Բաժիններ՝

Մեկ հրեա զինվորն «արժե» 1000 պաղեստինցի

Մեր օդաչուների մարմինները մինչ այժմ զինվորական բոլոր պատիվներով հանձնված չեն հողին: Հարցերը, թե ինչու հայկական կողմին չի հաջողվում նրանց մարմինները դուրս բերել չեզոք այդ գոտուց, ռազմական փորձագետների բացատրությունների կարոտ են:

Թե ինչու հենց ուղղաթիռի խոցման ժամանակ հնարավոր չեղավ նույն պահին հակահարված տալ հակառակորդին ու վտանգավոր գոտուց հանել մեր օդաչուներին, ևս մասնագետների պատասխանի կարոտ է:

Սակայն կա մի բան, որը կախված է հենց մեզանից: Մարդուն գնահատելու, հարգելու իմաստությունը, որը բարձրաստիճան և ոչ մի ղեկավար չունի:

Ուշադիր լսում էի երկրի նախագահի, այս դեպքում` ԶՈՒ Գերագույն հրամանատարի ելույթը զորավարժությունների ավարտին. «…Եվ չնայած ցավալի դեպքին (հայկական ուղղաթիռի խոցումը հակառակորդի կողմից.- Լ.Ա.)՝ ես համարում եմ, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել»: Սա՞ էր արձագանքը:

ԶՈՒ Գլխավոր հրամանատարի շուրթերից շատ կարևոր էր այդ պահին լսել զոհված օդաչուներից յուրաքանչյուրի անունը, լսել, որ այս զորավարժությունները ոչ թե «հաջողությամբ են ընթացել», այլ ձախողվել են, քանի որ կրել ենք նման անդառնալի կորուստ: Այսպես ավելի ազնիվ կլիներ: Առավել ևս, որ ԶՈՒ Գլխավոր հրամանատարն իր խոսքում մի կարևոր միտք ևս ասաց. «Անշուշտ, ձեզ հետևում են նաև օտարները, և առաջին հերթին` նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր (…) ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել»: Ի՞նչ է նշանակում` «դժվարին վիճակի մեջ հայտնված»:

Եթե զորավարժությունները հաջողված են, ապա ինչո՞ւ պետք է մեր ուղղաթիռները հայտնվեին «դժվարին դրության մեջ»: Ընդ որում, միանգամից երկու ուղղաթիռ էր այդ վիճակում, որոնցից մեկին գոնե, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել հակառակորդի կրակից:

Զորավարժության մասնակիցներին ուղղված ջերմ ու բացականչական նշաններով առատ խոսքերն արժեզրկվում են, քանի որ յուրաքանչյուր զինվոր հասկանում է՝ լիներ ինքը զոհված օդաչուների փոխարեն, իրեն ևս կհամարեին «ցավալի դեպք»:
Անհրաժեշտ է, չափազանց կարևոր, որ ոչինչ չխնայվի զոհված օդաչուների մարմինները ստանալու համար: Եթե ռազմական ճանապարհով դա հնարավոր չէ, ուրեմն պետք է գտնել այլ ճանապարհ՝ փոխանակման: Եվ սա կարևոր ուղերձ կլինի յուրաքանչյուր զինվորին, իր զավակին բանակ ուղարկած յուրաքանչյուր ծնողին, որ, եթե իր հետ նման ողբերգություն պատահի, իր որդուն վերադարձնելու համար պետությունը, երկրի բարձրագույն ղեկավարությունը ոչինչ չի խնայի:

Մինչ օրս հնարավոր չէ մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ 2011-ին Իսրայելում: Պաղեստինցիների կողմից գերեվարված հրեա կապրալ Հիլադ Շալիթին Իսրայելի իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին փոխանակել 1000 պաղեստինցի զինյալների հետ, որոնք Իսրայելի բանտերում էին: Ընդ որում, 1000 պաղեստինցիներն ամենևին խաղաղ բնակիչներ չէին, այլ զինյալներ, որոնք հայրենիք վերադառնալով՝ դարձյալ զենքը ձեռքն էին վերցնելու:

Պաղեստինցիները տոնեցին Իսրայելի հանդեպ իրենց հաղթանակը՝ 1:1000: Իսրայելցիների մի մասը տխրեց 1:1000 պարտությունից: Իսկ Իսրայելը ոչ միայն կարևորեց իր քաղաքացու, իր զինվորի կյանքը՝ պատրաստ լինելով դրա համար վճարել հազարապատիկ, այլև անհավասար այս փոխանակումով հազարապատիկ բարոյական լիցք տվեց իր քաղաքացիներին ու զինվորներին:

Որքան էլ մենք գովեստի խոսքեր ենք ուղղում մեր բանակի, մեր զինվորների հասցեին, ամեն դեպքում, կա մի մեծ անհանգստություն, որն ամենևին պայմանավորված չէ հակառակորդի մարտունակությամբ: Դա հասկանալի, գիտակցված վտանգ է, որին պատրաստ ենք դիմակայել: Վտանգը մեր քաղաքական ղեկավարության պարզունակությունն է բոլոր հարցերում: Փողի, շատ փողի ետևից ընկած՝ բոլոր ոլորտներում ծաղկող կոռուպցիան, անարդարության մթնոլորտը թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին շունչ քաշել:

Կարող եք չհամաձայնել, սակայն ապրում ենք կենդանու կյանքով. լուծում ենք օրվա հացի, չմրսելու խնդիրը: Ապագային ուղղված ծրագրեր, երկրի հեռանկարին առնչվող գաղափարներ իրականացնելու մթնոլորտ չկա: Մտովի արտագաղթած վիճակում ենք: Նույն երկրի քաղաքացիներին արտոնյալների ու ամեն զանցանքի համար պատժվող քաղաքացիների բաժանումը ներքին տագնապի, անպաշտպանության զգացողություն է առաջացնում:

Նոյեմբերի 4-ին լրագրող ընկերուհուս հետ կանգնած էինք Տերյան-Թումանյան փողոցի խաչմերուկում (ժամը 16-ի մատույցներում), երբ երկրի բարձրաստիճան ղեկավարներից մեկի բարձրաստիճան տիկնոջը սպասարկող մեքենան կանգնեց Տերյան փողոցի ամենաբանուկ մասում: Ավելորդ է ասել, որ այդտեղ մեքենա կայանել թույլ չի տրվում: Տիկինը մտավ մայթեզրի շքեղ խանութ ու դեռ 40 րոպե, մինչ զրուցում էինք, դուրս չէր եկել խանութից: Եթե դա աներ որևէ այլ վարորդ, անմիջապես կտուգանվեր:

Ի՞նչ կապ ունի ամենակարող ամուսնու ամենակարող տիկինը խոցված օդանավի, մեր օդաչուների մարմինների վերադարձի հետ: Առաջին հայացքից՝ ոչ մի ուղղակի կապ: Պարզապես տիկնոջ ամուսնուն ու մյուս բարձրաստիճան իշխանավորներին է վերապահված լուծել մեր երկրի անվտանգության, միջազգային հարաբերություններում երկիրը ներկայացնելու, օդաչուների մարմինները վտանգավոր գոտուց պատվով դուրս բերելու հնարավորությունը: Իսկ այդտեղ փող աշխատելու ճարպկությունը, սեփական հասարակությանն անընդհատ մոլորված պահելու կարողությունը, պարզվում է, պետք չեն գալիս: Այդտեղ անհրաժեշտ են իմաստություն, միջազգային հեղինակություն, արագ ու դիպուկ որոշումներ ընդունելու կարողություն: Իսկ որտեղի՞ց գտնենք այդ հատկանիշներով ղեկավարներ:

Հետևաբար, մեր երկրում մարդը գնահատված չէ: Զոհված մարդու կորուստը, լավագույն դեպքում, «ցավալի դեպք» է: Իսկ խոշոր իմաստով՝ պարզապես «դեպք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս