Բաժիններ՝

Ո՞րն է իմ անելիքն այս կյանքում. հարցնում է Անին

asparez.am-ի թղթակիցը գրում է. «Դռան թխկոցն ու զանգը լսելուն պես, Անին անաղմուկ քայլերով մոտենում է դռանը: Հարցնում է՝ ով է։ Պատասխանը լսելուն պես՝ շտապում է բացել: Դանդաղ քայլերով, ժպտադեմ եւ ուրախությունից փոքր-ինչ խառնված՝ մեզ ուղեկցում է հյուրասենյակ:

Լսելով, որ եկել եմ իր մասին հոդված գրելու՝ սեղանին դրված տետրերն է մատնացույց անում. այստեղ են ամփոփված 39 տարիների բոլոր առավոտներն ու երեկոները: Անին սահմանափակ կարողություններ ունի. հենաշարժողական համակարգի խնդիրները, տատիկի պատմելով, ծնվելուց հետո են առաջացել աղջկա մոտ` ծննդատանը սխալ բուժում իրականացնելու պատճառով:

Պատմությունը թողնելով կիսատ ու, կարծես չցանկանալով վերհիշել այդ ամենը՝ Անին վեր է կենում ու տետրերը տալիս ինձ, հասկացնում, որ կարդամ: Այնքան ոգեւորված ու խնամքով է թերթում խունացած տետրի էջերը. կարելի էր հասկանալ, որ երկար ժամանակ է՝ այն ոչ-ոք չէր բացել, ու ցանկանում է րոպե առաջ ինձ իր ստեղծագործություններին ծանոթացնել:

Թերթում եմ ու հետն էլ փորձում Անիից պարզել, թե հատկապես ինչի մասին է սիրում գրել, չնայած առաջին իսկ տողերից հասկացել էի, որ տարվա տխուր եղանակն է զրուցակցիս հավատարիմ ընկերը:

Նորից աշուն, նորից թախիծ…

Երկինքը պատվեց մռայլ ամպերով ու ծառերի մերկության հետ

Փշրվեցին իմ երազանքների լապտերները,

Մարեց հույսի վերջին շողը.

Հիմա իմ հոգում դատարկություն է տիրում:

«Հոգուս կանչը». այսպես է Անին վերնագրել իր բանաստեղծությունը, որով փորձում է մարդկանց լսելի դարձնել իր հոգու ձայնը, տառապանքներն ու երազանքները եւ վերջում Տիրոջը դիմելով՝ խնդրում է իրեն վերադարձնել հոգու գարունը: Ասում է՝ գրեթե բոլոր բանաստեղծություններում ինքն է, իր ներաշխարհը: Ստեղծագործել սկսել է 17 տարեկանից: Երազել ու երազում է ամսագիր հրատարակելու մասին, որպեսզի հնարավորություն ունենա իր գրվածքներն ընթերցողին փոխանցել:

Անիի մանկությունը նման չէր իր շրջապատի շատ երեխաների մանկությանը: Մանկապարտեզ չի հաճախել, դպրոց թղթերը հանձնել էր, սակայն ընդամենը հաշված օրեր է ոտք դրել «գիտելիքների գանձարան» կոչվող հաստատության դռներից ներս: Եթե դպրոցը հարմարեցված լիներ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժման համար, գուցե հասակակիցների հետ հասարակ շփումն ու նրանց նման դպրոցական սեղանի մոտ նստելը երազանք չմնային։ Սակայն չի դժգոհում. տնային ուսուցմամբ է կրթվել, սերտել մեսրոպյան ոսկեղենիկ տառերը, որոնք նրա ինքնարտահայտվելու հիմնական միջոցն են դարձել՝ վերածվելով բանաստեղծության: Սկզբում ինքն էր թղթին հանձնում իր մտքերը, հետո երբ դժվարացել է գրելը, մայրիկի օգնությամբ էին տողերը թղթի վրա արտացոլվում:

Չնայած կյանքի մատուցած անակնկալներին՝ Անին չի ընկճվում: Իրեն հասարակությունից մեկուսացած չի պահում` հնարավորության սահմաններում շփվում է ծանոթ-անծանոթների հետ: Նրա հիշողությունից չի ջնջվում «Վերջին զանգի» միջոցառումը: Սպասված օր էր, մանավանդ որ՝ ոչ թե տանը պետք է ուսուցիչներին դիմավորեր, այլ ինքը պիտի գնար դպրոց, միանար համադասարանցիներին»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս