հենց այդքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր տնտեսվարողները, մեր իշխանությունները կարողանան հասկանալ այն բոլոր խնդիրները, որոնք ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք կունենանք: Թեև մեր բանակցային խումբը փորձել է այդ բոլոր կնճիռները հարթել, և դա էր պատճառը, որ երկար ժամանակ այդ բանակցություններն ընթանում էին»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հարցին, թե թանկացումներ արդյոք սպասվո՞ւմ են ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակում՝ հաշվի առնելով արդեն առկա գնաճը՝ Ս. Ավետիսյանը պատասխանեց, որ գնաճի խնդիր կլինի, բայց ավելի լավ է անգամ այդ խնդիրներին բախվելով՝ զարգացնել տնտեսությունը անդամակցության շրջանակում.

«Եթե մենք կարողանանք տնտեսությունն ակտիվացնել, արտադրության ծավալներն ավելացնել, ապա կկարողանանք նաև ներքին շուկայի գները կարգավորել: Իհարկե, չէի ասի, որ ներքին շուկայում մենք որոշակի ապրանքատեսակների գնաճի խնդիր չենք ունենա, բայց մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ ավելի լավ է մենք փոքր գնաճ ունենանք, բայց տնտեսությունը զարգացնենք, քան մտածենք ամեն գնով շուկայի գները պահելու մասին»:

Անդրադառնալով նաև հարցին, թե ինչպես են զարգանալու տնտեսական հարաբերությունները հարևան երկրների, մասնավորապես՝ Իրանի և Վրաստանի հետ՝ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ տնտեսական խնդիրներ չեն առաջանա անդամակցության շրջանակում թե՛ Իրանի և թե՛ Վրաստանի հետ.

«Մենք Իրանի հետ փորձում ենք նավթի, գազի, երկաթգծի, հիդրոէլեկտրաէներգայի և մնացած բոլոր ծրագրերը շարունակել, և ԵՏՄ-ի հետ կապված՝ մենք Իրանի հետ խնդիր չունենք: Իսկ Վրաստանի հետ կապված՝ ես պետք է անկեղծ ասեմ, որ այն՝ որպես հարևան պետություն, շատ քիչ դեպքերում է, իրոք, որպես հարևան պետություն հանդես գալիս, քանի որ շատ հարցերում մենք Վրաստանի հետ ավելի զգույշ ենք. նրանց անընդհատ շարունակվող քաղաքական վայրիվերումները մեզ հնարավորություն չեն տալիս հստակ հասկանալու իրենց քաղաքական դիրքորոշումները և մեզ հետ նրանց հարաբերությունների հստակությունը:

Վրաստանի հետ մեր շուկան շատ մեծ չէ, նրանց հետ կապված՝ մենք ունենք տրանզիտի խնդիր. մեր միակ ցամաքային տրանսպորտը, ցավոք, Վրաստանով է անցնում: Դրա համար մենք ապրանքների ներմուծման, արտահանման, Վրաստանի տարածքն օգտագործելու հետ կապված խնդիրներ ունենք, բայց ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակում մենք խնդիրներ չենք ունենա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս