Գործարարը պնդում է՝ ֆանտաստիկայի ժանրից չէ, հեղափոխական նորամուծություն է

Գործարար Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր նորարարական գաղափարները՝ կապված տրանսպորտային միջոցների հետ: Ըստ նրա՝ այդ նորամուծությունը մի քանի անգամ էժան է տաքսուց, էական առավելություն ունի երթուղայինների նկատմամբ:

Այսպես, Վահե Հակոբյանն առաջարկում է զգալի փոփոխություններ մտցնել տրանսպորտի ոլորտում՝ մարդատար մեքենաների վրա տեղադրելով վազող տող, այսինքն՝ վազող տողի վրա նշել երթևեկության ուղին, նստատեղերի քանակը և ըստ անձի՝ սակագին. «Այդ գաղափարի վերաբերյալ ես արդեն իսկ հանդես եմ եկել ինտերակտիվ և տեխնոգեն հաղորդաշարերի շրջանակներում: Ասեմ, որ մի քանի ամիս շարունակ ես, տեղադրելով այս սարքն իմ սեփական մեքենայի վրա, մեքենաս հանդես բերելով իբրև տաքսի, փորձել եմ հասկանալ մարդկանց արձագանքն այս մեթոդին:

Առաջարկում եմ նաև տվյալ ոլորտի պետաշխատողներին միասին համագործակցել՝ հասկանալու համար, թե ինչ քանակի սարքեր են հարկավոր, ինչ սակագներով, որ տարածքներում և ինչ կերպ: Մենք, օրինակ, կարծում ենք, որ տրամաբանական կլինի նախնական շրջանում գործածել 1000 հատ՝ Երևանում անձը 200 դրամ սակագնով, իսկ մարզերից Երևան կամ հակառակը՝ 300-5000 դրամ»:

Ըստ Վ. Հակոբյանի՝ օգտագործման եղանակները կարող են տարբեր լինել. նշելով ուղղությունը՝ վարորդը հնարավորություն կունենա ուղևոր վերցնել անմիջապես, իսկ եթե անհատ տաքսի է, ապա պատվիրատուին առաջարկում է գործի դնել մեխանիզմը՝ նշելով իր երթուղին. «Յուրաքանչյուր անձի նստելու դեպքում պատվիրատուի գումարից կնվազի 100 դրամ, իսկ վարորդի գումարը կավելանա նույնքան: Այս ամենին զուգահեռ՝ մեր կազմակերպությունը հաճախորդին հնարավորություն կտա տեղեկանալ յուրաքանչյուր նմանատիպ մեքենայի ուղղությունը և տեղում պատվիրել նստատեղ:

Սարքը սկզբնական շրջանում կլինի 2 տեսակի՝ հեռակառավարման վահանակով և սմարթֆոնով, գինը կտատանվի 150-250 ԱՄՆ դոլարի սահմաններում: Նախնական ժամկետն էլ կսահմանվի 2-3 տարի՝ առանց կանխավճարի և 0 % տոկոսադրույքով, միայն անձնագրի առկայությամբ:

Մենք նաև հովանավորների կարիք ունենք՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Տվյալ քանակով և տեսքով ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի մոտ 250 հազար դոլար»:
Լրագրողների դիտարկմանը, թե այս ամենը կարծես ֆանտաստիկայի ժանրից լինի, գործարարը հակադարձեց, թե այս մեթոդն իսկական հեղափոխական նորամուծություն է, այն ավելի շատ պահանջարկ կունենա, իսկ երթևեկությունն էլ կդառնա ավելի արագ, անվտանգ, հարմարավետ և օպտիմալ:

Տեսանյութեր

Լրահոս