Վերահսկելիություն պահելու միակ ձևը համապատասխան մարտական գործողություններ իրականացնելն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության մասին, ասաց, որ ժամեր առաջ պարզ դարձավ՝ այդ փայլուն գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը, իսկ գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։

«Վերջին օրերին տեղի ունեցածը լուրջ քաղաքական իրավիճակ է փոխել հայ-ադրբեջանական հարաբերություններում և ըստ էության ցույց տվել, որ բանակցային այն փուլը, որն սկսվեց Սոչիում՝ Պուտինի միջնորդությամբ և ավարտվեց Փարիզում՝ Օլանդի միջնորդությամբ, ըստ էության, դարձյալ ապարդյուն էր: Նման գործողությունների գնալով` Ադրբեջանը փակեց բանակցությունների միջոցով հարցի լուծման ցանկացած հնարավորություն: Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ նման գործողությունները պետք է դիտել որպես սովորական պրակտիկա: Այսինքն՝ հակամարտությունը նոր ձև է ստացել, և սա, այսպես ասած, հատուկ ջոկատայինների պայքար է»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ միջազգային հանրությունը լծակներ չունի՝ Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու և հարաբերական այս անդորրը պահպանվում է հայկական զինուժի շնորհիվ. «Եթե մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի կարողանում ազդել Ադրբեջանի վրա և գոնե ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում կբացառեն Ադրբեջանի կողմից սադրիչ քաղաքականության շարունակականությունը, ապա վերահսկելիություն պահելու միակ ձևը համապատասխան մարտական գործողություններ իրականացնելն է»,-նշեց նա:

Ըստ քաղաքագետի՝ հայկական դիվանագիտությունը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի բանակցությունների փուլը մնա Մինսկի խմբի շրջանակներում. «Համոզված եմ, որ Մինսկի խմբից հրաժարվելու նպատակ հայկական կողմը չունի: Այլ հարց է, թե ինչպես իրեն կպահի Ադրբեջանը: Նրանք իսկապես վաղուց փորձում են քանդել այդ ֆորմատը: Ադրբեջանը շատ կցանկանա այնտեղ տեսնել Թուրքիային և տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող այլ երկրների: Բայց հայկական կողմի և եռանախագահող երկրների նախագահների վճռականությունը թույլ կտա այդ ֆորմատը պահպանել և Ադրբեջանի ջանքերը նորից ապարդյուն կլինեն»,-պարզաբանեց քաղաքագետը:

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս